Լրահոս

17.03.2017 15:30


«Եվրոպայի հայությունը հետևում է վայրագության հասնող և թույլատրելի բոլոր սահմաններն անցած, այսպես կոչված, ընտրապայքարի ձևերին». ԵՀՄՖ

«Եվրոպայի հայությունը հետևում է վայրագության հասնող և թույլատրելի բոլոր  սահմաններն անցած, այսպես կոչված, ընտրապայքարի ձևերին». ԵՀՄՖ

ԵՀՄՖ-ի նախագահությունը խստիվ դատապարտում է Հայաստանում սկսված նախընտրական պայքարի ընթացքում տեղի ունեցող գործընթացները:

Եվրոպայի հայությունը հետեւում է վայրագության հասնող եւ թույլատրելի բոլոր սահմանները անցած, այսպես կոչված, ընտրապայքարի ձեւերին: Հատկապես ցանկանում ենք շատ կտրուկ արձագանքել ընդիմության հայտնի գործիչների եւ քաղաքական բանտարկյալների դեմ իշխանությունների կատարած քայլերին: Անիրավությունների գագաթը հանդիսացավ հայտնի հասարակական գործիչ «ՀԱՑ ԲԵՐՈՂ»-ի՝ Արթուր Սարգսյանի անժամանակ մահվան դեպքը: Այդ երիտասարդը դարձել էր մարդասիրության եւ ազատատենչության սիմվոլ, եւ նրա նկատմամբ իշխանությունների անմարդկային վերաբերմունքը արժանացել է ողջ հայության ցասմանը:

Կեղծիքով եւ ստով նախագահական աթոռը զավթած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա մանկլավիկ վարչապետ Կարեն Կարապետյանը անձամբ են պատասխանատու եւ գրանցված ահասարսուռ մահվան դեպքի եւ ոչ քաղաքակիրթ ձեւով ընթացող նախընտրական գործընթացների համար:

Կասկած չի հարուցում, որ Հայաստանի եւ արտերկրի հայությունը տալու է արժանի հակահարված ցինիզմի բոլոր սահմանները անցած ՀՀԿ-ական իշխանություններին: Կասկած չի հարուցում նաեւ այն, որ ողջ արտերկրի հայությունը սատարելու է երկիրը կործանման հասցրած այս ռեժիմի դեմ պայքարող բոլոր ընդիմադիր ուժերին: Կարծում ենք, որ իշխանափոխության համար պայքարի ելած բոլոր ընդիմադիր կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները պիտի համախմբվեն համահայկական ճակատի ներքո եւ պահանջեն իշխանության առաջնորդների հրաժարականը:

Արտերկրի հայությունը հսկելու է, լուսաբանելու է եւ ողջ աշխարհին ներկայացնելու է ընտրարշավի իրական պատկերը՝ ներկայացնելով բոլոր այն ընտրակեղծիքները, որոնք ավանդաբար կրկնվել են Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված բոլոր նախորդ ընտրություններում, եւ, հավանաբար, փորձվելու են դրանք կրկնվել նաեւ այս վերջին, մեր ազգի համար չափազանց կարեւոր ընտրությունների ընթացքում: Մեր կողմից եւ նախընտրական գործընթացները եւ բուն ընտրությունը լուսաբանվելու են եւ անաչառ ներկայացվելու են եվրոպական եւ համաշխարհային մամուլում, նաեւ պատկան միջազգային կազմակերպություններին:

Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր երկրի ապագան բոլոր առողջ ընդիմադիր ուժերի միավորումն է այս վարչակազմի դեմ՝ երկրի արդյունաբերությունը, տնտեսությունը եւ արտաքին դիվանագիտությունը ամենացածր մակարդակի իջեցրած իշխանություններից ազատվելու համար:

ԵՀՄՖ-ի նախագահություն

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

17.03.2017

Բրատիսլավա, Սլովակիա

Այս խորագրի վերջին նյութերը