Մեկնաբանություն

18.05.2017 22:22


Բոլորս ագռավի չափ ապրելու ենք

Բոլորս ագռավի չափ ապրելու ենք

ԱԺ վերցերորդ գումարման առաջին նիստի բեմադրությունն էլ տեսանք: Ապաշնորհ բեմադրիչի աշխատանք էր: Ինչպես ասում են, «կարերը երևում էին»՝ ով, ինչպես, ինչու պետք է իրեն այդպես դրսևորեր:

Դերաբաշխման հարցում էլ նորություն չկար. մի խումբը «որ մենք հերոս» էր խաղում, մյուսը՝ «բրնձողի» դերում էր, մեկելը՝ «օրենքի ոգին ու տառը հարգողի» դերն էր ստանձնել: Իրականում բոլորը «մի ոգի, մի մարմին» էին: Մեկ ժամ տևած ելույթն էլ ջուր էր: Այսինքն՝ խրատաբանություն, խոստումների հերթական «խմբաքանակ», ինքնագովություն: Մեծ հաշվով, նախորդ տարիներին արտասանած ճառերից չտարբերվող ելույթ:

Թեև, մի արտառոց «նրբություն» կար Սերժ Սարգսյանի երկարաշունչ ելույթում: Խոսքը օրենսդիրներին օրենսդրական աշխատանքի առանձնահատկությունների մասին բացատրական հատվածի մասին չէ (չնայած, սա էլ զավեշտ է): Ոչ էլ վերաբերում է ՀՀԿ ղեկավարի կողմից քանիցս հնչեցրած այն վստահ պնդմանը, թե «ազատ, թափանցիկ և բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով» է ձևավորվել նորընտիր խորհրդարանը (հետաքրքիր է, ո՞վ է բարձր գնահատականի արժանացրել. այդ ո՞ր միջազգային կառույցն է այդպես հիացել, էլ չասած մեր ժողովրդի մասին):

Կեղծիքների, խախտումների, ընտրակաշառքների և մնացյալ բացասական երևույթների առատությամբ ռեկորդ սահմանած ապրիլերկուսյան ընտրությունները պետության ամոթն էին: Բայց դե, պետության գլուխը հպարտանում է:

Շրջանցենք նաև նոր Սահմանադրության «բարեմասնությունների» մասին ելույթում տեղ գտած ահավոր ձանձրալի հատվածը ևս: Արտառոց չենք կարող համարել նաև Սարգսյանի ելույթում անարդարությանը պատերազմ հայտարարելու մասին «ռազմատենչ ոգով» «հրովարտակի» հրապարակման մասը: Թեպետ, ինչ-որ չափով արտառոց էր, քանի, որ ստացվում է՝ ինքն իր դեմ է պատերազմ հայտարարում: Սա արդեն զվարճալի է: Եվ քանի-քանի անգամ է նման «պատերազմներ հայտարարել» ու «գլխից բռնելու» մարտավարական ծրագիր հռչակել: Ավաղ, այդպես էլ գլուխը չի բռնվում (երևի, շատ «սպլտրիկ» է):

Ելույթում արտառոցն այն է, որ Սարգսյանը խոստումների իրականացման ժամանակացույցը ձգում է մինչև 2040 թվական (համարյա 21-րդ դարակես)՝ «էշ մի սատկի, գարուն կգա» ռազմահայրենասիրական երկարաժամկետով: Ի՞նչ վատ է, 2040-ին կդառնանք 4 միլիոն, 2040-ին աղքատությունը ահագին կնվազի, 2040-ին տնտեսությունը կաճի, 2040-ին աշխատավարձերը կավելանան... Սերժ Սարգսյանը, կարծում է, որ ինքն ու մենք՝ բոլորս ագռավի չափ՝ 500 տարի ապրելու ենք ու տեսնելու ենք, թե ինչպես է Հայաստանը զարգանում: Բացի այդ, Սարգսյանը, փաստորեն, կարծում է, որ ինքն իշխելու է մինչև 2040 թվականը և անպայման կատարելու է տրված խոստումները: Հիմա էլ սեփական իշխանության պահպանման ժամանակային այսպիսի «նշաձող» է սահմանում: Անցած 9 տարին՝ հեչ, դեռ նոր ենք սկսում աշխատել, որի արդյունքները կտեսնեք 2040-ին: Սա՛ է նրա ասածը: Ինչը լսելուց հետո սոցցանցերում, բնականաբար, սկսվեցին ու շարունակվում են հեգնական, ծաղրական բնույթի արձագանքները:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը