Կարծիք

09.02.2011 10:50


Սփյուռքը ներկայացված կլինի Հայաստանի Սենատում. բազմաթիվ հարցեր, սակավաթիվ պատասխաններ

Սփյուռքը ներկայացված կլինի Հայաստանի Սենատում. բազմաթիվ հարցեր, սակավաթիվ պատասխաններ

Սույն թվականի հունվարի 30-ին Լոս Անջելեսում Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի արած հայտարարության համաձայն' Հայաստանի Հանրապետությունը մտադիր է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, մի նոր օրենսդրական վերին պալատ' Սենատ ստեղծելու համար, որն իր մեջ ընդգրկելու է Սփյուռքի ներկայացուցիչներին:

Այս լուրը կայծակի արագությամբ տարածվեց ամբողջ Հայկական աշխարհում, իսկ արձագանքը միանշանակ չէր: Իշխանամետ շրջանակները մեծ ոգևորությամբ ողջունեցին այս առաջարկը, մինչդեռ ընդդիմադիրները խստորեն քննադատեցին: Ըստ իս, թե' գովասանքը, և թե' քննադատությունը վաղաժամ էին, քանի որ Նախարարի հայտարարությունը միայն որոշ մանրամասներ էր պարունակում առաջարկվող Սենատի մասին:

Հետաքրքիր է, որ չնայած նախագահ Սարգսյանի' Սենատ ստեղծելու մտադրության մասին նախարար Հակոբյանի հայտարարությանը, Նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը նախազգուշացրեց, որ սա բազմաթիվ առաջարկներից մեկն է, և որը լուրջ քննարկման կարիք ունի: Նա հավելեց, որ Սահմանադրության փոփոխությունը բարդ և երկարատև ընթացակարգ է: Մեկ շաբաթ անց, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ավելի նսեմացրեց Սփյուռքի նախարարի հայտարարությունը, նշելով, որ այն չի քննարկվի մինչև հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ավարտը' կապված օրենսդիր մարմնի հագեցած օրակարգի հետ:

Այս նախնական փուլում կարելի է միայն հարցեր տալ' ելնելով Սփյուռքի նախարարի պնդումներից, որ նախքան առաջարկվող Սենատի կառուցվածքի և պարտավորությունների վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, լայն խորհրդակցություններ են ծավալվելու Հայաստանում և Սփյուռքում:

Ահա մի շարք հարցեր, որոնք պետք է հաշվի առնվեն անհատների, կազմակերպությունների և կառավարության պաշտոնյաների կողմից, նախքան ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն ու Սենատ ստեղծելը.

  • Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գոհ կլինեն իրենց օրենսդիր մարմնում Սփյուռքի հայերի ներկայությունից, թե՞ կդիտեն որպես օտարերկրյա քաղաքացիներ, չնայած նրանց հայ լինելուն, որոնք միջամտում են իրենց ներքին գործերին:
  • Արդյո՞ք Հայաստանի կառավարության կողմից Սփյուռքի ընտրված ներկայացուցիչների ընդգրկումը Սենատում չի դիտվի որպես Սփյուռքի վրա Հայաստանի իշխանությունների անհարկի ազդեցության փորձ:
  • Ինչո՞ւ չի կարելի Սփյուռքի հայերին ընդգրկվել գոյություն ունեցող Խորհրդարանում' Սենատ ստեղծելու փոխարեն:
  • Ինչպիսի՞ն կլինի Սենատի օրենսդրական լիազորությունը, և այն ինչո՞վ կտարբերվի գործող Խորհրդարանից:
  • Քանի որ հայերի մեծամասնությունը բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս, արդյո՞ք առաջարկվող Սենատը բաղկացած կլինի ավելի շատ Սփյուռքի ներկայացուցիչներից, քան հայաստանցիներից:
  • Ինչպե՞ս են ընտրվելու սենատորները: Արդյո՞ք նրանք ընտրվելու են հասարակության, թե՞ նշանակվելու են Կառավարության կամ խոշոր կազմակերպությունների կողմից: Եթե՞ նրանք ընտրվելու են, ապա ինչպիսի՞ն է լինելու ընտրողների և թեկնածուների ընտրական արարողակարգը, ո՞վ է սահմանելու չափանիշները, և ո՞վ է կազմակերպելու ընտրությունները:
  • Այն դեպքում, երբ որոշվի, որ սենատորները պետք է ընտրվեն, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն ազատ և արդար ընտրությունների անցկացումն ապահովելու համար:
  • Արդյո՞ք կարող են Սփյուռքի սենատորները պահպանել իրենց ներկա քաղաքացիությունը, ընդունել երկքաղաքացիություն, թե՞ ստիպված են հրաժարվել օտարերկրյա քաղաքացիությունից:
  • Արդյո՞ք Սփյուռքի անդամները պարտավոր են տեղափոխվել Հայաստան' մշտական նստաշրջաններին մասնակցելու համար, թե՞ նրանք պետք է Հայաստան գան կարճ ժամանակահատվածների համար' մասնակցելու միայն համահայկական հարցերին նվիրված ժողովներին:
  • Կա՞ն արդյոք ծրագրեր' համեմատական ուսումնասիրություն կատարելու օտար երկրների օրենսդիր մարմինների մեջ այլ ժողովուրդների սփյուռքների ներկայացուցիչների մասնակցության մասին:
  • Արդյո՞ք Սփյուռքի անկախությունն ու Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու համար ավելի նպատակահարմար չէր լինի ստեղծել Սփյուռքի առանձին կառույց, ինչպես ես առաջարկել էի անցյալ տարվա նոյեմբերին, Հարավային Կալիֆորնիայում կայացած համաժողովի ժամանակ: Ամբողջ աշխարհի հայկական համայնքները կընտրեին իրենց ներկայացուցիչներին համահայկական կառույցում, որն էլ հետագայում պատվիրակներ կընտրեր իր շարքերից' Հայաստանի օրենսդիր մարմնի աշխատանքներին մասնակցելու համար:
  • Արդյո՞ք զուտ պատահականություն էր, որ ՀՅԴ առաջնորդները Սենատ ստեղծելու գաղափարը, որը պետք է ընդգրկի Սփյուռքի ներկայացուցիչներին, հրապարակայնորեն քննարկեցին Սփյուռքի նախարարի վերջին հայտարարությունից շատ ավելի վաղ: Հետաքրքիր է, որ ՀՅԴ-ն անմիջապես իր աջակցությունը հայտնեց այս նախաձեռնությանը, մինչդեռ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ արտահայտվեց դրան, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը սույն առաջարկն անվանեց «անհեթեթություն»:

Ուրախ ենք, որ Հայաստանի կառավարությունը վերջիվերջո ընդունեց, որ անհրաժեշտ է Սփյուռքի հայերին ընդգրկել համահայկական որոշումներ կայացնելու գործընթացներում և կառույցներում: Սակայն, նախքան վճիռ կայացնելը, խելամիտ կլինի սպասել և տեսնել, թե Հայաստանի ղեկավարները կոնկրետ ինչ մտադրություն ունեն' Սփյուռքի ներկայացուցչությունն առաջարկելով նոր Սենատում: Վերջնական որոշումը պետք է բացառապես հիմնված լինի այն բանի վրա, թե արդյոք այս կամ որևէ այլ միջոցառում բխում է հայերի շահերից, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմ.' Ռ.Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը