Մեկնաբանություն

12.04.2017 08:20


«Ինքը մինչև վերջ պիտի լինի». ո՞րն է վերջը

«Ինքը մինչև վերջ պիտի լինի». ո՞րն է վերջը

Ասում են՝ ճշմարտությունը երեխայից իմացիր, կամ էլ հարբած մարդուց: Չգիտեմ, Գալուստ Սահակյանը նրանցից որն մեկն է, բայց «Ազատության» հարցին՝ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո կլինի վարչապետ, թե ոչ՝ նա նախ պատասխանել է. «Ճիշտն ասած՝ դա որևէ մեկը չի կարող ասել, չեմ կարող ասել նաև ես: Դա 2018 թվականին ինքը՝ Սերժ Սարգսյանը կասի: Բայց ես նաև համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը կկարողանա այնպիսի մոտեցումներ ձևավորել, որ ինքը միշտ առաջին դիրքերի վրա լինի ընդհանուր քաղաքականության մեջ: Հիմա՝ վարչապետ կլինի, կամ ինչ-որ մի նոր բան կարելի է մտածել՝ դա որևէ մեկը չի կարող ասել»:

Լրագրողի ճշտող հարցին՝ օրինակ ի՞նչ, Սահակյանն ասել է. «Չեմ մտածել այդ մասին, որովհետև դա այն խնդիրը չէ, որ մենք մտածենք և առաջարկենք: Բայց ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը մինչև վերջ պիտի լինի»:

Մի կողմ թողնենք այն, որ ՀՀԿ-ում բացի Սերժ Սարգսյանից, ուրիշ ոչ ոք մտածելու իրավունք չունի, քանի որ նա ՀՀԿ-ի հայրն է (Շարմազանով):

2015-ին ՀՀԿ ղեկավարը հստակ հայտարարեց, թե իրեն ոչ մի պաշտոն էլ պետք չէ, եթե սահմանադրական փոփոխություններով իր չուզած՝ պառլամենտական մոդելն անցնի (նրա այս հայտարարությունն էլ անլուրջ համարեցին շատերը, քանի որ մի կողմից այլ բան էր ասում, մյուս կողմից՝ ամեն ինչ անում էր, որ իր «չուզած» մոդելն անցնի): Հիմա Գալուստ Սահականն ասում է` իր կուսակցության առաջնորդը 2018-ին «ինքը կասի», թե ինչ պաշտոն է ուզում (կուսակցական ներքին ժողովրդավարություն, ընդհանրապես՝ ժողովրդավարություն-բան, դրանք ստից բաներ են՝ «ինքը կասի»): Բայց այս ամենն էլ հեչ:

Սովոր ենք, գիտենք սարգսյանական տրաֆարետային «ժողովրդավարության», մի բան ասելու, լրիվ ուրիշ բան անելու նրա անդավաճան գործելակերպի մասին: Զվարճալին այն է, որ Գալուստ Սահակյանը «երեխայաբար» բացահայտում է ՀՀԿ ղեկավարի պլանները՝ «Սերժ Սարգսյանը մինչև վերջ պիտի լինի»: Ըստ էության «Վերջի բոլշևիկին» նույնացնելով առաջին բոլշևիկի հետ՝ «Լենինը ապրել է, Լենինը ապրում է, Լենինը կապրի դարեդար»:

Ի դեպ, «քաղաքական մավզալեյ» կառուցելու ժամանակը չէ՞ (հազիվ էլ հասցնեն մի 40 տարում կառուցել):

Չէ, բայց հետաքրքիր է, «մինչև վերջ պիտի լինի»-ն ի՞նչ է նշանակում: Մինչև պետության անկո՞ւմը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը