Կարծիք

09.02.2011 16:33


Ուր են մեզ տանում ճանապարհները

Ուր են մեզ տանում ճանապարհները

Համազգային շարժումը, որ սկսվեց անցած դարի 80-ականների վերջերին, նպատակ ուներ հասնել ոչ միայն Ղարաբաղի վերամիավորմանը Հայաստանին, ոչ միայն Հայաստանի անկախացմանը, այլ նաև Հայաստանի ժողովրդավարացմանը:

Երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, երբ տեղի ունեցան առաջին ժողովրդավարական և ազատ ընտրությունները, թվում էր, թե մենք վերջնականապես կանգնել ենք ժողովրդավարության ճանապարհին:

Նրանք, ովքեր գործուն կերպով մասնակցում էին Շարժմանը, վստահ էին, որ այդուհետ վերադարձ դեպի անցյալ չի լինի, որ որևէ մարդ այլևս այս կամ այն կուսակցության անդամ չի դառնա միմիայն պաշտոնում առաջխաղացում ունենալու կամ բիզնեսն ընդլայնելու նպատակով: Հավատում էին, որ միաձայն ընտրություններ այլևս չեն լինի: Չեն լինի նաև բուռն և երկարատև ծափահարություններ համագումարում կուսակցական գործիչների ելույթներից հետո: Ժամանակը ցույց տվեց, որ այդքան լավատես չպետք է լինեինք: Մեր կողքին ապրում էին մարդիկ, ովքեր երազում էին այն երանելի օրերի մասին, երբ ընտրություններն ընթանում էր մեկ թեկնածուով, երբ հնչում էին երկարատև ծափահարություններ, երբ գործում էր ընդամենը մեկ կուսակցություն:

90-ականների կեսերին, երբ ավարտվեց պատերազմը, և ժողովուրդը պետք է վայելեր հաղթանակի քաղցրությունը, երբ հրաշալի ժամանակ էր Հայաստանը ժողովրդավարության ճանապարհով առաջ տանելու համար, հայտնվեցին մարդիկ՝ նույն այն մարդիկ, ովքեր երազում էին միակուսակցական համակարգի մասին, ովքեր կարծեցին, թե ՀՀՇ-ն նույն կոմկուսն է, թե աստիճանահարթակով առաջ շարժվելու համար պետք է մաս կազմել այս կուսակցությանը: Շատերը չնկատեցին, թե ինչպես կարիերիստները և պնակալեզները հայտնվեցին ՀՀՇ-ում՝ հիմնականում դուրս կամ հետին պլան մղելով նրանց, ովքեր առաջին նախագահին համարձակորեն դեռ Լևոն էին ասում, ովքեր համարձակորեն խոսում էին առկա թերություններից: Այս կերպարանափոխությունը սկսվեց 95-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Այն ժամանակ դեռ  ազատ մտածողներն ուժեղ էին, և կարիերիստները վերջնական հաղթանակ չկարողացան տանել, բայց արդեն դեպի ետ տանող ճանապարհը գցված էր: ՀՀՇ համագումարներում սկսեցին բուռն և երկարատև ծափահարությունները: Իսկ այդ ծափահարությունների հնչյունների ներքո ՀՀՇ-ում արմատավորվեցին նրանք, ովքեր հետո՝ մի ոչ այնքան գեղեցիկ օր, կուռ շարքերով հայտնվելու էին Երկրապահում, իսկ կարճ ժամանակ անց՝ ՀՀԿ-ում: Աշոտ Նավասարդյանը միայն իր ամենասարսափելի երազում կարող էր ՀՀԿ-ն տեսնել այս վիճակով և այս կարգավիճակում: Անցյալի կողմնակիցներին հաջողվեց մի քանի տպավորիչ հաղթանակներ տանել: Հիմնականում նրանց ջանքերով՝ հաջող չես անվանի 96-ի ընտրությունները: Նրանց ջանքերով կեղծվեցին հետագա բոլոր ընտրությունների արդյունքները:

Իսկ այսօր արդեն ժողովրդի համար կրկին սովորական են դարձել միաձայն ընտրությունները: Առաջադրվում է մեկ թեկնածու, որն էլ ընտրվում է միաձայն: Այսպես էր խորհրդային երկրում, այսպես է մեծ աղետի եզրին գտնվող Հայաստանում: Եվ ինչո՞ւ այսպես պետք է չլինի, երբ Հրանուշ Հակոբյանը' ակտիվ կոմերիտուհին, նախարարի պաշտոն է զբաղեցնում և խորհրդային ժամանակները հիշեցնող հայտարարություններ անում: Հարկատուներիս փողերով հայտնվելով ԱՄՆ-ում' ինչ-որ ոչ պետքական այցով, նա լրագրողի հարցին տվեց տիպիկ խորհրդային պատասխան: Եվ եթե Հրանուշ Հակոբյանը նախարար է, ապա ինչո՞ւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը չպետք է միաձայն ընտրվի: Ինչո՞ւ մյուս բոլոր ֆեդերացիաների նախագահները չպետք է միաձայն ընտրվեն: Իսկ ժողովրդի համար այս ամենը կրկին սովորական է դառնում: Սովորական է դառնում, որ Սերժ Սարգսյանը միաձայն ընտրվում է Պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ: Հիշո՞ւմ եք նրանց դեմքերը, ովքեր բուռն և երկարատև ծափերով ընդունեցին այն հայտարարությունը, թե այսուհետ խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է: Եթե Սերժ Սարգսյանն ընտրվում է Պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, ապա Տնտեսագիտականի խորհրդի նախագահն էլ պետք է լինի Հովիկ Աբրահամյանը:

Եվ եթե արդեն տեղի են ունենում նման ընտրություններ, ապա ինչո՞ւ չպետք է լինեն բուռն և երկարատև ծափահարություններ, երբ ելույթ է ունենում Սերժ Սարգսյանը: Ասում են, թե բուռն և երկարատև ծափերի սիրահար է նաև ԱԽՔ-ը, որն իր կուսակիցներին հասկացնում է, որ իր ելույթներից հետո անպայման ծափահարեն շատ բուռն և շատ երկարատև:

Եվ ո՞ւր ենք այսպես գնում: Ո՞ւր կարող ենք հասնել նման ընտրություններով, նման ծափերով, նման մտածելակերպով: Պատասխանը շատ պարզ է' դեպի խորհրդային անցյալ, բայց՝ առանց էժան բենզինի և երշիկի, առանց էժան օդանավի կամ գնացքի տոմսի, առանց անկապ աշխատող գործարանների: Դժվար չէ պատկերացնել նման շարժման հետևանքները: Բնականաբար, մենք չենք կարող նստել ու սպասել, թե ինչպես են բուռն և երկարատև ծափերի սիրահարները կործանելու մեր երկիրը: Մենք չենք կարող նստել ու հետևել, թե ինչպես են կուռքերն ու կուռքիկները կործանելու մեր բազմաչարչար երկիրը: Առողջ և նոր մոտեցման դեպքում հաստատապես կկարողանանք իրավիճակը փոխել: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի արդեն պետք է հասկանա, որ լռելը և անտարբեր լինելը միայն կարագացնեն մեր երկրի, մեր ապագայի կործանումը:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը