Մեկնաբանություն

23.05.2016 00:17


Ումից սկսել կրճատումը

Ումից սկսել կրճատումը

Հովիկ Աբրահամյանի հայտնի ելույթից հետո սոցիալական ցանցերում մարդիկ անմիջապես արձագանքեցին՝ առաջարկելով հետեւյալը. «Կրճատելու մի բան կա, դա Սերժ Սարգսյանն է, եթե հնարավոր է, ապա այդ մի կրճատումն արեք ու վե՛րջ»: Սա գերակշռող կարծիքն է:

Եղան նաեւ այլ կարծիքներ. «Էս ամեն ինչը խաղ ա», «Սերժն ու Հովիկը վա բանկ են գնում», «Կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարն սկսել են, որ ժողովրդին շեղեն կարեւոր խնդիրներից, առաջին հերթին Ղարաբաղում մեր տարածքային կորուստների թեմայից»:

Ավելորդ է ասել, որ նման վարկածների ի հայտ գալը իշխանության նկատմամբ հավատի բացակայության ակնհայտ դրսեւորում է: Սակայն, ինչպես նշեցինք, գերակշռողը Սերժ Սարգսյանին «կրճատելու» մասին առաջարկն էր:

Ինչ-խոսք, առաջին հերթին պետք է «կրճատել» նրան, ով 8 տարի երկիր է ղեկավարում, բայց չլուծված խնդիրների համար իրեն մեղավոր չի համարում, ոչ մի հարցում իր մեղքի բաժինը չի ընդունում եւ դեռ ինքն է բողոքում՝ «Ես ե՞մ մեղավոր, որ քո տղան արտագաղթել է»:

Եվ բոլոր ձախողումների դեպքում մտածողությունն այդպիսին է՝ «Ես ե՞մ մեղավոր...»:

Դե, եթե ոչ մի հարցում մեղավոր չես, ապա ի՞նչ գործ ունես Բաղրամյան 26-ում: Եթե պատասխանատվության եւ մեղքի զգացում չունես, նշանակում է ոչինչ չես անում, հետեւաբար «կրճատման» ենթակա անձ ես:

Եթե 8 տարում իշխանությունը, կառավարությունը չի նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, զարմանալի է, թե սպասվող կրճատումների «փայլուն» գաղափարը ո՞ր մեկի «իմաստուն» ուղեղում է ծնվել:

Պետապարատի աշխատակիցներին թափով «խուզելու» դեպքում միայն ավելանալու են գործազրկության ծավալները, որոնք առանց այն էլ բավական մեծ են:

Գուցե կառավարման համակարգի արդյունավետության մասին կեղծ մտահոգությունը մի կողմ թողնեք եւ նախ մտածեք քաղաքական մենաշնորհը վերացնելո՞ւ մասին:

ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի կուսակցական բնույթի այցերը, հանդիպումները, նախաձեռնությունները, ծրագրերն ու միջոցառումներն իրականացվում են պետբյուջեի հաշվին: Հանրապետականի կուսակցական երախը կուլ է տալիս բյուջեն: Իշխող ուժի պիառը, փաստորեն, իրականացվում է ի վնաս երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների: Վերջինները չեն լուծվում գումարների անբավարար լինելու պատճառաբանությամբ, իսկ ահա ՀՀԿ-ն սեփական «վարկանիշը բարձրացնում» է բյուջեի հաշվին:

Օրինակ, Կարեն Ավագյանի «Երիտասարդական հիմնադրամի» կազմակերպած միջոցառումները, «Բազե» ամենամյա ճամբարները, ԵԺԿ-ի հետ համագործակցությունը, ՀՀԿ-ի «նշանի» տակ անցկացվող բազմաթիվ քաղաքական-հասարակական (անգամ սպորտային եւ կրթամշակութային) հավաքները իրականացվում են պետբյուջեի միջոցներով (չենք խոսում արդեն «ներազգային միասնության» վրա մսխվող գումարների մասին, հանուն որի մեծ հաշվով դարձյալ կողոպտվում է բյուջեն):

Որտե՞ղ է լսված, որ իշխող ուժի «հեղինակության» և այդ ուժի ղեկավարի կուսակցական այցերի համար պետք է վճարեն ՀՀ հարկատուները (իսկ բանակն էլ մնա բահի հույսին):

Ուրեմն, առաջին հերթին պետք է զրկել իշխող ուժին կուսակցական տարաբնույթ նախաձեռնությունների համար բյուջեից օգտվելու հնարավորությունից, ինչը այս կամ այն կերպ նպաստում է քաղաքական մենաշնորհի պահպանմանը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը