Լրահոս

02.06.2017 23:38


Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալը՝ խարդախության զո՞հ

Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալը՝ խարդախության զո՞հ

ՀՀ Ազգային ժողովում 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանի շուրջ դատական գործընթաց է ընթանում՝ այս անգամ նա գործով վկա է ու առանձնապես խոշոր չափերի խարդախության և նույնչափ կաշառք տալու փորձին դրդելու վերաբերյալ գործով տուժողի որդին:

Այսպես, ըստ ամբաստանյալ Թերեզա Սարգսյանին առաջադրված մեղադրանքի, ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառելու և ներում շնորհելու կեղծ խոստմամբ, վերջինիս մորը՝ Թերեզա Օհանյանին, դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 4.903.740 ՀՀ դրամին համարժեք 12 000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ պաշտոնատար անձանց, ապա, ստանալով նշված գումարը, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույքը։

Վկաներից մեկն այսօրվա դատական նիստում հայտնեց, որ լսել է գործով վկա Վարսիկի խոսակցությունն ամբաստանյալի հետ՝ Վարսիկն ասում էր պարտքը բեր տուր, քանի որ Թերեզա Օհանյանն իրենից է փողն ուզում: Վարսիկն ասում էր՝ ես դրա հետ կապ չունեմ: Ըստ վկայի, ամբաստանյալն ասել է, որ կզանգի Թերեզա Օհանյանին, որ նա Վարսիկին չանհանգստացնի, որ հարցը կարգավորվի: Վկան դատարանում չհայտնեց, թե ինչի համար էր գումարը և կոնկրետ ինչքան էր կազմում: Նա միայն նշեց, որ գումարը բավականաչափ է եղել, սակայն որքա՞ն՝ չի կարող ասել:

Էական հակասությունների պատճառով դատարանում հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը: Այդ ցուցմունքում վկան նշել էր և՛ գումարի չափի մասին, և՛ նաև այն մասին, որ գումարը տրվել է տուժողի որդուն բանտից ազատելու համար: Նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունների վերաբերյալ դատարանի հարցին ի պատասխան վկան նշեց, որ գումարի մասին ինքը դատարանում էլ է ասել՝ բավականաչափ, իսկ մնացած մասով՝ հիշեցի, ասաց նա:

Նախաքննական ցուցմունքում նշվում էր նաև, որ Թերեզա Սարգսյանը գումարը տվել է երեք հոգու՝ նրանք պետք է հետ տան գումարը, որպեսզի ինքն էլ վերադարձնի տուժողին: Ովքե՞ր էին այդ երեք անձինք հարցին ի պատասխան վկան նշեց, որ իրեն հայտնի չէ:

Դատարանում հարցաքննված հաջորդ վկան՝ նույնպես Վարսիկի ծանոթը, հայտնեց, որ մեղադրանքում նշվող ցմահ դատապարտյալը Էդիկ անունով հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով դատապարտյալ է:

Դատարանում այսօր հարցաքննվեց նաև ամբաստանյալի դուստրը, ով դատարանին ներկայացրեց իր մորից լսածը՝ Վարսիկը փող է վերցրել, շորթել ու ասում է, որ փողերն իր մայրն է վերցրել: Ինչո՞ւ եք այդպես ասում հարցին վկան պատասխանեց՝ որովհետև մայրս փող չի վերցրել, Վարսիկն ընդամենը խնդրել է դիմում գրել (այդպես էլ պարզ չդարձավ ինչ դիմումի մասին է խոսքը): Մեղադրողի հարցին՝ հաստա՞տ գիտեք, ամբաստանյալի դուստրը նշեց՝ երևի:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը