Քաղաքական

25.02.2017 16:05


Սեյրան Օհանյան. «Պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը»

Սեյրան Օհանյան. «Պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը»

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաժողովում ՀՀ ՊՆ նախկին ղեկավար, դաշինքի ցուցակի առաջին համար Սեյրան Օհանյանի ելույթը.

«Սիրելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ,

Մենք ապրում ենք բարդ և լարված ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական զարգացումների փուլում. գլոբալ մարտահրավերների առաջ է կանգնած ամբողջ աշխարհը, մեր տարածաշրջանը, բնականաբար՝ նաև մեր երկիրը։

Հաշվի առնելով մեր պատմությունը, պետության աշխարհագրական դիրքը, ծառացած խնդիրները՝ մենք պետք է գործենք հստակ, գրագետ և վճռական. սխալվելու իրավունք պարզապես չունենք։

Ինձ համար և, վստահ եմ, մեր բոլոր հայրենակիցների համար, անկախ քաղաքական հայացքներից, հարցերի հարցը Հայաստանի և Արցախի անվտանգությունն է՝ իր բոլոր բաղադրիչներով՝ ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, տեղեկատվական, կրթական, առողջապահական և այլ։ Եվ ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին` նախընտրական այս փուլում քննարկումները տանել հենց անվտանգության տեսանկյունից, և հասարակությանը չմղել պոպուլիզմի և անհիմն խոստումների թակարդը։

Այս ելույթով ներկայացնելու եմ իմ դիրքորոշումը բոլոր հիմնական խնդիրների վերաբերյալ և բաց, առանց երկիմաստությունների պատասխանելու եմ ինձ ուղղված և պարբերաբար շահարկվող որոշ հարցերի։

Ինչո՞ւ զինվորական կենսագրությամբ, անկուսակցական պաշտպանության նախարարը մտավ քաղաքականություն։

Պատասխանը հստակ է՝ իմ որոշման հիմքում այն խոր համոզմունքն է, որ այսօրվա գործող համակարգով, խաղի կանոններով, տնտեսական քաղաքականությամբ, ներհասարակական բարոյական մթնոլորտով Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառվել են։

Սա շրջադարձային պահ է։ Կա՛մ մենք կգիտակցենք իրավիճակի լրջությունը և մեր առաջ կանգնած մարտահրավերների խորությունը և համատեղ ջանքերով կփոխենք առկա համակարգը՝ ապահովելով մեր անվտանգությունն ու զարգացումը, քաղաքացիների բարեկեցությունը... կա՛մ կկանգնենք իրական աղետների առաջ։

Պաշտոնակռիվ երբեք չեմ արել։ Չեմ թաքցնում, ինձ առաջարկվել են բարձր պաշտոններ, որոնցից, սակայն, ես հրաժարվել եմ։ Իմ կյանքի ամենաբարձր և պատվաբեր պաշտոնը դեռևս 25 տարի առաջ առաջին գծի խրամատում մարտնչելն էր՝ զինվորի ու հասարակ ժողովրդի կողքին, և հետագայում էլ՝ իմ զբաղեցրած բոլոր բարձր պաշտոններում, թեկուզ և քաղաքացիական, երբեք չեմ հանել իմ դաշտային զինվորական համազգեստը և եղել եմ սահմանին կանգնած զինվորի, սպայի, գյուղացու կողքին։

Լինելով քաղաքացիական անձ՝ քաղաքականության մեջ էլ խոստանում եմ հայ սպային վայել արժանապատիվ ու հավասարակշիռ կեցվածքվով շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը և մեր ժողովրդին։

Իմ և իշխանության հարաբերությունների մասին

Գործող իշխանության կազմում ներգրավված որևէ գործչի հետ, անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, դիրքից, որևէ անձնական խնդիր չունեմ և բարձր եմ գնահատում բանակաշինության, պետության կայացման գործում բոլորի ներդրած ջանքերը։ Ես ճանապարհ եմ անցել նրանց հետ, ոմանց հետ նաև տարաձայնություններ ունեցել ենք, ինչը ես միանգամայն բնական եմ համարում։

Սակայն այսօր ես ինձ այլևս չեմ տեսնում գործող իշխանական համակարգում, քանի որ ապագա մարտահրավերներին դիմակայելու մեր մոտեցումները տարբեր են. մեզ անհրաժեշտ են նո՛ր քաղաքական վերնախավ, նո՛ր մտածելակերպ, նո՛ր արտաքին և ներքին, տնտեսական քաղաքականություն, նո՛ր ներուժ, նո՛ր մթնոլորտ։

Կարծում եմ՝ կառավարման ոլորտում իմ ունեցած փորձն ու գիտելիքները կարող են մեծապես օգտակար լինել մեր ժողովրդի առաջ ծառացած վտանգները չեզոքացնելու գործում։ Այսօր իմ շուրջ համախմբվել են բազմաթիվ նվիրյալներ, ազգի իրական հերոսներ, որոնք ոչ միայն կիսում են իմ քաղաքական հայացքները, այլև պատրաստ են իրենց մասնագիտական-գիտական ողջ ներուժը ծառայեցնելու Հայրենիքը պաշտպանելու, շենացնելու սրբազան առաքելությանը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ մեր դաշինքին հարող բոլոր քաղաքական ուժերին՝ կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, նրանց ներկայացուցիչներին՝ հավատալով, որ միասին լուծելու ենք մեր առջև դրված խնդիրները:

Բանակի մասին

Մեր ժողովրդի նորօրյա պատմության ամենամեծ ձեռքբերումն իսկապես հայկական բանակն է՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը. իր փառահեղ հաղթանակների և ամենօրյա հերոսական մաքառումի շնորհիվ նա ձեռք է բերել տարածաշրջանում հաղթանակած և մրցունակ բանակի համբավը: Սրանք լոկ խոսքեր չեն, և բոլորիս՝ ժողովրդի, սպայի, զինվորի կողմից մեծագույն ջանքեր են ներդրվել։ Ես հպարտ եմ, որ իմ գիտակցական կյանքը նվիրել եմ հենց բանակին, և այսօր էլ պատրաստ եմ փորձության ժամին կանգնելու խրամատում արիաբար մարտնչող զինվորի կողքին:

Բարձր գնահատելով բանակաշինության ընթացքում բոլորի ավանդը՝ կուզեի համառոտ անդրադառնալ իմ պաշտոնավարման ընթացքում ունեցած կարևորագույն ձեռքբերումներին։

Իմ պաշտոնավարման տարիներին «ՄԻ և ԲԱԿ»-ի ստեղծմամբ արդարության սկզբունքների, մարդու իրավունքների պաշտպանության և ընդհանուր առմամբ՝ մարդակենտրոն գործունեությանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքը դրվել է պլանային հիմքերի վրա։ Այդ աշխատանքներն ուղղվել են առավել խոցելի հետևյալ ոլորտներին:

1. Մենք նախաձեռնել ենք «պայքար արատավոր բարքերի դեմ» և այդ պայքարի շուրջ համախմբվելու կոչ արել ամբողջ հասարակությանը՝ ներդնելով «Հայրենիքի պաշտպանի» ազգային-գաղափարական դաստիարակության համակարգը:

2. Հատուկ ուշադրություն է դարձվել ԶՈՒ նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը, բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանը՝ հիմքում ունենալով «համաժողովրդական բանակի» գաղափարը:

3. Հետևողական աշխատանքներ են կատարվել կադրային քաղաքականությունը բարելավելու նպատակով, և հասել ենք կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաև սուբյեկտիվ մոտեցման բացառմանը:

4. Կոռուպցիոն ռիսկերի տեսակետից ամենավտանգավոր ոլորտներից է գնումների գործընթացը, որի ուղղությամբ սկզբից ևեթ լծվել ենք համառ աշխատանքի՝ փորձելով ապահովել գործընթացի առավել թափանցիկությունը։

5. Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ զինված ուժերում ամենախոշոր արմատներ գցած կոռուպցիոն ռիկսերը պարունակում էր զորակոչի ոլորտը։ Եվ այդ նպատակով էլ մեր կողմից ներդվել է նորակոչիկների բաշխման վիճակահանության սկզբունքը՝ որպես ոլորտի կարգավորման ամենակարևոր բաղադրիչ:

Կատարված բոլոր աշխատանքների հիմքում իմ հետևյալ անխախտ համոզմունքերն են եղել, որ հայ զինվորը բարձրագույն արժեք է, և բարոյական չէ մեր մարտընկերներին ու նրանց ընտանիքներին օգնության ձեռք չմեկնելը:

6. Զարգացման կարևորագույն ուղղություն է ընտրվել անձնակազմի առավել արդյունավետ կառավարումը, որն իր մեջ ներառում է առաջին հերթին զինված ուժերի համալրումը։ Եվ զորակոչի հետ մեկտեղ բավականին ծավալուն աշխատանքներ ենք կատարել՝ բանակում պրոֆեսիոնալ տարրը՝ հատկապես պայմանագրային սերժանտների ու շարքայինների կազմը ավելացնելու նպատակով՝ միևնույն ժամանակ նպաստելով սահմանապահ գյուղերի բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը։

Հայոց բանակում ավելացնել է կին զինծառայողների թիվը. նրանք, անտրտունջ կրելով ծառայության բոլոր դժվարությունները, իրենց ներկայությամբ կարծես ստիպում են զինակից ընկերներին ավելի տոկուն լինել:

7. Մեր հաջորդ՝ նշանակալի ձեռքբերումներց է եղել պլանավորման և հատկապես ռազմավարական պլանավորման գործընթացի կատարելագործումը: Լայն թափ է առել զորքերի օպտիմալացումը. այն բարեփոխումների կարևոր մասը կազմեց և ընթացավ դեռևս Արցախյան ազատամարտի քննություն բռնած «Փոքր ուժերով՝ մեծ խնդիրներ» նշանաբանի ներքո: Ուսուցման հիմքում դրվել է «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման հայեցակարգը, ըստ որի՝ շատ որոշումների ընդունումը մենք վստահել ենք ավելի ներքևի օղակներին՝ հնարավորություն տալով նրանց ազատ մտածելու, նախաձեռնելու և գործելու:

8. Մեծածավալ աշխատանքներ են իրանացվել առաջին գծում՝ մի քանի ուղղություններով՝ ինժեներական աշխատանքներ, հակառակորդի իմացություն, զենք-զինամթերքի պահպանում, թիկունքային ապահովում, տարբեր միջոցներով դիրքի հագեցում:

9. ՍՌՏ զարգացման նոր պլանի համաձայն հետևողական աշխատանք է տարվել ժամանակակից, համատեղելի, հեռահար և ճշգրիտ տեխնիկայով զինված ուժերը ապահովելու նպատակով։

10. Մենք վարել ենք հավասարակշռված միջազգային ռազմական համագործակցություն՝ ամրապնդելով մեր փոխգործունակ կարողությունները, հատկապես ՌԴ-ի հետ ՄԶԽ կազմում ավելի ընդգրկուն անվտանգության խնդիրների լուծման ուղղությամբ։

Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ մեր բանակը պատրաստ է լուծելու իր առջև դրված խնդիրները՝ պաշտպանելով մեր սահմանները և անհրաժեշտության դեպքում պատժիչ գործողություններով պարտադրել հրադադար և խաղաղություն։

Ես ձեզ վստահեցնում եմ, որ վերջին տարիներին բանակի ոգու շարունակական բարձրացումն է ինձ թույլ տալիս նման հայտարարություն անել:

Հարգելի՛ գաղափարակիցներ,

Անշուշտ, բանակը, ինչպես ցանկացած օրգանիզմ, խնդիր ունի է՛լ ավելի կատարելագործվելու: Այո, մենք կարիք ունենք նոր, ժամանակակից սպառազինությունների, և մենք այդ ուղղությամբ աշխատել ու աշխատելու ենք։

Ժամանակակից աշխարհում գերակա է դառնում արհեստավարժ բանակի գաղափարը, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրի հզորացմամբ ապահովենք բանակի այդ հատվածի տեսակարար կշռի ավելացումը:

Ես կիսում եմ մեր հայրենակիցների մտահոգությունը՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնող 18 տարեկան երիտասարդներին առաջին գծից ետ պահելու վերաբերյալ, որն, անշուշտ, նաև կենսական, դեմոգրաֆիկ նշանակություն ունի մեր ժողովրդի, սերունդը պահպանելու համար: Սակայն այս հարցի լուծումը նոր մոտեցումներ և ջանքեր է պահանջում և երբեք չի կարող արվել պոպուլիզմի կամ չհիմնավորված հայտարարությունների միջոցով։ Ես գիտեմ՝ ինչպես և ինչ ժամկետում դա կարող ենք անել։

Անհրաժեշտ է իրականացրել աշխատանքներ նաև զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու, կրթության, ծառայության, մասնագիտական առաջխաղացման պայմանների բարելավման, հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ուղղությամբ և հատկապես՝ սոցիալական ապահովության խնդիրներում (աշխատանք, բնակարանային պայմաններ, արժանապատիվ կենսաթոշակ):

Մասնավորապես, առաջիկա երեք տարիների ընթացքում մենք պետք է ավելացնենք պայմանագրային զինծառայողների թիվը՝ նրանց միջին աշխատավարձը հասցնելով 240 հազար դրամի։ Զուգահեռաբար, սպայական կազմի աշխատավարձը նույն ժամանակահատվածում միջինը պետք է հասցվի 480 հազար դրամի։ Այս ամենը մեր բյուջեի վրա կնստի տարեկան մոտ 50 մլրդ դրամ։ Դրա շնորհիվ կլուծենք կարևորագույն դեմոգրաֆիկ խնդիր և միաժամանակ կբարելավենք մեր հրամկազմի սոցիալական կարգավիճակը։ Երկրի անվտանգությունը, ազգի անվտանգությունը մեր պետության թիվ մեկ խնդիրը պետք է լինի։

Բազմիցս կառավարությանն ու Ազգային Ժողովին ներկայացրել եմ զինծառայողներին, հատկապես պահեստազորայիններին բնակարաններով ապահովելու խնդիրը՝ հատուկ կարեւորելով զոհված եւ հաշմանդամ դարձած մեր ազատամարտիկների ընտանիքների բնակարանային հարցի համար դրամական փոխհատուցումների խնդիրը:

Ես այսօր հայտարարում եմ՝ կարճ ժամանակահատվածում մենք լուծում ենք տալու այս հարցին և հատուկ ծրագրեր ենք մշակելու պատերազմի մասնակիցների մյուս խնդիրներին աջակցելու համար՝ սկսած հասարակության վերաբերմունքից, օրենսդրական փոփոխություններից մինչև աշխատատեղերի ստեղծում։

Բանակը չի կարող դիտարկվել որպես պետության և մեր քաղաքացիների վրա դրված ծանր բեռ։ Պետության քաղաքական, տնտեսական վերնախավի կարևորագույն պարտականությունն է՝ շարունակել նաև բանակահենք տնտեսության զարգացման ուղին՝ կառուցված բարձր տեխնոլոգիաների և ժամանակակից գիտելիքների վրա: Ի դեպ, իմ պաշտոնավարման ընթացքում է մշակվել ռազմական արդյունաբերության զարգացման հայեցակարգը, որն այսօր էլ շարունակվում է եւ շարունակվելու է նաեւ հետագայում:

Ղարաբաղի խնդրի մասին

Ես պնդում եմ, որ բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարները պետք է հանդես գան Ղարաբաղի խնդրի վերաբերյալ իրենց հստակ տեսակետներով։ Ավելին՝ ես բոլոր առաջնորդներին հրապարակային քննարկման կոչ եմ անում, քանզի այն սերտորեն շաղկապված է Հայաստանի անվտանգության խնդրի և տարածաշրջանում խաղաղ գոյատևման խնդրի հետ:

Հայ և ադրբեջանցի ժողովուրդներն ապրել են և ապրելու են կողք կողքի: Նրանք խաղաղություն են ուզում, բայց որպեսզի մեր տարածաշրջանում ձևավորվի խաղաղության և հանդուրժողականության մթնոլորտ, պետք է լուծել հետևյալ խնդիրները։

1. Պահպանել անվտանգության բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև. բալանսի խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։

2. Երկու ժողովուրդների միջև ակտիվորեն խրախուսել, այսպես կոչված, ժողովրդական դիվանագիտությունը` փոխվստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով, այլապես այս խնդրի կարգավորման մասին խոսելը անպտուղ և անիմաստ կլինի: Անցած տարվա ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ անվստահության մթնոլորտը մեզ կարող է էապես հեռացնել բանակցային գործընթացից:

3. Խնդրի կարգավորման արդյունքում չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ կամ միակողմանի զիջումներ. նման լուծման արդյունքում երկարատև խաղաղություն չի կարող հաստատվել ժողովուրդների միջև:

Անշուշտ, Արցախյան խնդրի կարգավորման հարցում չափազանց կարևոր դեր են կատարում Մոսկվան, Վաշինգտոնը, Փարիզը: Բայց և բոլորս պետք է գիտակցենք, որ այնուամենայնիվ, այս խնդրի լուծման բանալին գտնվում է Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում: Ավելին՝ վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը:

Որպես փաստ՝ Արցախն արդեն ինքնորոշված է։ Խնդրի լուծման հիմքում պետք է լինի Արցախի ինքնորոշման քսանհինգամյա իրողությունը, ինքորոշման իրավունքի իրացումը միջազգային հարթությունում, որից հետո պետք է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների ճշգրտում լինի: Հավատացեք՝ դա հնարավոր և իրագործելի է, կամք և հետևողականություն է պետք:

Գոյություն ունեն արժանապատիվ խաղաղության բանաձևեր, և այս նպատակին պետք է ծառայեցվեն մեր պետության և ողջ հայ ժողովրդի ռեսուրսներն ու ջանքերը։

Պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը և տևական խաղաղություն ապահովենք:

Փոխհամաձայնության շրջանակներում իսկապես կարող են լինել փոխադարձ զիջումներ՝ հիմնված բացառապես ռազմական և այլ ոլորտի փորձագիտութձան վրա։ Այս պահին, սակայն, շրջանառության մեջ առկա «փոխզիջումային» սցենարներն անտրամաբանական են և անընդունելի, հատկապես որ պաշտոնական Բաքուն իր կողմից որևէ փոխզիջման մասին չի խոսում և ունի ագրեսիվ կեցվածք, ինչը վտանգ է ներկայացնում մեզ համար: Չնկատել այդ վտանգը՝ նշանակում է տրվել ինքնախաբեության:

Արցախյան հիմնախնդրի լուծումը մեծապես կախված է Հայաստանի արտաքին քաղաքականության և դիվանագիտության արդյունավետությունից։ Իբրև արտաքին քաղաքականության առանցք՝ ես կարևորում եմ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք նոր որակի և մակարդակի պետք է բարձրացվեն, իսկ աշխարհաքաղաքական այլ բևեռների հետ դրանց ճշգրիտ համադրումը մեր արտաքին քաղաքականության և դիվանագիտության հաջողության գրավականները կլինեն։

Տնտեսության մասին

Ես իմ բոլոր ելույթներում առաջնահերթության սկզբունքով շեշտը դնում եմ մեր քայքայված տնտեսության զարգացման վրա։

Տնտեսության հետագա անկումը կամ այս իրավիճակի շարունակությունը կհարվածեն Հայաստանի և Արցախի անվտանգությանը։

Կոռուպցիայի մասին խոսելի սովորաբար հիշատակում են բժիշկներին, ուսուցիչներին, դասախոսներին, թաղապետարաններին և այլոց, մինչդեռ երկրի կոռուպցիայի սկզբնաղբյուրը՝ Հայաստանի տնտեսության ստվերի, այսպես ասած, շարժիչ ուժը պետք է փնտրել մեր երկրի սահմանային հատվածներում՝ մաքսային կետերում: Այստեղ է ստվերային տնտեսության սկզբնաղբյուրը, այստեղից է սկիզբ առնում Հայաստանի մենաշնորհային համակարգը, այստեղից պետք է սկսվեն իրական տնտեսական փոփոխությունները։ Երբ չկա տնտեսական ժողովրդավարություն, չի կարող լինել նաև քաղաքական ժողովրդավարություն:

Այս համակարգում մեծանում է սոցիալական բևեռացվածությունը. մի կողմում փոքր թվով մեծահարուստներ են, մյուս կողմում` մեծաքանակ աղքատացած ժողովուրդ և չափազանց նոսր միջին խավ: Բերեմ ընդամենը մեկ օրինակ: Այսօր ընդամենը հազար ընկերություն է ապահովում բյուջեի մուտքերի ավելի քան 90 տոկոսը: Ավելի ուշադիր նայելով՝ կտեսնենք, որ ընդամենը մի քանի տասնյակ ընտանիքների վրա է ընկած բյուջեի մուտքերի 50 տոկոսը:

Այս համակարգը շահավետ չէ ոչ միայն ժողովրդի 95 տոկոսին, այլև՝ ներկայիս խոշոր շատ գործարարների։ Մենաշնորհի պայմաններում խոշոր գործարարը միշտ խոցելի է լինելու իշխանության համար, որովհետև մեկ գիշերվա ընթացքում նրան կարող են սնանկացնել ամբողջովին կամ սպառնալ, որ կխլեն սեփականությունը, քանի որ այս համակարգի պայմաններում նրա սեփականությունը պայմանական բնույթ է կրում:

Խնդրում եմ՝ ուշադրություն դարձրեք. ես չեմ ուզում, որ մեր ժողովուրդը չարանա խոշոր բիզնեսի դեմ։ Նրանց հիմնական մասը հաջողակ գործարարներ են, որոնք ստեղծում են բարիք և աշխատատեղեր։

Ես համոզված եմ, որ պետք է ձեւավորենք այնպիսի տնտեսական հարաբերություններ, որտեղ օլիգարխները կվերածվեն խոշոր գործարարների, իսկ դրա համար ընդամենը պետք է վերացնել խոշոր բիզնեսի եւ իշխանության սերտաճումը: Մեր ամենամեծ սպառնալիքը կառավարման համակարգն է և նրա շրջանակներում՝ քաղաքական, տնտեսական, վարչական լծակների սերտաճումը։

Ի՞նչ անել

Ոմանք առաջարկում են օլիգարխների վրա մեծ հարկեր դնել` ընդունելով, այսպես կոչված, պրոգրեսիվ հարկման համակարգը: Արտաքուստ դա արդար է հնչում: Սակայն այս քայլով մենք կպատժենք ոչ թե մեծահարուստներին, այլ մեզ՝ երկիրն ու ժողովրդին: Այդ դեպքում է՛լ ավելի կմեծանա կապիտալի փախուստը երկրից, կմեծանա բիզնեսի է՛լ ավելի ստվերայնացումը: Մենք նման բան մեզ չենք կարող թույլ տալ: Դրա լուծումը միակն է. թույլ չտալ, որ երկրում լինեն արհեստական մենաշնորհներ։ Պետք է ձևավորել մրցակցային դաշտեր այն ոլորտներում, որտեղ այսօր մենաշնորհ է: Իսկ մրցակցությունն իր գործն ավտոմատ կանի: Տնտեսական ժողովրդավարացումը էապես նոր բիզնես միջավայր կձևավորի երկրի ներսում՝ ազդակ տալով նաև դրսի ներդրողներին:

Հայաստանին անհրաժեշտ են մեծ ծավալի օտարերկրյա ներդրումներ։ Մեր ցուցանիշները՝ հարևան պետությունների համեմատ, ուղղակի ծիծաղելի են։ Սրա հիմնական պատճառը վստահության բացակայությունն է։ Ներդրողները չունեն բավարար վստահություն, որ Հայաստանում իրենց կապիտալը պաշտպանված կլինի։

Աղետալի վիճակ է փոքր և միջին բիզնեսում։ Այս ոլորտում աշխատող մարդկանց համար իրենց բիզնեսն առաջին հերթին սոցիալական խնդիր է լուծում: Պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի աջակցի այդ մարդկանց, իսկ եթե չի կարողանում դա անել, ապա պետք է գոնե չխանգարի նրանց՝ վաստակել ամենօրյա հացը:

Այսօր փոքր բիզնեսից ստացած հավաքագրումներն ապահովում են պետբյուջեի մուտքային մասերի ընդամենը 1,5 տոկոսը: Մինչդեռ զարգացած երկրներում այն կազմում է 40 – 50 տոկոս: Սա նշանակում է, որ մեզ մոտ այս ոլորտը մահամերձ վիճակում է: Եվ այն վերակենդանացնելու խնդիրը հասարակ դեղամիջոցներով չես լուծի: Առանց արմատական քայլերի երկրում փոքր բիզնեսի աջակցության խնդիրը չի լուծվում: Մեր թիմակիցներով պատրաստվում ենք հանդես գալ առաջարկներով, որոնք էապես կխթանեն մեր երկրում փոքր բիզնեսի զարգացումը: Այս հարցում բառիս բուն իմաստով անհրաժեշտ է շոկային թերապիա, և մենք առաջարկելու ենք՝ փոքր բիզնեսին 5 տարով տրամադրել հարկային արձակուրդ՝ բացառելով պետական անհարկի միջամտությունները, որպեսզի մարդիկ ապահով լինեն, որ իրենք իրենց գործով են զբաղվելու, և ոչ ոք այլևս չի խանգարելու իրենց։

Այսօր արդեն որոշ դրական փոփոխություններ իրականացվում են, սակայն անհրաժեշտ են ավելի կտրուկ բարեփոխումներ: Մենք պետք է չեղյալ հայտարարենք անցած տարվա հոկտեմբերին ընդունված հարկային օրենսգիրքը։ 2018 թվականից ուժի մեջ մտնելու պարագայում, այն մեծ հարված կհասցնի մեր տնտեսությանը:

Ավելացված արժեքի հարկը վերջապես պետք է 20 տոկոսից իջեցնել 18 տոկոսի՝ ԵՏՄ–ում հայաստանյան ընկերությունների մրցունակությունն ապահովելու համար։ Ռուսաստանում եւ Ղազախստանում ավելացված արժեքի հարկը հենց 18 տոկոս է։ Մաքսակետերում պետք է ազատվել, այսպես կոչված, հսկիչ գների ինստիտուտից, որոնք կամայական որոշումների հնարավորություններ են տալիս չինովնիկներին։ Եթե փաստաթղթաշրջանառության ամբողջ ընթացքը, որը, ի դեպ, պետք է սկսել խոշոր բիզնեսից, հայտնվի թափանցիկ դաշտում, ապա մաքսակետում պետք է հիմք ընդունել այն հաշիվ ապրանքագիրը, որը ներկայացվում է ներմուծողի կողմից։ Չի կարելի հանցագործի կանխավարկածով մոտենալ բիզնեսի ներկայացուցիչներին՝ ստեղծելով ամենամեծ կոռուպցիոն համակարգը։

Մենք պետք է շարունակենք սահմանամերձ գյուղերին ցուցաբերվող արտոնությունների համակարգի ընդլայնումը։ Ի դեպ, այդ համակարգը ժամանակին նաև իմ առաջարկով է ներդրվել, ինչը ես կարեւորագույն ձեռքբերում եմ համարում։

Մենք պետք է արմատապես փոխենք երկրի կառավարման եւ ինքնակառավարման համակարգը, որտեղ տարածքային համաչափ զարգացման խնդիրը կզուգորդվի մարզերի կարգավիճակի ինքնուրույնության աստիճանի մեծացման հետ` դրանով իսկ վերջ դնելով բնակչության արտահոսքին՝ այս անգամ արդեն գյուղերից դեպի մայրաքաղաք։

Տարածքային համաչափ զարգացման միջոցով մենք պետք է կանխենք բնակչության գերկենտրոնացումը մայրաքաղաքում, նաև հնարավորություն ստեղծենք արտագնա աշխատողներին տեղում մնալու և իրենց ընտանիքների բարեկեցությունը ապահովելու համար։

Քաղաքացիական հասարակության մասին

Քաղաքացիական հասարակությունը՝ որպես ինստիտուտ, ձևավորվել է հասարակության և պետության միջև ակտիվ, կառուցողական փոխգործակցություն իրականացնելու նպատակով, այնինչ իրականում նրանց փոխգործակցությունը մշտապես առաջացնում և վերարտադրում է նոր հակասություններ ։

Ուսումնասիրելով պետության և քաղաքացիական հասարակության միջև երկխոսությունը՝ հարկ է նշել, որ մեզ մոտ ձևավորվել է զարգացման այնպիսի մոդել, որտեղ վճռորոշ դերը պետությանն է պատկանում։ Իսկ եթե ավելի արդար դատենք, ապա շարքային քաղաքացու և իշխանության միջև հարաբերությունները եղել և մնում են խիստ բևեռացված՝ փոխադարձ միմյանց վանելու սկզբունքով: Այս իրավիճակը չի կարող շարունակվել. սոցիալ-տնտեսական զրկանքները և դժվարությունները ստիպում են քաղաքացիներին դառնալ ավելի իրավագիտակից և պաշտպանել իրենց շահերը պետական ոտնահարումներից:

Պետությունը պետք է սովորի հարգել նրանց և օգտագործել այն հսկայական ներուժը, որն առկա է այդ դաշտում, իսկ այսօր իսկապես պարկեշտ, գրագետ և նախաձեռնող զգալի մարդկային ռեսուրս կա հասարակական ոլորտում, քաղաքացիական հասարակության շրջանակներում։ Եվ պետք է անել ամեն ինչ՝ նրանց երկրի զարգացման գործում ներգրավելու համար։ Պետությունն ու քաղաքացիական հասարակությունը, երբեմն ունենալով մոտեցումների տարբերություններ, պետք է լինեն գործընկերներ՝ լուծելու համար բազմաթիվ ոլորտներում կուտակված խնդիրները։

Մենք հնարավորության դեպքում ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձևավորվեն իրոք անկախ հիմնադրամներ, որոնք կաջակցեն քաղաքացիական հասարակության շրջանակներին՝ հնարավորություն տալով ամենատարբեր ոլորտներում ուսումնասիրություններ, հետազոտություններ անցկացնելու, արդյունավետ գործունեություն իրականացնել։

Առանց հասարակության կողմից իշխանության նկատմամբ վստահության խաղաղություն չի կարող լինել, իսկ վստահությունը հիմնվում է հարգանքի և արդարության վրա, որի բացակայության դեպքում իշխանության լեգիտիմությունը կտրուկ նվազում է:

Ազատ լրատվամիջոցների դերի մասին

Ազատ լրատվամիջոցները չափազանց կարևոր դեր են կատարում երկրում քաղաքացիական արժեքների ամրապնդման հարցում:

ԶԼՄ-ները զսպող դեր են կատարում թե՛ իշխանությունների, թե՛ այլ շրջանակների համար։ Հաճախ նրանք քաղաքացիների արդարացի բողոքների և հարցերի լուծման խոսափող են դառնում։ Այնուհանդերձ, կարևոր է հիշել, որ ազատ լրատվամիջոցների ձևավորման հիմքում տնտեսական ժողովրդավարությունն է: Եվ երբ տնտեսական դաշտը ժողովրդավարական բնույթ չի կրում, այն օբյեկտիվորեն չի կարող ծնել իրոք ազատ և անկախ լրատվամիջոցներ: Այսօրվա մեր հայկական իրողությունն այդպիսին է: Տնտեսական այս համակարգը ծնել է խեղաթյուրված լրատվական դաշտ: Ֆինանսական և տնտեսական ռեսուրսների գերկենտրոնացման պայմաններում լրատվական դաշտն այսօր կառավարվում է հիմնականում մեկ կենտրոնից, և շարքային լրագրողը կամ լրատվամիջոցի ղեկավարն այս պարագայում, մեծ հաշվով, ստեղծված համակարգի զոհերն են։

Խեղաթյուրված և մանիպուլյացվող լրատվական համակարգի զոհ այսօր կարող են դառնալ բոլորը՝ առանց բացառության՝ անկախ նրանից՝ իշխանության մեջ են, թե իշխանությունից դուրս։ Ես և իմ ընտանիքն այդ մեքենայի ազդեցությունն արդեն վաղուց ենք զգում, իսկ մեր դաշինքի կազմավորումից հետո սկսվեցին մեկ կենտրոնից հրահանգված լրատվական հարձակումները մեր հանդեպ։

Ես հակված չեմ մեղադրելու ո՛չ լրագրողներին, ո՛չ լրատվամիջոցների ղեկավարներին, այլ առաջարկում եմ փնտրել և գտնել լուծումներ, որոնք կօգնեն փոխել իրավիճակը՝ ազատելով լրատվական դաշտը մենաշնորհի կաղապարներից։

Ազատ մամուլն ու տնտեսությունը փոխկապակցված են, և տնտեսությունը նույնպես պետք է ազատել ուղղահայաց թելադրանքի կապանքներից՝ դարձնելով մրցակցային։ Որպես արդյունք՝ գովազդային դաշտը վերջապես կազատվի, լրատվական դաշտը կազատականանա՝ այլևս կախված չլինելով ինչ-որ կենտրոնի ցանկություններից և որոշումներից։ Այդ պարագայում արդեն լրատվամիջոցների մրցակցությունը կդառնա իրական և ոչ ուղղորդված՝ ծառայելով հանրային շահին։ Միջանկյալ ժամանակահատվածում՝ մինչ այս գովազդային շուկա-ԶԼՄ-ներ կապն արդեն իրականություն դառնա, ես կպնդեմ, որ պետք է ստեղծել լրատվամիջոցների աջակցության անկախ հիմնադրամներ։

Հայաստանի դեմոգրաֆիկ իրավիճակի մասին

Այսօրվա մեր երկրի գլխավոր վտանգներից է արտագաղթը և երկրի դեմոգրաֆիկ իրավիճակն ընդհանրապես: Երկրի երիտասարդ, մոբիլ զանգվածը արտագաղթում է: Սա ազգային անվտանգության խնդիր է: Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 140 000 մարդ, ինչը բնակչության մոտ 4 տոկոսն է: Սա աղետալի՛ երևույթ է: Այս ամենը կանխելու համար մեկ-երկու քայլ կատարելը բավարար չէ, անկեղծ լինենք, այլ արդարության մթնոլորտ է պետք՝ այդ ուղղությամբ համալիր ծրագիր մշակելու, նոր տնտեսական քաղաքականություն իրականացնելու նպատակով: Անհրաժեշտ է օտարերկրյա ներդրումներ բերել, որոնք շնորհիվ նոր աշխատատեղեր կստեղծվեն:

Անհրաժեշտ է աջակցել երիտասարդ ծնողներին, որպեսզի նրանք ցանկություն ունենան՝ երեխաներին մեծացնել հենց մեր երկրում։ Անհրաժեշտ է, որպեսզի ծնողն իր երեխային մեծացնելիս զգա պետության իրական աջակցությունը։ Սա պետական անվտանգության իրական բաղադրիչներից է։ Պետք է ցուցաբերել իրական աջակցություն երիտասարդ մայրերին՝ առաջին երեխայի ծնվելիս միանվագ գումարը դարձնելով 100 000, երկրորդինը` 500 000, երրորդի դեպքում` 1 միլիոն դրամ, 4-րդ երեխայինը՝ 2 միլիոն դրամ։ Պետք է ձևավորել, այսպես կոչված, մայրական կապիտալի անձնական հիմնադրամ, որը ծնողը կարող է օգտագործել բացառապես 4-րդ երեխայի կարիքները հոգալու համար: Պետք է բարձրացնել նաև երեխայի ծնվելուց հետո մորը հատկացվող ամենամսյա վճարները, իսկ ժամկետը դարձնել 3 տարի: Այս ամենը հնարավոր է, և պետք է արվի, քանի որ մեր երկրի նոր ծնվող քաղաքացին պետք է սոցիալապես պաշտպանված լինի։

Սոցիալական պաշտպանության այլ ձևերի մասին

Գնաճն ամեն ամիս ազդում է մեր եկամուտների վրա։ Մեխանիզմը պարզ է՝ գներն աճում են, եկամուտները՝ մնում նույնը։ Սա հատկապես սուր են զգում ֆիքսված եկամուտ ունեցող՝ պետական աշխատավարձ և թոշակ ստացող մեր քաղաքացիները։ Թոշակառուներն ընդհանրապես այսօր ամենաանպաշտպան շերտն են մեր հասարակությունում. նրանք մեղավոր չեն, որ ազնվորեն աշխատել են խորհրդային միության ժամանակ, իսկ այսօր հայտնվել են պարզապես աղետալի վիճակում, երբ թոշակը չի բավականացնում ամենատարրական կարիքները հոգալու համար: Պետությունը պետք է լուծում առաջարկի՝ պետական ծառայողների, այդ թվում՝ մանկավարժների, բուժաշխատողների, գիտաշխատողների, քաղծառայողների, զինծառայողների, ինչպես նաև՝ թոշակառուների աշխատավարձերն ու թոշակները զերծ պահելով արժեզրկման գործընթացներից։ Այդ նպատակով մենք առաջարկում ենք աշխատավարձերի և թոշակների ինդեքսավորման գաղափարը: Տարվա կտրվածքով թոշակի և աշխատավարձերի հետ միասին պետք է վճարվի նաև արժեզրկման չափով ինդեքսավորման լրացուցիչ գումար:

Սփյուռքի հետ հարաբերությունների մասին

Հայաստանում ապրում է աշխարհասփյուռ տասը միլիոնանոց հայկական հանրության մի մասը։ Մենք մարդկային, ֆինանսական, մտավոր, գիտակրթական, մշակութային ահռելի ռեսուրսների տիրապետող ազգ ենք։ Աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որ նման թանկարժեք ռեսուրս ունեն։

Ինչո՞ւ չենք կարողանում մենք սա օգտագործել մեծ խնդիրների լուծման համար։ Ինձ համար պատասխանները պարզ են.

ա. չենք առաջադրում ճիշտ խնդիրներ,

բ. կորցրել ենք փոխադարձ վստահությունը։

Ես համոզված եմ՝ կարելի է խելամիտ ժամկետներում, գրագետ քայլերով իրավիճակը փոխել։ Դրանից կփոխվի նաև մեր կշիռն աշխարհում։ Մեր խնդիրն է՝ ստեղծել համաշխարհային հայության ամբողջականացված համակարգ,գիտակցելով, որ Հայաստանն է ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի պատվարը եւ ինքնության պահպանման երաշխավորը: Ես ողջունում եմ Հոգևոր Հայաստանի, Արդարություն Հայաստանին, Գլոբալ Հայեր, Միասնական Հայաստան նախաձեռնությունների ջանքերը, որոնք առաջ են քաշում կարևորագույն համահայկական միասնականության գաղափարը։

Այս ուղղությամբ մենք մեծ աշխատանք ունենք միասին անելու։ Ողջ աշխարհում տաղանդավոր հայերը գնահատվում են տարբեր ոլորտներում իրենց նվաճումների համար։ Օրեր առաջ Կանադայում մեր հայրենակից, ռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացավ երկրի բարձրագույն պարգևին՝ այդ երկրի մշակույթի մեջ իր ունեցած ներդրման համար։ Իսկ մենք, կրկին օրեր առաջ, տհաճ մթնոլորտի ականատես եղանք Էգոյանի ընտանիքի, նրա՝ նույնքան տաղանդավոր տիկնոջ՝ հրաշալի դերասանուհի Արսինե Խանջյանի շուրջ։ Ես հարցնում եմ՝ արդյո՞ք իշխանության այսրոպեական, մանր շահերն արժեն, որպեսզի մեր պետությունն իր արժեքները, իր վարկը դնի հարվածի տակ։ Արդյոք իշխանության մանր շահն արժե՞, որ Հայաստանում սփյուռքի մեր տաղանդավոր հայորդիների դեմ վարկաբեկող արշավ տանենք։ Ամո՛թ է, չի կարելի։

Ես ուրախ եմ, որ մենք տեսնելու ենք Սփյուռքի մեր մտահոգ, ազնիվ հայրենակիցներին՝ խորհրդարանական այս ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելիս։ Սա՛ է իրական Հայաստան-Սփյուռք միասնությունը։ Սա՛ է Սփյուռքի իրական ներդրումը Հայաստանի ժողովրդավարության կայացման մեջ։ Այստեղ և այսպե՛ս մենք կարող ենք ծառայել մեր միակ, ընդհանուր հայրենիքի՝ Հայաստանի հզորացմանը։

Երիտասարդության մասին

Ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ այստեղ ամենակարևորը հարցը ճիշտ հասկանալն է, խնդիրը՝ ճիշտ ձևակերպելը։

Երիտասարդությունն ունի ոչ թե հատվածային, էպիզոդիկ կամ մասնակի աջակցության կարիք, այլ իր խնդիրներին խորքային լուծումներ տալու անհրաժեշտություն։

Երիտասարդները հեռանում են Հայաստանից, որովհետև չեն տեսնում հեռանկարը, չունեն արժանապատիվ ապրելու, ընտանիք կազմելու հնարավորություն, չեն տեսնում ինքնադրսևորվելու, զարգանալու, կայանալու պայմաններ և վերջապես, չեն դիմանում անարդարության և ծանոթ-բարեկամական պրոկտեցիոնիզմի հրեշավոր մեքենային։

Մենք հատուկ ծրագիր ենք մշակել նաեւ երիտասարդների համար եւ հստակ տեսնում ենք դրանք կյանքի կոչելու ձևերն ու եղանակները:

Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք ամփոփել

Իմ նշած խնդիրներն, ինչ խոսք, ամբողջությամբ չեն ամփոփում այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառացել են մեր երկրի ու ժողովրդի առաջ։ Սրանով հանդերձ՝ իմ լավատեսությունը մեկ վայրկյան անգամ չի նվազում։ Գրագետ և միասնական աշխատելու դեպքում մենք կարճ ժամանակում մեր երկիրը կարող ենք դնել զարգացման ուղու վրա։ Կարող ենք կարճ ժամանակում ունենալ այնպիսի պետություն, որտեղ ապրելն անվտանգ է ու հեռանկարային, որտեղից մարդիկ ոչ թե կփախչեն, այլ կվերադառնան։ Ես ասում եմ՝ Հերի՛ք է շենացնենք ուրիշ պետություններ։ Պետք է բոլորս միասին շենացնենք մեր հայրենիքը։

Ես ասում եմ՝ հերի՛ք է ապրենք ապագայի երազանքներով։ Եկեք հիմա միասնական ջանքերով կերտենք մեր ուզած Հայաստանը։ Ես ասում եմ՝ հերի՛ք է հանդուրժել այն չքավորությունը, որի մեջ ապրում է մեր ժողովուրդը։ Հերի՛ք է չարաշահենք մեր ուսուցիչների, բժիշկների, գիտաշխատողների, ոստիկանների, դասախոսների, գյուղացիների, մեր բոլոր քաղաքացիների համբերությունը։ Ես ասում եմ՝ հերի՛ք է հանդուրժենք անարդարությունը։ Մեզ օդի պես ազատություն, ջրի պես մաքրություն, հացի պես արդարություն է պետք: Եվ առաջարկում եմ՝ հենց այս՝ «Հերի՛ք է» կարգախոսով քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, տուն առ տուն մարդկանց մեջ արթնացնենք արժանապատվության, հույսի և լավատեսության ալիքը։ Եկեք միասի´ն կերտենք մեր կայուն ու արդար ապագան: Հաղթանա´կ եմ մաղթում բոլորիս»։

Այս խորագրի վերջին նյութերը