Տնտեսական

13.07.2016 14:15


ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է ԼՂ–ին օգնություն ցուցաբերելու որոշումը

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է ԼՂ–ին օգնություն ցուցաբերելու որոշումը

Հուլիսի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է 2017թ. ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների և առնչվող ծրագրերի (SFOPS) հատկացումների օրինագիծը։ Վերջինս ներառում է Հայաստանին և տարածաշրջանին հատկացվող օգնություն։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

Այս օրինագիծը պահպանում է ազատության աջակցման ակտի 907-րդ հոդվածը և ներառում է աջակցություն Հայաստանում ապաստանած սիրիացի փախստականների համար:

Ըստ այդմ, Սենատը հաստատել է 24.1 մլն ԱՄՆ դոլարի ոչ ռազմական օգնություն հատկացնելը Հայաստանին և կոչ արել շարունակել աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին այդ առնչությամբ նշել է.

«Քանի որ Կոնգրեսը պետք է լրամշակի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների օրինագծերը, Ամերիկայի հայկական համագումարը շարունակելու է պնդել Հայաստանին լրացուցիչ օժանդակություն հատկացնելու մասին՝ Սիրիայից փախստականների ներհոսքի խնդիրը հաղթահարելու նպատակով, ինչպես նաև խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղի վերակառուցման նպատակով, որը տուժել է Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան պատերազմից»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հանձնարարել էր Հայաստանին տրամադրել 24,1 մլն ԱՄՆ դոլարի օգնություն, իսկ Ադրբեջանին` 10.9 մլն ԱՄՆ դոլարի։ Ընդհանուր առմամբ, Հայաստանին հատկացվող գումարի չափը 3 մլն դոլարով ավելի է, քան նախագահ Բարաք Օբամայի բյուջետային հարցումն էր:

Նշվում է, որ ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է Լեռնային Ղարաբաղին անմիջական օգնություն ցուցաբերելուն հավատարիմ մնալու իր որոշումը։ Ծրագիրը 1998-ից հումանիտար օգնություն է ցուցաբերում ԼՂՀ–ի քաղաքացիներին։ Սենատը նաև հանձնարարել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի փախստականներին։

«Հանձնաժողովն աջակցում է Հայաստաում փախստականների, մասնավորապես Սիրիայում և Իրաքում ծագած հակամարտություններից փախած Մերձավոր Արևելքի փախստականների համար օգնություն ցուցաբերելուն»,– ասված է Սենատի՝ 2017թ. ֆինանսական տարվա ծախսերի օրինագծում։

Լեռնային Ղարաբաղի օգնության մասով հանձնաժողովը որոշել է հետևյալը՝

«Հանձնաժողովը հանձնարարում է նախորդ ֆինանսական տարիների չափով օգնություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության հետևանքով զոհվածների հարազատներին՝ նրանց ընթացիկ կարիքների բավարարելու նպատակով։ Հանձնաժողովը հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է անում և ընդունում, որ Լեռնային Ղարաբաղում բնակչության մեկ շնչի հաշվարկով ականապատ տարածքների ամենաբարձր մակարդակն է, և ականզերծման աշխատանքներն արդյունավետ են եղել այն տեղերում, որտեղ իրագործվել են։ Հանձնաժողովը կոչ է անում շարունակական ջանքեր գործադրել այդ ծրագրերի աշխարհագրության ընդլայնման նպատակով»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը