Մեկնաբանություն

28.04.2016 01:10


«Համախմբումն» իր դեմ է համախմբել մուտիլովշիկներին

«Համախմբումն» իր դեմ է համախմբել մուտիլովշիկներին

Քանի դեռ «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամները չէին հայտարարել նոր կուսակցություն ստեղծելու մասին, փտած քաղդաշտի, իրենց արդեն «ցմահ իշխող» երեւակայող, աննշան ու «նշանավոր» դեմքերը եւ Բաղրամյան 26-ին սպասարկող լրատվամիջոցները ամեն օր Օսկանյանից հետաքրքրվում էին՝ «Բա ե՞րբ եք հայտարարելու կուսակցություն ստեղծելու մասին»: Միաժամանակ, իրենց թերթերի ու կայքերի էջերում զբաղվում էին «գուշակություններով», աննշան ու «նշանավոր» սուբյեկտներին էին «խոսեցնում» դեռ չստեղծված նոր ուժի մասին:

Մի խոսքով, ահագին դարդլամիշ էին լինում, դիմում էին էքստրասենսների ու «կարտ նայող» բախտագուշակների օգնությանը, որպեսզի պարզեն նոր կուսակցության անունը, թիմի անդամների կազմը կամ քաղդաշտում նրա հնարավոր տեղն ու դերը:

Հիմա, երբ նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ եւ նշել, որ չի պատրաստվում շարքային ուժի դերում լինել, այլ առանցքային տեղ է գրավելու քաղաքական համակարգում, նույն մուտիլովշիկները, աննշան ու «նշանավոր» գործիչները այնպիսի մաղձոտ ճիչեր են արձակում, որ թվում է, թե խոսում են թշնամական «դիվերսիայի» մասին:

Սրանք, որ քառօրյա պատերազմի օրերին եւ դրանից հետո վախից կուչ էին եկել ու ծպտուն չէին հանում, «աջը քաշած՝ տապ էին մտել», հիմա այնպիսի գրոհ են նախաձեռնել, ասես Ալիեւին սարսափեցնող զորավարժությունների են մասնակցում:

Դե, հասկանալի է սրանց ագրեսիվ արձագանքը: Վերջապես ձեւավորվում է մի ուժ, որը Բաղրամյան 26-ի նախագծերից չէ, այլ ինքնուրույն եւ բավական հավակնոտ հայտ է ներկայացնում՝ 2017-ին բրեժնեւյան շրջանի ոգով նախատեսված ընտրությունների թմբիրն ու անդորրը «հարամելու» նպատակադրումով: Դա է պատճառը, որ հիմա լրատվական դաշտի մուտիլովշիկները հայտնի կենտրոնի «պասով» միաբերան նույն հարցերն են տալիս ու, իբր, ուզում «կեղտ» բռնել:

Դատելով ամենից՝ շեֆը բավական զայրացել է: Ախր, նա սովոր է ձեռնասուն ուժերի հետ գործ ունենալ: Բայց հանկարծ ի հայտ է գալիս մի ուժ, որն ասում է՝ մենք դուրս ենք այդ սցենարից և մեր սցենարն ենք առաջարկելու քաղաքական դաշտին ու հանրությանը: Բա այսքանից հետո ինչպե՞ս հանգիստ մնան մուտիլովշիկներն ու իրենց տերերը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը