Լրահոս

27.03.2017 16:54


Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Մարտի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Յան Ալեքսանդր Հիլին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով նորանշանակ դեսպան Հիլին Երևանում՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ հարաբերությունների զարգացումը ամենատարբեր ոլորտներում, և հաջողություն մաղթեց դեսպանին իր կարևոր առաքելության մեջ:

Դեսպան Հիլը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, իր հերթին շեշտեց, որ իր կառավարությունը մեծապես հետաքրքրված է՝ զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ, և ինքը հավելյալ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ ու բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում կարևորվեց արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջխորհրդարանական փոխգործակցության հաստատումը, իրավապայմանագրային դաշտի զարգացման, առևտրատնտեսական, հատկապես գյուղատնտեսության ոլորտում կապերի խթանման անհրաժեշտությունը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ երկկողմ համագործակցության զարգացման գործում կարևոր դերակատարություն կարող է ունենալ Նոր Զելանդիայի փոքրաթիվ, բայց ակտիվ հայ համայնքը։

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային հրատապ հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Այս խորագրի վերջին նյութերը