Մեկնաբանություն

27.04.2017 08:05


Էն գլխից բեմադրված ներկայացում

Էն գլխից բեմադրված ներկայացում

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկից երկու օր անց «կրեատիվությունը» սպառվեց:

Դե, ԵԼՔ դաշինքը տանիքներ բարձրանալու «սմերտելնի նոմերն» արդեն ցուցադրել էր ապրիլի 2-ի ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ինչը հիմա էլ շարունակում է ցուցադրել (ի դեպ, տղաներն ահագին գիրացել են. երևի, ազգի մասին շատ մտածելուց է): Մասնակից մյուս նորածին ուժն էլ հեծանվարշավ իրականացրեց: Իսկ գործող քաղաքապետն էլ իր թիմով «ծանԴր» ոճի մեջ է քարոզարշավ իրականացնում: Իրար մի քիչ կծմծում են, հետո բոլորը միասին խոսում են վերելակների, տրանսպորտի, բազմաբնակարանների թեմաների մասին՝ մայրաքաղաքի տարբեր համայնքներում հատուկենտ բնակիչների ներկայությամբ: Իհարկե, իշխող ուժը Տարոն Մարգարյանի համար «մասսա» ապահովում է, սակայն, ընդհանուր առմամբ, քարոզարշավը դեռ չսկսված՝ արդեն ձանձրալի է դարձել հորանջելու աստիճան:

Զավեշտ են, անշուշտ, «մրցակից» ուժերի գործադրած ջանքերը հատկապես իրար դեմ «պայքարելու» մասով: Ախր, էն գլխից բեմադրված ներկայացում է, ի՞նչ եք ձեզ կոտորում, երբ հաստատ գիտեք, որ բոլորիդ էլ այդ ավագանիում ինչ-որ մասնաբաժին հատկացված է (բնականաբար, Տարոն Մարգարյանի և նրա թիմի «կայուն մեծամասնությամբ»): Այնպես որ, նայելու բան չկա, ու որպես երևանցի՝ ես անձամբ չեմ պատրաստվում մասնակցել այդ ընտրություններին: Քանզի ընտրելու արժանի ուժ չկա:

Քանի դեռ Սերժ Սարգսյանը նստած է Բաղրամյան 26-ում, Հայաստանում ընդհանրապես, Երևանում՝ մասնավորապես, ոչինչ էլ չի փոխվելու: Այդ ի՞նչ ծրագրերից են խոսում ավագանիում տեղ ունենալու համար «մրցապայքարի» դուրս եկած ուժերը: Քանի՞ լումայի ներդրում են նշել իրենց ծրագրերում, որ պետք է ներգրավեն Երևանը զարգացնելու գործում: Ոչ ոք այդ մասին չի խոսում: Է՛հ, վերելակները երկնքից նվե՞ր են ընկնելու, ու դուք էլ հինը նորերո՞վ եք փոխելու: Վերելակների համար բնակիչներն են փող հավաքում ու աշխատեցնում: Քաղաքային բյուջեն դրա համար չէ, դրա համար բնակիչն իր գրպանից է վճարում: Այս մասին էլ ԵԼՔ-ականներն ու ծիրանականները չեն խոսում: Կամ այդ ո՞ր գծատիրոջն են Նիկոլն ու Զարուհին չեզոքացնելու (բա որ աղան բարկանա՞): Էստեղ են ասել՝ հեքիաթներ մի՛ պատմեք, ախպոր պես:

Ի դեպ, սրանք «մտահան» են արել քաղաքապետարանի «Երևան» հիմնադրամում գոյացած հսկայական գումարները և հատկապես այն փաստը, որ այդ հիմնադրամից 2012-ին Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանի «Փյունիկ» հիմնադրամին փոխանցվեց 500 միլիոն: Էս թեման տաբու է, չեն խոսում: Միայն «մարշրուտկաների» դռներն են բացում ու փակում՝ հաշվելով ներսում եղած մարդկանց թիվը: Իսկապես, խնդալու է:

Դե, Տարոնն ի՞նչ: Խորհրդային շրջանի «ձևաչափով» քարոզում է՝ թիկունքում շարելով հայտնի դեմքերին (նաև կասկածելի հեղինակություն ունեցող մարդկանց) ու հայտարարում է. «Մենք ունենք հստակ քայլեր, մենք ունենք ծրագրերի հստակ քայլեր»: Գիտեք, էլի, որն է՝ ծաղիկներ շիթիլ անելն ու «Էրեբունի-Երևան» տոնակատարության վրա լիքը փող թափելը (հասկացեք «ատկատ անելը»):

Երևանն անտեր է արդեն 9 տարի կամ էլ ինքն իրեն «զարգանում» է, այն է՝ աղբը աճում է՝ տեղում մնալով, ու ամեն ծակուծուկ վաճառվում է, դառնում շաուրմայանոց ու պանդոկ, քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող դպրոցներում էլ ծաղկում է դրամահավաքությունը: Հա, մեկ էլ զառաներին ու նմաններին են բնակարաններ նվիրում: Ոչ մի ռազմավարական ծրագիր գոյություն չունի: «Յաբախտի» իր համար ապրում է, էլի, մեր քաղաքը: Թե էդքան ավագանու անդամ ինչի է պետք, անհասկանալի է: Բայց դե, յուղոտ պատառ է, ու շատերն են ուզում օգտվել, վայելել ու ճարպոտել՝ «Երևան ջան» ասելով ու երգելով:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը