Մեկնաբանություն

28.02.2017 21:50


Աշոտյանի «բլթոցներն ու տնքոցները»

Աշոտյանի «բլթոցներն ու տնքոցները»

Անցած տարիներին ժողովուրդն համոզվել է, որ իշխող ուժն ու նրա ղեկավարը որևէ աղերս չունեն անվտանգության և առաջընթացի հետ, սակայն հիմա ՀՀԿ-ն նման կարգախոսով է մտնում ընտրապայքարի մեջ:

Մինչ շատերը իրավամբ բացասաբար են արձագանքում ՀՀԿ-ի «Անվտագություն և առաջընթաց» կարգախոսին, այն ընդունելով որպես ճոռոմաբանություն, հերթական խաբկանք կամ էլ իշխող ուժի նախորդ «տեսլականների» շարունակություն, որոնք այդպես էլ իրականություն չդարձան՝ Արմեն Աշոտյանը փորձում է «վերծանել» իրենց կարգախոսը: Ըստ Աշոտյանի՝ անվտանգության մարմնավորումը Սերժ Սարգսյանն է, իսկ առաջընթացի խորհրդանիշը նոր կառավարությունն է՝ ի դեմս Կարեն Կարապետյանի:

Սկսենք վերջից և նկատենք, որ ՀՀԿ ղեկավարը ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանի բերանով խոստովանում է, որ վեց տարի կառավարության ղեկին պահելով Տիգրան Սարգսյանին, վերջինիս գործունեությունից երկրում միայն հետընթաց է արձանագրել: Ինչը իրականություն է և մնում է զարմանալ, թե ինչո՞ւ էր ՀՀԿ ղեկավարը վեց տարի շարունակ ի հեճուկս երկրի ու ժողովրդի, պինդ պահում Տիգրան Սարգսյանին:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ անվտանգության մարմնավորում հանդիսանալուն, ապա անցած 8-9 տարիներին «անվտանգության մարմնավորողի» կողմից իրականացված արտաքին ու ներքին «նախաձեռնողական» քաղաքականության հետևանքով հիմա ունենք այն, ինչ ունենք՝ համատարած տապալումներ ու ձախողումներ՝ թե՛ արտաքին, և թե՛ ներքին ճակատներում:

Չարժե կրկին թվարկել ՀՀԿ ղեկավարի հայտարարած և նրա կողմից տապալած «գերծրագրերը»: Հենց միայն ահանգնացող արտագաղթը ազգային անվտանգությնա սպառնալիք է, ինչի մարմնավորումն էլ, փաստորեն, ինքն է՝ Սերժ Սարգսյանը: Սակայն Աշոտյանը այդ «գերծրագրերի» տապալումների համար էլ «արդարացում» է գտել ու հայտարարում է, թե Օբամային էլ չի հաջողվել իր պաշտոնավարման ընթացքում որոշ նախընտրական խոստումներ կյանքի կոչել և գուցե հիմա Թրամփն էլ չկարողանա ամբողջությամբ կյանքի կոչել իր ծրագրերը:

Նախ՝ չափազանց զվարճալի է, երբ Աշոտյանն իր կուսակցության ղեկավարին համեմատում է, ասենք, Օբամայի հետ: Մեկի, որը նախագահության երկու ժամկետում հասցրեց 15 միլիոն աշխատատեղ ստեղծել և 20 միլիոն ԱՄՆ քաղաքացու համար էլ բժշկական ապահովագրություն սահմանեց (վերջինիս կողմից իրականացված այլ ծրագրերի մասին չնշենք): Այստեղ են ասել՝ ինչը ինչի հետ է համեմատում: Սակայն առավել մազալու են Աշոտյանի մնացյալ «բլթոցներն ու տնքոցները»: Նախկին ու ներկա կայտառ բազեականը, որն իր բազեականների հետ սոցցանցերը լցրել է ֆեյքերով, հիմա ՀՀԿ ղեկավարի գործունեությունը փաստերով գնահատող ու քննադատող մի քանի իրական ընդդիմադիր կայքերին է անվանում «կեղծ կայքեր»: Նորից կրկնենք՝ այստեղ են ասել՝ ֆեյքեր բուծողները դիմացինի մեջ են «ֆեյք» տեսնում:

Պարզվում է նաև, որ Աշոտյանը ափսոսում է գեներալին (նկատի ունի Սեյրան Օհանյանին): Եվ իբր այդ «ափսոսանք-հոգոցները» նկատել է սոցցանցերում: Եթե մարդը չի ցանկանում այս արատավոր համակարգում լինել ու հանդես է գալիս իշխանության դեմ, ուրեմն՝ Աշոտյանը «ափսոսում» է նման մարդկանց: Թեպետ, զարմանալի էլ չէ, որ Աշոտյանը միայն գեներալին է «ափսոսում»: Բա հո չի՞ կարող լիաբերան ճշմարտությունն ասել՝ ափսոս է երկիրն ու ողջ ժողովուրդը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը