Լրահոս

16.05.2017 22:05


Հայկական զինուժի կորուստները 2017-ի ապրիլին

Հայկական զինուժի կորուստները 2017-ի ապրիլին

2017-ի ապրիլի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Դրանից բացի, վիրավորվել է 1 զինծառայող։ Այս մասին հայտնում է razm.info-ն։

Մարտական կորուստներ

• Ապրիլի 24-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:

Ապրիլի 28-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակված կրակոցից զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:

Ոչ մարտական կորուստներ

• Ապրիլի 21-ին Վայոց ձորում անցկացված ճամբարային հավաքի ժամանակ ծառայակցի՝ անվտանգության կանոնները խախտելու հետևանքով արձակած կրակոցից մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանը (ծնված` 30.08.1986թ.): Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտը կրակոցն արձակել է ինքնաձիգը մաքրելիս՝ մինչ այդ չհավաստիանալով՝ զենքի մեջ փամփուշտ կա, թե ոչ:

• Ապրիլի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Կարեն Արմենի Ավետիսյանը: ՀՀ Քննչական կոմիտեն փոխանցում է, որ նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքն Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով: Ավելի ուշ պարզվել են զինծառայողի արժանապատվությունն առանձին ծառայակիցների կողմից վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 3 ծառայակիցների:

Ապրիլի 26-ին ոստիկանության Նոր Նորքի 5-րդ զանգվածում ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել։ ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից Razm.info-ի հետ զրույցում հաստատել են, որ մահացածը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ինժեներական ծառայության պետ, մայոր, 31-ամյա Արմեն Ծատուրյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Ծատուրյանը մահացել է սրտի կաթվածից։

Վիրավորներ

• Ապրիլի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: Նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը