Մեկնաբանություն

28.04.2016 11:10


Սերժ Սարգսյանի գնահատականն ու Մանվել Գրիգորյանի «անիմաստ» գործունեությունը

Սերժ Սարգսյանի գնահատականն ու Մանվել Գրիգորյանի «անիմաստ» գործունեությունը

Երբ չորսօրյա պատերազմի արդյունքում մենք Ղարաբաղի հյուսիսարևելյան հատվածում (նաև՝ հարավ–արևելքում) դիրքեր կորցրեցինք, պաշտոնական քարոզչամեքենայով հայտնեցին, որ դրանք մի քանի հարյուր մետր տարածք են, և չունեն ռազմավարական նշանակություն։

Օրերս էլ Սերժ Սարգսյանը «Բլումբերգին» տված հարցազրույցում նշել էր, որ իրենք չեն ուզում Թալիշի ուղղությամբ ռազմագործողություններ իրականացնել և հետ վերցնել կորցրած դիրքերը, որովհետև չեն ուզում զոհեր տալ (հանձնելուց զոհեր տալը, փաստորեն, նորմալ է համարվում, իսկ ահա վերցնելուց՝ ոչ), և որովհետև դրանք անկարևոր դիրքեր են։

Նկատենք, որ Սերժ Սարգսյանի այս ձևակերպումներն ուղղակիորեն «փչացնում» են ԱԺ ՀՀԿ խմբակցության կարկառուն ներկայացուցիչ, ՀՀԿ ղեկավարին «Վերջի բոլշևիկ» տիտղոսը շնորհած և պատերազմի տարիների «Ռեմբո» հռչակված Մանվել Գրիգորյանին։

Բանն այն է, որ գեներալ դարձած Գրիգորյանի ներդրումներից մեկը ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակի ժամանակ եղել է հենց այդ՝ հյուսիսարևելյան ուղղությամբ, երբ նրա գլխավորած 5–րդ բրիգադը Մատաղիս–Թալիշ հատվածներն ազատագրել ու ընդհուպ մոտեցել էր Միրբաշիրին։ Նրան հերոս են հռչակել հենց այդ տարածքների համար։ Հիմա եթե Թալիշի դիրքերն անկարևոր են դարձել, ապա ինչո՞ւ ենք հսկայական քանակի զոհեր տվել 90–ականներին նույն այդ տարածքները վերցնելու համար։

Տալով մոտ 700 զոհ՝ Գրիգորյանը 90–ականների պատերազմի ժամանակ վերցրել է այն տարածքները, որոնք չորսօրյա պատերազմի ընթացքում Սերժ Սարգսյանը հանձնեց՝ տալով մի քանի տասնյակ զոհ։ Սա է դաժան վիճակագրությունը։

Բա եթե դրանք անկարևոր դիրքեր են, ապա ինչո՞ւ է Թալիշում ապրելն այժմ անհնար դարձել, և ինչո՞ւ է վերջին երկու օրերին պաշտոնական քարոզչամեքենան «աչքով–ունքով» հասկացնում, որ մերոնք հետ են գրավել Թալիշի ուղղությամբ կորցրած դիրքերը (իրականում միայն Թալիշին կից բլրակն է ազատագրված, և եթե մինչապրիլյան դիրքերն ամբողջությամբ չվերականգնվեն, ապա այս մի դիրք վերցնելը, մեծ հաշվով, չի ապահովի Թալիշի անվտանգությունը)։

Փաստորեն, ստացվում է, որ բոլոր զոհերն անմիաստ են եղել, և Մանվելն էլ 90–ականներին անկարևոր դիրքեր է ազատագրել։ Սա է Սերժ Սարգսյանի ասածների հիմնական իմաստը։ Ինչեր չես ասի սեփական անգործությունն ու ձախողումները «սվաղելու» համար։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը