Մեկնաբանություն

26.04.2016 00:25


Սերժ Սարգսյանի ինքնախոստովանական հարցազրույցը

Սերժ Սարգսյանի ինքնախոստովանական հարցազրույցը

Սերժ Սարգսյանի՝ «Բլումբերգին» տված հարցազրույցը յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք էր։

Դրվագ 1–ին

Այն, ինչ բազմիցս գրվել է մեր կողմից և հերքվել իշխանական տարբեր օղակների կողմից, հաստատեց ՀՀԿ ղեկավարը։ Նա ասաց, որ 2011–ին ինքը պատրաստ է եղել Ադրբեջանի հինգ տարածքներից հայկական ուժերի դուրսբերմանն ու խաղաղապահների տեղակայմանը:

«Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները կոչ էին անում երկու առաջնորդներին կարգավորել հակամարտությունը՝ ստորագրելով համաձայնագիր, սակայն «Ալիևը հրաժարվել է»»,- ասվում է «Բլումբերգի» ռեպորտաժում:

Սարգսյանը նշել է նաև, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը հողերը զիջելուց հետո կմնար բանակցությունների առարկա։

Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ ու ԼՂՀ անվտանգության երաշխավորն իր ագահության ու հիմարության պատճառով դարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Եթե նա համաձայներ կազանյան փաստաթղթին, ապա այսօր Ղարաբաղի ամբողջ ժողովուրդը կհայտնվեր Թալիշի բնակչության վիճակում, երբ հնարավոր չէ ապրել, քանզի գրաված դիրքից ադրբեջանցիներն ամեն օր կրակում են։ Հարվածի տակ կընկներ նաև ՀՀ անվտանգությունը։ Ահա թե ուր է հասած եղել իր «նախաձեռնողականությամբ» ՀՀԿ ղեկավարը և ուր բերեց մեզ հիմա։

Փաստորեն, Սերժ Սարգսյանը խոստովանում է, թե ինչու քայլեր չի ձեռնարկել Ղարաբաղի սահմանների պաշտպանության ամրապնդման, զինատեսակների արդիականացման և զինվորների անվտանգության ապահովման համար։ Մարդը մտածել է, որ, միևնույն է, հանձնելու է տարածքները, հետևաբար այդ ուղղությամբ փող ծախսելու իմաստ չի տեսել։ Նկատենք, որ սա հանցավոր անգործություն է։ Անգործություն, որի հետևանքով եղան զոհեր, վիրավորներ ու կորցրած տարածքներ։

Մեր տասնյակ զոհերն ու վիրավորներն իրենց մարմնով փակեցին այն հզոր անցքերը, որոնք բացվել էին մեր պաշտպանական համակարգում Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականության և հանձնողական դիրքորոշման արդյունքում։ Մերոնք իրենց կյանքի գնով թույլ չտվեցին հանձնել տարածքները, որից հետո Ղարաբաղի ու Հայաստանի գոյությունը հարցականի տակ կհայտնվեր։

Այդ հիմա է Սարգսյանը «ասլան կտրել» ու օտար լսարանին ներկայացել, որ 90-ականների ղարաբաղյան հրամանատար։ Իրականում նա զորքերի հրամանատար չի եղել, այլ այդ ժամանակահատվածում զբաղվել է մատակարարման խիստ եկամտաբեր գործով (կապիտալի նախնական կուտակում), իսկ 1993–ից մինչև պատերազմի ավարտը Ղարաբաղում չի եղել ու կապ չի ունեցել այն հողերի ազատագրման օպերացիաների հետ, որոնք այդպես հեշտությամբ Կազանում պատրաստ է եղել հանձնել։

Ի դեպ, պատերազմի տարիներին (1994թ., փետրվար) Սարգսյանը՝ որպես ՀՀ պաշտպանության նախարար, ստորագրել է Քելբաջարը և նախկին ԼՂԻՄ կազմի մեջ մտնող որոշ տարածքները Ադրբեջանին հանձնելու փաստաթուղթը։ Դա այն փուլում էր, երբ հայկական կողմից ադրբեջանցիները հետ էին վերցրել այդ հատվածները։ Ստեփանակերտը դեմ էր Քելբաջարը, ինչպես նաև ԼՂԻՄ տարածքներն Ադրբեջանի կազմում ներառող համաձայնագրին և ամեն ինչ արեց դրա վիժեցման համար։ Մեր զորքերը պարզապես հետ վերցրեցին Քելբաջարը, ազատագրեցին ԼՂԻՄ տարածքները, ու այդ փաստաթուղթը կորցրեց իր իմաստը, և դրանից հետո 1994թ. մայիսին արդեն նոր ստատուս քվոյի համաձայնեց Ադրբեջանը։ Բնականաբար, համակերպվելով Քելբաջարի ու մյուս տարածքների` ԼՂՀ վերահսկողության տակ լինելու փաստի հետ (անհրաժեշտության դեպքում կհրապարակենք այդ հակապետական փաստաթուղը, որի նախագծին, Լևոն Տեր–Պետրոսյանի ղեկավարությամբ, համաձայնել էր Սերժ Սարգսյանը և մեկնել Մոսկվա՝ ադրբեջանցի իր կոլեգայի հետ ստորագրելու)։

Դրվագ 2–րդ

Սերժ Սարգսյանը «Բլումբերգի» հետ զրույցում այնպիսի հանգստությամբ է խոսում Ղարաբաղի տարածքները հանձնելու պատրաստակամության մասին, կարծես Ղարաբաղի ժողովուրդն ու սահմանը պահողները զրո են։

Նա այդպիսով ընդունել է, որ միայնակ է որոշում Ղարաբաղի ճակատագիրը։ Եվ սա այն դեպքում, երբ սերժական քարոզչամեքենան առավոտից երեկո խոսում է այն մասին, թե, իբր, այս իշխանություններն ուզում են բանակցությունների սուբյեկտ դարձնել ԼՂՀ–ին։

Հարց է առաջանում՝ ո՞վ է Սարգսյանը, որ խոսի ԼՂՀ սահմանադրորեն ամրագրված տարածքները հանձնելու մասին։

Ղարաբաղն իրավաբանորեն և իր մտքում Հայաստանի մաս չհամարող «Վերջի բոլշևիկն» ի՞նչ իրավունք ունի խոսել Ղարաբաղի տարածքները հանձնելու մասին ու դեռ մի բան էլ «մուննաթ գալ», թե բա՝ ես տալիս էի, Ալիևը չվերցրեց։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սերժ Սարգսյանն իր վարքագծով հնարավորություն է տվել թշնամուն լկտիանալ, հայկական կողմի զիջողականությունը գնահատել որպես թուլության նշան ու պատրաստվել հարձակման։

2011–ին Սարգսյանը պատրաստ է եղել հանձնել, սակայն Ալիևը պահանջել է ավելին և դեմ է եղել խաղաղապահներին։ Այդպիսով բանակցությունները գործնականում ընդհատվել են։

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո։ 2011–ից սկսած՝ Ալիևը պատրաստվել է պատերազմի, իսկ Սարգսյանը՝ ընտրակեղծիքների։ Ալիևը գնել է զենքեր, Սարգսյանն՝ արագաչափեր ու տեսանկարահանող սարքեր։ Ալիևը արդիականացրել է բանակը, Սարգսյանը զինվել է ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիաներով ու անտերության մատնել բանակը։ Ալիևը նախապատրաստվել է գրոհի, Սարգսյանը մտածել է Սահմանադրությունը փոխելու միջոցով վերարտադրության մասին (դա է պատճառը, որ սահմանի վրա ավելի քիչ զինվոր կա, քան Երևանի կենտրոնում հանրահավաք ցրող ոստիկան)։

Եթե 2011–ի ընդհատված բանակցություններից հետո Սարգսյանը չի հասկացել, որ Ալիևը բանակցությունների միջոցով ամբողջը չստանալուց հետո պատրաստվելու է դա անել պատերազմի միջոցով, ապա նա կոմպետենտ չէ որպես գերագույն գլխավոր հրամանատար։

Իսկ եթե Սարգսյանը Կազանից հետո հասկացել է, որ Ալիևը պատերազմի է պատրաստվում, բայց մատը մատին չի տվել ու դեռ մի բան էլ չի լսել սպասվող պատերազմին վերաբերող ահազանգը, ապա դա պետական դավաճանությանը համարժեք վարքագիծ է։

Խաղաղապահների մուտքին համաձայնելով՝ Սարգսյանը, թերևս, կարծել է, որ կարելի է այդպիսով մեր երկրի անվտանգության հարցը բարդել երրորդ՝ դրսի ուժի վրա։ Հենց այդ մտածողությունն է եղել պատճառը, որ մեր բանակը մնացել է 80–ականների զենքով։

«Ես պատրաստվում եմ տարածքները հանձնել և կողմ արտահայտվել խաղաղապահներին, հետևաբար, բանակի վրա փող ծախսելու փոխարեն, այդ գումարները ուրիշ տեղ կօգտագործեմ»։–Այսպես է մտածել Սերժ Սարգսյանը և ադրբեջանական զինված բանակի դեմ մեն–մենակ թողել մեր զինվորին ու սպային։ Հենց այս մտածողությունն է պատճառը, որ նա բանակի սպառազինության հարցը գցել է ականջի հետև։

Պարզ է, որ եթե հին բնակարանդ որոշել ես ցանկացած գնով վաճառել, ապա վերանորոգման ծախսեր չես անի։ Մեր բանակին հենց այդ կոդի շրջանակներում է վերաբերվել Սարգսյանը, և հենց այդ պատճառով էլ մենք զոհեր, վիրավորներ ու տարածքային կորուստներ ունեցանք։

Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող մարդը չի կատարել իր ֆունկցիան։ Սա փաստ է։

Սարգսյանը շատ լավ գիտի, թե ինչ է արել ու ինչ չի արել։ Ու որպեսզի այս ամենը լղոզվի, իր դիշովկեքին մեյդան է հանել ու նրանց շուրթերով պահանջում է Սեյրան Օհանյանի և մյուսների հրաժարականը, ինչպես նաև հնգական միլիոն փող է ուզում հավաքել իր «յուրայիններից» այն դեպքում, երբ իր նախագահության տարիներին միլիարդավոր դոլարների վարկեր են մսխվել։

Դրվագ 3–րդ

«Բլումբերգին» որպես պատերազմի տարիների հրամանատար ներկայացած Սերժ Սարգսյանը պաշտոնապես ընդունել է, որ հայկական կողմը տարածքներ է կորցրել։

Ճիշտ է, նա անկեղծորեն չի խոստովանել, որ, օրինակ, Ղարաբաղի հյուսիսարևելյան հատվածում թշնամին խորացել է մինչև 8 կիլոմետր և 7 կիլոմետր երկարությամբ վերահսկում է այն ճակատը, որը նախկինում մերոնք էին վերահսկում։ Նաև չի ասել, որ հարավարևելյան ուղղությամբ էլ է կարևոր դիրք հանձնվել։ Բայց էականը տվյալ դեպքում դա չէ։

Էականն այն է, որ նա խոստովանում է, որ տարածքներ է հանձնել, որ դրանք, իբր, ռազմավարական նշանակություն չունեն (իրականում ունեն. Մատաղիսի ու Թալիշի ուղղությամբ մեր գրեթե ամենօրյա զոհերը հենց այդ դիրքերի հանձնման պատճառով են, քանզի վերևից մերոնք խոցելի են դարձել), և որ ինքը չի ուզում այդ փոքր դիրքերը հետ վերցնել, որպեսզի նոր զոհեր չլինեն։

Բա քանի կար՝ տարիներ շարունակ հայտարարում էիք, թե 90–ականների «Ռեմբոն» Սերժ Սարգսյանն է եղել, հրեղեն ձիու վրա նստած՝ տարածքներ է ազատագրել։ Բա եթե ազատագրող էր, հիմա ադրբեջանցին եկել նստել է Թալիշի ու Մատաղիսի գլխին, ինչո՞ւ եք հյուրընկալ դարձել ու համեստորեն համակերվել անկոչ հյուրերի հետ։

Թե՞ տարածք հանձնելը շատ ավելի դյուրին գործ է։

Մի խոսքով, դրվագները շատ են, իսկ ինքնախոստովանողը՝ մեկը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Սարգսյանն իր հարցազրույցում հայտարարել է, որ բանակցությունները Ադրբեջանի հետ գոնե տեսանելի ապագայում անիմաստ են առանց անվտանգության երաշխիքների։

Բա հիմա Լևոն Տեր–Պետրոսյանն ի՞նչ է անելու։ Հայտարարելու է, որ Սերժի շուրջ համախմբման սեզոնը համարում է փակված, քանզի ՀՀԿ ղեկավարը հրաժարվո՞ւմ է հողերը հանձնելու շուրջ բանակցություններից։ Շատ մազալու բան կստացվի։

Իսկ եթե առաջին նախագահը դեռ հույս ունի, որ շուտափույթ բանակցություններ են լինելու, ու դեռ պետք է ուժեղացնել Սարգսյանին, ապա Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության հայտարարությունն այն մասին, որ իշխանության հետ չկա կոնսենսուս, արդյոք չի՞ թուլացնում Սերժ Սարգսյանի դիրքերը բանակցային գործընթացում, և այդպիսով ջուր չի՞ լցվի արդյոք Ադրբեջանի ջրաղացին։

Հ.Գ.–2։ Եթե Սերժ Սարգսյանի մոտ հիմա «հայրենասիրության» փուլ է, ապա Լևոն Տեր–Պետրոսյանը Բակո Սահակյանի հետ հանդիպում է, որ ի՞նչ անի։

Հ.Գ.–3։ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը մի խուճուճ ձևակերպում էր տվել, թե, իբր, ընդամենը երեք տարով է իշխանություն ուզում։ Անդրադառնալով այդ թեմային՝ Սերժ Սարգսյանը նշել էր, թե Լևոնը ուզում է երեք տարով իշխանության գալ, քանզի պատրաստվում է այդքան ժամանակում ծախել Ղարաբաղը։

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք։ Սարգսյանն իր այդ խոսքերից երեք տարի անց Կազանում համաձայնել է հինգ շրջան հանձնել Ադրբեջանին, քաղաքական ժարգոնով ասած՝ ծախել, իսկ Ղարաբաղի կարգավիճակն էլ «է՛շ, մի սատկի, գարուն կգա» տարբերակով թողնել հետագա բանակցություններին։

Ասել է թե՝ Կազանում Սերժ Սարգսյանը վերադարձել է Տեր–Պետրոսյանի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակին։ Դա է պատճառը, որ հիմա էս երկուսը հանդիպեցին։ Տեսակետների ընդհանրությունը մոտեցնում է մարդկանց։

Այս խորագրի վերջին նյութերը