Մեկնաբանություն

01.03.2017 09:30


Որևէ մեկին հետաքրքիր չեն իրարամերժ ու աժեզրկված անձնական կարծիքները

Որևէ մեկին հետաքրքիր չեն իրարամերժ ու աժեզրկված անձնական կարծիքները

Քաղաքական դաշտը խոհանոցի են վերածում իրենց վախերից բխող անարժեք անձնական կարծիքներով:

Առաջիկա շաբաթներն, անկասկած, հիմնականում հագեցած են լինելու ամենատարբեր նախընտրական ժողով-հավաքներով, բացահայտ ու թաքուն հանդիպումներով ու նիստերով, «լավատեղյակ աղբյուրների» մատուցած տեղեկատվական ու ապատեղեկատվական արտահոսքն ապահովող տետատետ կամ մերձավորագույն շրջապատի կողմից կազմակերպված խորհրդակցություն-բանակցություններով։ Սրանք բոլորն էլ լիուլի ապահովելու են այս հանդիպում-ժողովներում որևէ կարևորություն ու նշանակություն չունեցող, բայց խոսելը հիմնական և միակ փեշակ դարձրած կուսչինովնիկների ամենօրյա քրտնաջան աշխատանքի «ֆրոնտը»։

Հանդիպում-ժողովներից առաջ, դեմքի խելացի արտահայտության հավակնությամբ, իշխանության բոլոր «շեփորահարներն» իրենց մշտական անտեղյակությունը քողարկելով, իրական գործընթացներին ու որոշումների կայացմանը որևէ մասնակցություն չունենալով, կատարողի անսպառ պատրաստակամությամբ ժխտելու են որևէ ձևաչափով հավաքների և խորհրդակցությունների մասին պայմանավորվածություններն, արդեն ծիծաղելի դարձած կրկնությամբ հիշատակելու են պատեհ պահի մասին անհասկանալի «քաղաքագիտական» նորմը և որ ամենազավեշտալին է, առանց ամաչելու ժխտելու են իրենց իսկ կուսակիցների արտահայտած մտքերը` դրանք որակելով ընդամենը անձնական կարծիք։ Դրանով հանդերձ ի ցույց են դնում, որ միևնույն թիմում իրարից տեղյակ չեն և յուրաքանչյուրն ըստ իր մտավոր և բարոյական ցենզի, կարող է կուսակցական որևէ համակարգումից և կարգապահությունից դուրս ամբախ-զամբախ մտքեր արտահայտել։ Երկրի պաշտոնատար անձի ասածներն ինչպե՞ս է կարելի այդքան արժեզրկել, այն էլ սեփական կուսակցի միջոցով։

Չէ՞ որ այդ նույն պետական այրը դեռ էլի ասելիքներ կունենա։ Բյուջեի փայլուն նախագիծ, հաղթահարված ճգնաժամ, տնտեսական աճ ու ժողովրդի բարեկեցության բարձրացում, կրթական ու գիտական բարձր նվաճումներ, նվազող արտագաղթ ու ծնելիության շեշտակի աճ, առողջապահական ու բնապահպանական բարձրակարգ ու մատչելի ապահովություն և վերջապես խայտառակ ու այլանդակ ատկատային խարդախությունների, հղփացած իրավապահների և երկիրն արյունաքամ անող կոռուպցիայի դեմ անզիջում ու հետևողական պայքար։ Այս ամենի մասին խոսացող կուսակցականի հրապարակային մտքերը նույնպե՞ս անվանելու են անձնական կարծիք և դրանով հերթական անգամ արժեզրկեն նրա խոսքը։ Չնայած փորձը ցույց է տալիս, որ շատ արագ կարող է հայտնվել ավելի ի պաշտոնե խոսնակ, ով էլ իր հերթին « կջրի» այդ ասածը։ Արդյունքում` իրենք իրենց մեջ հետո կպայմանավորվեն (սովոր են իրար խոսքերն ու ոչ միայն խոսքերը «ջրելուն»), իսկ հասարակության համար հերթական անգամ ի հայտ կգա «այրերի» փուչիկ լինելը։

Վերադառնանաք հանդիպում-ժողովներին։ Վերը նշված և արդեն սովորական դարձած ծիծաղելի իրավիճակն է´լ ավելի ծիծաղելի է դառնում արդեն հանդիպում-նիստերի տեղի ունենալուց հետո։ Քանի որ նույն տրամաբանությամբ և սովորությամբ հիմնական խոսիչները բացարձակ անտեղյակ են լինում հանդիպումների ընթացքին ու ձեռքբերված և կամ ձեռք չբերված որոշումներին ու պայմանավորվածություններին, ապա նույն փութաջանությամբ և «շառից-փորձանքից» հեռու մնալու զգուշավորությամբ ամեն կերպ կամ խուսափում են տեղեկատվություն հաղորդելուց, կամ թեթևակի «դաբրոյի» դեպքում շտապում են միայն այնպիսի տեղեկատվություն «բաց թողնել», որը հանկարծ որևէ կերպ չսասանի շեֆի ամենակարող կերպարը։ Նույնիսկ եթե այդ տեղեկատվությունը որևէ աղերս չունի իրականության հետ և նույնիսկ եթե տեղի ունեցածը ճիշտ հակառակն է։ Սրա արդյունքում էլ տեղեկատվական դաշտը լցվում է ամեն տեսակի «հավաստի» լուրերով, որոնց ժխտմամբ ու հաստատմամբ էլ կրկին սկսում են զբաղվել միայն անձնական կարծիք հայտնելու թույլտվություն ունեցող կուսչինովնիկները։

Նման խղճուկ իրավիճակում հայտնված իշխանության «քաղաքական» հսկաները նույնիսկ իրենց անելիքի ու ճակատագրի մասին որևէ հստակ պատկերացում չունենալով, ինքնուրույնության և ինքնավստահության իսպառ բացակայությամբ, ինչպե՞ս կարող են երկրի ու ժողովրդի ճակատագիրը տնօրինելու հավակնություն և բարոյական իրավունք ունենալ։ Անհասկանալիորեն «քաղաքական վերնախավ» հորջորջված այս անընդհատ կրկնվող ու անփոփոխ ծերակույտի (տարիքը բոլորովին նշանակություն չունի։ Մտածելակերպի կարծրացած անընդունակության խնդիր է) միակ առաքելությունն անընդհատ ծաղրածուի դերակատարությամբ տեղին-անտեղի «անձնական կարծիքներ» հայտնելն ու շատ արագ դրանք ժխտելն է, շեֆի բարեհաճությունն ու սեփական թուլաբաժին վաստակելը, համատարած անորոշությունն ու անպատժելիությունը խստապահանջ շոուներով քողարկելը, բազմահազարանոց ընտրողներին անորոշության մեջ պահելը ։

Առաջիկա շաբաթներն ավելի ցցուն են դարձնելու այս ողջ կատակերգությունը։ Դեմքերն ավելի են «լրջանալու», հայացքներն ավելի են «խելացիանալու», մտքերն ավելի են խճճվելու, այրերն ավելի «հաստատակամ» ու երկրի խնդիրներով «մտահոգ» են դառնալու, մինչև այժմ բոլորիս աչքի առջև եղած ու բացահայտ խայտառակություններ ու այլանդակություններ են իրենց համար նոր բացահայտելու, թեթևակի ինքնաքննադատություն է հնչելու, բազմաթիվ կարմիր ժապավեններ են կտրվելու ու դրանց ավելացման մասին խոստումներ տրվելու։ Եվ այս ողջ խեղկատակության և ամբարտավանության պաշարով, այս ողջ իշխանական «վերնախավը» տիրոջ իրավունքով կրկին կանգնելու է ժողովրդի առաջ և թմբկահարելու իշխանության գալու իր հավակնության մասին։

Միայն ժողովրդին` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն է վերապահված իր անձնական կարծիքը արտահայտելու և այդ կարծիքին տեր կանգնելու իրավունքը։ Եվ որևէ «վերնախավ» իրավունք և հնարավորություն չպետք է ունենա վերանայելու, գնելու կամ հերքելու քվեախցում արտահայտած անձնական կարծիքը։

Արտակ Բշտիկյան

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը