Մեկնաբանություն

19.04.2016 00:05


Սերժ Սարգսյանը բացահայտեց իր «արդիական զինատեսակներին»

Սերժ Սարգսյանը բացահայտեց իր «արդիական զինատեսակներին»

Ապրիլյան առաջին կրակոտ շաբաթը սկսվեց «Առաջնագիծ-շոու»-ով, երբ իշխանությունը Արցախ նետեց «աստղային սմերչների ու տանկերի» բատալյոնը, որի անդամները մի լավ սելֆիախեղդ արեցին հայ ժողովրդին: Չհաշված Մանվելի 10–հազարանոց զորքը (անհեթեթությունն ուր կարող է հասնել. փաստորեն, «Բաքուն գրավող» ամեն դեպուտատ սեփական զորքն ունի): Սրանք էին մեր «արդիական» զենքերը:

Հետո Սերժ Սարգսյանը գործի դրեց «ներազգային համախմբման» ռմբահարիչը ու «մահացու խոցումով ոչնչացրեց» թշնամուն: Հիմա էլ նույն՝ ՀՀԿ ղեկավարի ցուցումով մեկնարկել է «Հրաժարական-շոու» նախագիծը:

Միհրան Պողոսյանից հետո, հավանաբար, Սարգսյանն էլի մի քանիսին «կզոհաբերի»՝ հանրությանը բացահայտորեն ապուշացնելու «ազգային շահերով» պայմանավորված:

Իսկ ո՞վ է Սերժ Սարգսյանից հաշիվ պահանջելու եւ հարցնելու՝ երբ քիրվայությամբ էիք զբաղված, հայոց բանակի վիճակի մասին չէիք մտածո՞ւմ:

Երբ 2013-ին, ձեր՝ տոկոսխփոցիով վերընտրության ինագուրացիայի վրա մսխում էիք 25 միլիոն դոլար, հայոց բանակի վերազինման, այն 21-րդ դարի զենք-զինամթերքով ապահովելու մասին չէիք մտածո՞ւմ:

Երբ ձեր ժողովրդական բանահյուսության հերոս դարձած արյունակիցը 50 տոկոս փայ էր մտնում (այդ կերպ երկրից խռիկ տալով օտարերկրյա ներդրողներին)՝ այդ ընթացքում չէիք մտածո՞ւմ, որ սա ճանապարհ չէ ու երկրի անվտանգությունը խարխլող գործելակերպ է:

Երբ ձեր սիրելի «օֆշորի Տիկոյի» կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության հետեւանքով հայրենիքը լքեց 300 հազար մարդ, այդ ժամանակ չէիք մտածո՞ւմ հայոց բանակի թիկունքը ամուր պահելու մասին:

Երբ ՀՀԿ երիտթեւում դասալիքների հսկայական բանակ էիք ձեւավորում, այդ ժամանակ չէիք մտածո՞ւմ, որ հայոց բանակը միայն չքավորների հավաքատեղի չէ, այլ հայրենիքի առջեւ պարտքը կատարողների շարքում արտոնյալների հանգամանքը պետք է բացառել:

Երբ 3,5 տարի դեպի Եվրամիություն էիք արշավում՝ այդ նպատակի համար մսխելով միլիոններ, այդ ժամանակ չէիք մտածո՞ւմ, որ պետք է վարել հավասարակշիռ արտաքին քաղաքականություն եւ անիմաստ փողեր չմսխել սեփական «նախաձեռնողականության» վրա:

Վերջապես, երբ պարծենկոտության ինքնաբուխ ցույց էիք անում՝ հայտարարելով, թե Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը դուք եք լինելու, այդ ժամանակ չէիք մտածո՞ւմ, որ հայոց բանակին անօդաչու սարքերի հսկայական քանակ է պետք եւ իսրայելցի մասնագետներ:

Հարցադրումների շարքը կարելի է անվերջ թվարկել: Բայց իմաստ չունի, քանի որ պատասխան չենք լսելու:

Հայ զինվորի ոգին, անշուշտ, հզոր է, բայց այդ ոգու պաշարն առանց զենքի այնքան չի կարող բավարարել, որ մոտ 100 նահատակ չունենանք: Այնպես որ, «Հրաժարական-շոուն» ձեզ չի ազատում պատասխանատվությունից:

Հանրության սրտին հերթական անգամ հրաժարականների շքերթով «յուղ քսել» չի հաջողվի, երբ պարզից էլ պարզ է, որ նույն հանրությունն ընդամենը մեկի հրաժարականն է ուզում, այն էլ ձեզ ավելի քան հայտնի է՝ ում հրաժարականը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը