Մեկնաբանություն

09.05.2016 18:35


«Հայրենասիրական» զկրտոցներից պրծում չկա

«Հայրենասիրական» զկրտոցներից պրծում չկա

Ապշել կարելի է, թե ինչպես են տարբեր հեռուստաընկերություններ հենց այսօր իրենց եթեր հրավիրում, Նժդեհի բնորոշմամբ, ստամտավորականության ներկայացուցիչներին, որոնք շնորհավորում են հայ ժողովրդին մայիսյան եռատոնի կապակցությամբ:

Տեր Աստված, կեղծիքը որքա՜ն կարող է խորանալ:

Հեռուստաեթերում նստած են մարդիկ, որոնք հայրենասիրական բոցավառ տողեր են գրել, որոնք անցած 25 տարում առնվազն մի քանի կուսակցություն են փոխել, որոնք դավանել են կուսակցական մի քանի կրոն... Եվ միայն այն բանի համար, որ իրենց սիրասուն զավակները բանակում չծառայեն:

Ավելին՝ Արցախյան պատերազմի մասին բարձրագոչ կռնչյուններ են արձակել, սակայն ամեն ինչ արել են, որ իրենց զավակները «թռնեն» երկրից, որպեսզի հանկարծ չհայտնվեն Արցախյան ազատամարտի բովում:

Եվ հիմա ստամտավորականության հենց ա՛յդ ներկայացուցիչներն են եթերից շնորհավորում մեզ եռատոնի առիթով ու խոսում ազգի «անկոտրում ոգու» մասին:

Բարոյականությունն արձակուրդ է գնացել, իսկ սրանց մոտ բարոյականությունը մշտական «ֆիզարձակուրդի» մեջ է:

Ամո՛թ է, պարոնա՛յք, ամո՛թ... Դուք ձեր զավակներին դասալիք եք դարձրել, որոնք, մանկական «պիստալետից» բացի, իրենց ձեռքում ոչինչ չեն բռնել, դուք էլ ողջ կյանքում «Հող հայրենին պաշտպանողների» մասին եք գեղգեղացել՝ հընթացս հոգալով հող հայրենիի պաշտպանությունից հնարավորինս հեռու պահելու ձեր «դոդիկներին»...

Որքա՜ն ողորմելի եք դուք... Գոնե եթերում մի երեւացեք... Այսպես թե այնպես, կուշտ զկրտում եք պալատական կերատաշտից օգտվելիս. գոնե մեզ ազատեք ձեր դիմակը տեսնելու տհաճ պահերից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը