Լրահոս

11.12.2009 17:58


Ե՞րբ կստորագրվի ԼՂ շրջանակային համաձայնագիրը. տեսակետներ

Ե՞րբ կստորագրվի ԼՂ շրջանակային համաձայնագիրը. տեսակետներ

Էրդողան-Օբամա հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ խոսվեց ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման մասին։ Ե՞րբ կստորագրվի ԼՂ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Հարցի կապակցությամբ «7օր»-ը ճշտել է «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչների կարծիքը։

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի խոսքերով՝ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում ակնհայտորեն արագացում է սկսվել, և շատ արագ էլ գործընթացը կհասնի իր հանգուցալուծմանը։

-Կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, բայց հնարավորինս շուտ։ Արդեն իսկ ակնհայտ է, որ գործընթացի արագացում է գնում,- «7օր»-ին ասել է Ա. Արզումանյանը։

ՀԱԿ մեկ այլ ներկայացուցիչ Մյասնիկ Մալխասյանը նույնպես դժվարացել է կոնկրետ ժամկետ նշել՝ ասելով միայն.

-ԼՂ-ի վերաբերյալ բանակցությունների շատ ծանր իրավիճակ է ստեղծված։ Այսօր բարդ իրավիճակի առաջ է կանգնած խնդրի լուծումը։

Կանխատեսումներից հրաժարվել է նաև Կարապետ Ռուբինյանը։ Իսկ Արարատ Զուրաբյանն ասել է, որ դա զուտ տեխնիկական մասն է, իսկ իրականում կողմերը բավականին մոտեցել են դրան։

-Շատ կարճ ժամանակահատված հետո մենք ականատես կլինենք մի լուծման, որի մասին բազմաթիվ անգամ նախազգուշացրել ենք մեր հասարակությանը։ Իմ գնահատականներով՝ դա կտևի առավելագույնը մինչև մարտ ամիսը, ոչ ավելի։

Հարցին, թե ՀԱԿ ներկայացուցիչներին որտեղի՞ց տեղեկություններ, որ միջազգային ուժերը փոխադարձ պայմանավորվածության են եկել Սերժ Սարգսյանի հետ և շատ դեպքերում աչք են փակում ՀՀ-ում իրականացվող ապօրինությունների վրա, նրանք պատասխանել են.

Մյասնիկ Մալխասյան. «Տեղեկություններ չէ։ Քաղաքականության մեջ կան տրամաբանական հաշվարկներ։ Քայլերը ցույց են տալիս, թե դրանք ինչ ենթատեքստեր, ինչ զարգացումներ ունեն։ Քաղաքականությամբ զբաղված ցանկացած մարդ պետք է կարողանա հասկանալ, այդ ցարգացումներից ենթատեքստերը կարդալ և անել եզրակացություններ։ Կոնգրեսում հասուն քաղաքական ուժեր են, գործիչներ՝ մեծ փորձառություն ունեցող, որոնց քաղաքական «նյուխը» հերիքում է, որ իրենք  կարողանան եզրակացություններ անել ընթացող պրոցեսներից»։

Կարապետ Ռուբինյան. «Արդեն հստակ կարելի է ասել, որ այդ տեղեկությունները եզրահանգում են եղած փաստերից։ Մենք տեսնում ենք այդ անցուդարձը, մենք տեսնում ենք, որ իսկապես ինչ-որ ժամանակից սկսեցին ձգձգել։ Դուք հիշո՞ւմ եք՝ ԵԽԽՎ նիստ պետք է մտներ բանաձևը, չմտավ օրակարգ, Համերբերգն ինչ-որ չի երևում վաղուց, այսինքն՝ այդ արձագանքները բավականին թուլացել են, չնայած ակնհայտորեն բոլոր 3 բանաձևի կետերն էլ խախտված են, կատարված չեն։ Հիմա ինչի՞ դիմաց հանկարծ սկսեցին այդպես փափուկ, նրբանկատ վերաբերվել պարոն Սարգսյանին։ Ակնհայտ երևում է շահը, և եթե մենք դրան համադրում ենք այն, թե ինչ քայլերի է գնում պարոն Սարգսյանը (Ցեղասպանթույան ուրացում, Ղարաբաղի խնդիրը վերջնականապես մտցնում է մի այնպիսի իրավիճակ, որ միայն կորուստներ կարող ենք ակնկալել), տեսնում ենք, որ դա իրողություն է»։

Ալեքսանդր Արզումանյան. «Այն գործելաոճը, որ այսօր մենք տեսնում ենք միջազգային կառույցների՝ ԵԽԽՎ-ի, տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից, գալիս է ապացուցելու, որ կա այդպիսի հստակ համաձայնություն, որ այն զիջումների դիմաց, որոնց գնում է Սերժ Սարգսյանը, միջազգային հանրությունը պատրաստ է աչք փակել այս ապօրինությունների վրա, որ տեղի են ունենում նաև մեր քաղաքական կյանքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը