Լրահոս

21.03.2017 17:35


Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք, որից տուժել է 12 հոգի, մեկը` մահվան ելքով: Նրանք կերել են տնային պայմաններում մարինացված ծիծակի, վարունգի և լոլիկի պահածոներ:

Դեպքերն արձանագրվել են Արմավիրի, Տավուշի, Արարատի և Վայոց ձորի մարզերում:

Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Հիվանդության հարուցիչը «Clostridium botulinum»-ն է, որը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն` բոտուլոթույն: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (120 0 -130 0 C) ազդեցության տակ, ինչը տնային պայմաններում հնարավոր չէ ապահովել: Բոտուլոթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս ուտելուց 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է: Կլինիկական հիմնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, փորլուծություն և փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, երկտեսություն, կոպի իջեցում (պտոզ), բբերի լայնացում (միդրիազ), կլման ակտի խանգարում, ռնգախոսություն, խոսքի խանգարում, բերանի չորություն, սրտի աշխատանքի դանդաղում, շնչառության խանգարում, հավասարակողմ կաթված:

Բոտուլիզմից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝

 խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

 սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով,

 տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

 մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

 առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

Այս խորագրի վերջին նյութերը