Մեկնաբանություն

26.03.2017 13:10


Սերժ Սարգսյանի նախընտրական «ռազմահայրենասիրությունը»

Սերժ Սարգսյանի նախընտրական «ռազմահայրենասիրությունը»

«Ֆուտբոլային» ու նախաձեռնողական արտաքին և ներքին տապալված քաղաքականության արդյունքում հակառակորդին լկտիանալու հնարավորություն տված, տնտեսական «բարեշրջումների» միջոցով Հայաստանը 300 հազարից ավելի ՀՀ քաղաքացուց դատարկած, աղքատությունն ավելացրած, ներդրումները կտրուկ կրճատած, տնտեսական անկման միջազգային ռեկորդ սահմանած, ապրիլյան պատերազմի ու մեր կորուստների պատճառ դարձած Սերժ Սարգսյանն ընտրարշավի մեջ է մտել «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով:

Քիրվայականության գաղափարախոս Լևոն Տեր-Պետրոսյանին հեռուստաեթերներով ինտենսիվ «ռասկրուտկա անող», Արցախի հերոս Սամվել Բաբայանին շինծու մեղադրանքով կալանավորող Սերժ Սարգսյանը հագել է կամուֆլյաժը (ի դեպ, նա այդպես էլ հայկական բանակի կամուֆլյաժ չհագավ, այլ նախընտրեց ինչ-որ այլ ստանդարտի զինվորական հագուստ), մեկնել Արցախ ու «ռազմահայրենասիրական» ելույթ է ունենում ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ստորագրում էր հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները, Գյուլի խաթեր անջատում Ծիծեռնակաբերդի լույսերն ու ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապկից պոկում Արարատը, համաձայնություն տալիս Ղարաբաղի հողերը հանձնելուն ու զուգահեռաբար «ռազմահայրենասիրական» ճառեր արտասանում Դեյր Զորի անապատներում ու Ծիծեռնակաբերդի պատերի տակ:

Մեր երկրի անվտանգությանը լրջորեն վնասած Սերժ Սարգսյանը խոսում է առանց աչք թարթելու «Իսկանդերն» օգտագործելու մասին՝ փորձելով անվտանգություն ապահովողի դերի մեջ մտնել:

«Քառօրյա պատերազմի ավարտին համաձայնվելիս մենք, անշուշտ, գիտեինք, որ դեռ մեկ-երկու բլուր հետ չենք վերցրել։ Ներքին քաղաքական դաշտից վախեցող կամ պոպուլիստ մեկը էլի մի 100 զոհի գնով հետ կբերեր այդ հողակտորը, որ հետո հերոս խաղար ամբիոններում։ Միայն ուժեղը կարող էր կանգնելու հրաման տալ, խնայել կյանքեր ու իր վրա վերցնելով ապագա դատարկ պոպուլիզմի հարվածները՝ քաջ գիտակցելով ինչքան տարածք է մինչ այդ լուռ վերցրել և ինչքան կվերցնի հաջորդ անգամ (90-ականների պատերազմի ամենալարված փուլում Սերժ Սարգսյանը լքել է ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը ու հայտնվել Մոսկվայում. տարածքների ազատագրումը Սերժ Սարգսյանի՝ Ղարաբաղը լքելուց հետո է եղել, և դա փաստ է - Կ. Մ.)։ Մարդկային կյանքը կարող են գնահատել միայն ուժեղները։ Մեր անվտանգությանն ուժեղ առաջնորդություն է պետք»,- հայտարարել է ՀՀԿ ղեկավարը Ղարաբաղում։

Նկատենք, որ այս հայտարարությամբ Սարգսյանը փորձում է սրբագրել ինքն իրեն ու իրականությունը ներկայացնել գլխիվայր շուռ տված:

Իսկ իրականությունը հետևյալն է՝ մենք 100-ից ավելի զոհ տվեցինք և տարածքներ կորցրեցինք, քանզի գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակ ունեցող մարդը չէր կատարել իր ֆունկցիան մինչև ապրիլյան մարտերն ու բուն մարտերի օրերին:

Երբ Սարգսյանն ասում է, թե ինքն ապրիլյան օրերին մարդկային կյանքը գնահատելու համար է կանգնելու հրաման տվել, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Հիշեցնեմ, որ դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը խոսում էր, թե մինչև իրենց հանդիպումն ավարտվի, այդ մեկ-երկու բլուրը հայկական կողմը հետ վերցրած կլինի: Ասել է թե՝ մարդկային կյանքի գնով բլուրներ գրավելու հրահանգ իր կողմից եղել է: Այլ հարց է, որ բլուրները (իրականում՝ ռազմավարական լուրջ դիրքերը) մնացել են թշնամու ձեռքում, և մարդկանց կյանքն էլ հնարավոր չի եղել պաշտպանել: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը պոպուլիզմի ու ներքաղաքական վախի պատճառով երեխեքին թշնամու թնդանոթի բերան ուղարկելու հրահանգ է տվել, այն էլ՝ առանց աչքը թարթելու: Գրեթե բոլոր զոհերի ու վիրավորների մոտ բեկորային վնասվածքներ են, ինչը խոսուն փաստ է:

Ինչ վերաբերում է առանց աչք թարթելու «Իսկանդերն» օգտագործելու «դուխ» ունենալուն, ապա դա արդեն նախընտրական շոու է և պոպուլիզմ: «Իսկանդերի» համազարկ տալուց առաջ նախ պետք է հայկական գյուղերն ու քաղաքները պաշտպանես հակառակորդի օդային հարձակումներից, ապա նոր միայն մտածես «Իսկանդերի» մասին:

Ի դեպ, իրեն անվտանգություն ապահովողի դերում մատուցող Սերժ Սարգսյանը մինչև այսօր հրապարակավ բացատրություն չի տվել հանրությանը, թե ինչու ապրիլյան մարտերից տարիներ առաջ իրեն նամակ գրած ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նամակին, որտեղ վերջինս զգուշացնում էր սպասվող հարձակումների, հայկական կողմի անպատրաստության և անելիքների մասին, չի անդրադարձել: Իսկ նամակում այդ հենց անվտանգությանը վերաբերող հարցեր կային, որն այն ժամանակ աչքաթող արվեց այսօր տեսախցիկների առաջ «Իսկանդերն» առանց աչք թարթելու օգտագործելու պատրաստ Սարգսյանի կողմից:

2011-ի կազանյան գործընթացից հետո Ալիևը պատրաստվել է պատերազմի, իսկ Սարգսյանը՝ ընտրակեղծիքների: Արդյունքները տեսանելի են: Եվ ուրեմն, ապրիլի 2-ի ընտրություններին, հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության, պետք է չքվեարկել Սերժ Սարգսյանի գործիք ՀՀԿ-ի օգտին:

«Սերժ Սարգսյան», «առաջընթաց» և «անվտանգություն» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել: Դրանք միմյանց հակադիր բառեր են:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը