Լրահոս

22.03.2017 14:15


Սերժ Սարգսյանը հանդիպել է շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ

Սերժ Սարգսյանն այսօր Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:

Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած էմիրաթական կողմի ավանդական ջերմ ընդունելության համար: Նշելով, որ ոչ այնքան երկար ժամանակ է անցել Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ իր վերջին հանդիպումից` Սարգսյանը ջերմությամբ է հիշել մոտ չորս ամիս առաջ բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած իր պաշտոնական այցը և գոհունակությամբ արձանագրել, որ այն որակական նոր մակարդակի բարձրացրեց երկկողմ միջպետական հարաբերությունները։

Ս. Սարգսյանի գնահատմամբ՝ խոստումնալից հունով են ընթանում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով իրականացվող միջոցառումները, որոնց թվում է նաև այսօր բարեկամ էմիրություններում անցկացվող Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված համաժողովը։

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսությանը զուգընթաց համընդգրկուն փոխգործակցության զարգացմանը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի բնագավառում:

Ս. Սարգսյանը վստահություն է հայտնել, որ համաժողովի արդյունքներն ու դրա շրջանակներում ձեռք բերվելիք գործնական պայմանավորվածությունները կունենան երկկողմ լիակատար աջակցություն և իրենց լուրջ ներդրումը կբերեն հայ-էմիրաթյան առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործին:

Նա շնորհակալություն է հայտնել համաշխարհային նշանակություն ունեցող «Դուբայ Էքսպո-2020» ցուցահանդեսին Հայաստանին մասնակցության հրավերի համար:
Ընդգծելով, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս առումով հայ-էմիրաթյան հարաբերություններն առանձնակի տեղ են զբաղեցնում, և փոխգործակցության լավագույն օրինակներից են:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը միմյանց մայրաքաղաքներում որակապես նպաստում է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Ս. Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ Դուբայի առևտրատնտեսական կենտրոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնումը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսական կապերի զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ս. Սարգսյանի պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Այդ համատեքստում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել ԱՄԷ քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու` ՀՀ կառավարության որոշման մասին, որն արդեն ուժի մեջ է մտել: Ս. Սարգսյանը և Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը դա կարևոր քայլ են համարել երկկողմ կապերի առավել ամրապնդման ու զարգացման ճանապարհին:

Այս խորագրի վերջին նյութերը