Լրահոս

04.12.2009 12:33


Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կոչը լրագրողներին

Մի քանի օրից լրանում է 1988 թվի Սպիտակի երկրաշարժի 21-րդ տարելիցը: Ենթադրվում է, որ բազմաթիվ պաշտոնյաներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ են այցելելու Աղետի գոտի եւ տեղի պաշտոնյաների հետ հիշելու են աղետը, զոհերին եւ անօթեւաններին:

Հաշվի առնելով անցած տարիներին այդ այցելությունների, հանդիպումների եւ ելույթների լուսաբանումների դիտարկումները, բազմաթիվ նախկին եւ ներկա պաշտոնյաների խոստումները, ելույթները, աղետյալների վիճակի շահարկումները, ԶԼՄ-ների վարած եւ չվարած լրատվական քաղաքականությունները ու մի շարք լրագրողների լուսաբանումների որակը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը լրագրողների և խմբագիրների ուշադրությունը հրավիրում է հետեւյալ հանգամանքների վրա.

1.      Երկրաշարժից արդեն 21 տարի անց աղետի գոտին դեռ չի վերականգնել. միայն Գյումրիում երկրաշարժից անօթեւան են եւ տնակներում են ապրում ավելի քան 4.100 (չորս հազար հարյուր) ընտանիք, իսկ այլ անօթեւան (աճած եւ կիսված ընտանիքներ, ներգաղթյալներ, սոցիալական  պատճառներով բնակարանները օտարած եւ տնակներում կացարան գտած ընտանիքներ եւ այլն) ընտանիքների թիվը 3.500-ից (երեք հազար հինգ հարյուր) ավելի է: Գործազրկությունը եւ տնտեսական անկումը Շիրակի եւ Լոռու մարզերում ահռելի չափեր ունեն: Այսպիսի տարածքը Զարգացման գոտի կոչելը նենգափոխում է իրադրությունը:

2.      Այս տարեսկզբին գյումրեցիներին պետական բարձր մակարդակներով խոստացվել է, որ մինչեւ տարեվերջ Գյումրիում շահագործման կհանձնվի 1320 (հազար երեք հարյուր քսան) նոր բնակարան. անօթեւաններից 1320 ընտանիք հույս ունեն մինչեւ տարեվերջ տնակներից տեղափոխվել քարաշեն բնակարաններ: Շինարարության հիմնական կապալառուն ,Գլենդել Հիլզե ընկերությունը այս աշխատանքների համար պետությունից եւ Գյումրի համայնքից ստացել է բացարձակապես այն ամենը, ինչ կամեցել է այդ գործը գլուխ բերելու համար. շինարարական հրապարակ, բյուջետային միջոցներ, պետական երաշխիքներ, անգամ Ռուսաստանի դաշնությունից ստացված 500 մլն դոլարի վարկից մասնաբաժին, ֆինանսական միջոցների խնայման համար բնակարանների գնման վկայագրերի բաշխման կասեցում Գյումրիում եւ այլն: Չնայած այդ նախադրյալներին, դեկտեմբերի 4-ի դրությամբ Գյումրու Մուշ-2 թաղամասի շինարարական հրապարակում աշխատանքները, տարբեր գնահատականներով, կատարված են 40-60 տոկոսի չափով. թեպետ կանգուն են մոտ 20 քառահարկ շենք, ինչը լավագույն դեպքում կարող է 600-700 բնակարան կազմել, դրանց կեսի կտուրները դեռ չկան, պատերն ու ծածկերն են միայն, դրանք դեռեւս ներքին հարդարում չունեն, բակերն ու բակային ճանապարհները դեռեւս չկան որպես այդպիսիք, դրանք շինհրապարակներ են դեռ, եւ 5-6 շենք է, որ դուռ եւ պատուհան են կրում: Հաշվի առնելով Շիրակի դաշտի բնակլիմայական պայմանները, մինչեւ տարեվերջ կարող են ավարտուն տեսք ստանալ խոստացված բնակարաններից հազիվ 250-ը:

3.      Հիշեցնելով, որ Աղետի գոտին մինչեւ 2001-ը, ապա մինչեւ 2002-ը, ապա մինչեւ 2003-ը վերականգնելու մասին Ռ.Քոչարյանը եւ ՀՀ Կառավարությունը խոստումներ են տվել հանրությանը և ապշեցուցիչ հետեւողականությամբ դրժել են դրանք, այժմյան իշխանությունները ահռելի պատասխանատվություն են կրում խոստացվածի եւ չարվածի հսկա տարբերության առկա պարագայում. իշխանությունները պարտավոր են հանրությանն ու անօթեւաններին բացատրություններն տալ այս տարվա բնակարանաշինական ձախողման համար:

Այսով Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դիմում է դեկտեմբերի 7-ի ,միջոցառումներըե լուսաբանող լրագրողներին, խնդրում է խորությամբ վերլուծել աղետյալներին խոստացվածը, ներդրված միջոցները, կատարված աշխատանքները եւ ստացված արդյունքը, առաջնորդվելով միմիայն հանրային շահի' այս դեպքում աղետյալների շահերի գերադասմամբ: Հարգելի լրագրողներ, խնդրում ենք արդեն 21 տարի է չարչարկվող անօթեւանության խնդրի լուսաբանումներում առավել  իրատես լինել, քան լավատես, իմանալ եւ չմոռանալ, որ Դեկտեմբերի 7-ը հուշարձաններին ծաղկեպսակներ դնելու ու պաշտոնյաների հիշողությունների պլանային արթնացման օր լինելուց առաջ աղետյալ եւ զուրկ  անօթեւանների օրն է, ներհայեցման, սեւեռման եւ տքնանքի օր:    

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Գյումրում եւ մարզում այս օրերին աշխատող լրագրողներին եւ ԶԼՄ այլ մասնագետներին առաջարկում է անհատույց եւ անսահմանափակ օգտագործել իր բազային հնարավորությունները. ակումբի աշխատասենյակները, ինտերնետային եւ հեռախոսային կապը, քարտեզները, համակարգիչները եւ այլ տեխնիկան:

Այս խորագրի վերջին նյութերը