Լրահոս

04.12.2009 15:31


Համլետ Հովսեփյան. «Մենք էլ պետք է կոշտացնենք մեր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում»

Համլետ Հովսեփյան. «Մենք էլ պետք է կոշտացնենք մեր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում»

-Ղարաբաղի խնդիրը մոտ ապագայում դժվար թե լուծում գտնի։ Պետք է դիտենք խրոնիկան ու հիշենք Ալիևի ռազմատենչ հայտարարությունը։ Կարծում եմ՝ մենք էլ պետք է կոշտացնենք մե՛ր դիրքորոշումը։ Երբ Ադրբեջանը փորձում է կոշտ դիրքերից խոսել՝ պատերազմ և այլն, պետք է ասել նրան, որ այն ժամանակ էլ էր ասում, թե  ոտքերը Սևանում կլվանա։ Լվացի՞ն... Ուզում եմ ասել, որ հարկավոր է մի քիչ էլ կոշտությամբ պատասխանել, որ իրենց տեղը ճանաչեն,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ ասել է «Ազատամարտի վետերանների միության» նախագահ Համլետ Հովսեփյանը։

Նա նշել է, որ իրենք զիջումների կողմնակից չեն։

-Մենք ասում ենք, որ Ղարաբաղը պետք է ճանաչվի անկախ պետություն։ Պետք է բացառել Քելբաջարը, Լաչինը. չի կարելի դրանց մասին բանակցել,-նշել է նա։

«7օր»-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ ըստ շրջանակային պայմանագրի՝ կողմերը քննարկում են սկզբում 5, հետո՝ 2 շրջանների հանձնումը, նա պատասխանել է, թե շատ վատ է վերաբերվում դրան։

-Մենք համաձայն չենք, որ որևէ շրջան հանձնվի։ Բանակցությունները թող ընթանան, բայց դրանք բերվելո՞ւ են շրջանակային համաձայնագրի տեսքի, Ղարաբաղը մասնակցելո՞ւ է դրան, եթե Ղարաբաղը չի համաձայնվում,այդ ո՞վ պիտի համաձայնվի,-ասել է Համլետ Հովսեփյանը։

Այն հարցին, թե կստորագրվի՞ շրջանակային համաձայնագիրը, նա պատասխանել է՝ ոչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը