Մեկնաբանություն

16.06.2017 12:00


Սվիտալսկին՝ ընդդեմ ՀՀԿ-ի ու «Ելք»-ի

Սվիտալսկին՝ ընդդեմ ՀՀԿ-ի ու «Ելք»-ի

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին խախտել է ներիշխանական ու ներհաճախորդական անդորրը: Ես կասեի՝ հարամել է խիստ ընդդիմադիր «Ելք» դաշինքի և ՀՀԿ-ի միջև առկա սիրախաղը:

Բանն այն է, որ Սվիտալսկին խոսել է ընտրակեղծիքներից, ընտրակաշառքից և ընտրությունների ժամանակ տեղի ունեցած այլ լկտիություններից: Այսինքն՝ խոսել է այն մասին, որ ԱԺ ընտրություններն այնքան էլ այնպիսին չէին, ինչպիսին որ նկարագրում են «Ելք» դաշինքն ու Շարմազանովը:

ԵՄ պատվիրակության ղեկավարը հիմա դարձել է իշխանությունների աչքի գրողը: Մինչև նրա խոսելն ամեն ինչ լավ էր. փողատեր «ռեյտինգայինները» բաժանել էին փողերն ու տոկոս «խփել», «Ելքը», ինչպես ՍԴ «օֆիսի» ղեկավար Գագիկ Հարությունյանն էր Արամ Սարգսյանի տանը խոստացել իշխանությունների անունից, անցել էր խորհրդարան, Մարուքյան Էդմոնն ու իր թիմակիցները լեգիտիմացնում էին ընտրություններն ու «թունդ ընդդիմություն» խաղում Երևանի քաղաքապետ նշանակված Տարոն Մարգարյանի երդման արարողության ժամանակ:

Եվ ահա հայտնվում է ԵՄ ներկայացուցիչը և ասում այն, ինչի մասին բոլորը գիտեն:

Սվիտալսկին նոր բան չի ասել, բայց քանի որ դեսպանի կարգավիճակով է ասել, նյարդայնացրել է իշխանություններին: Վերջիններս դրսից եկող ամեն մի փռշտոցի ձայնից վախենում են և դա է պատճառը, որ խառնվել են իրար:

Հիմա ճիշտ պահն է, որ Բ26-ն օգտագործի իր հավատարիմ հաճախորդներին ու Սվիտալսկու դեմ հանի «Ելք»-ին: Այդ դաշինքի համար, ի դեպ, սա իշխանությունների հետ հերթական գործարքը «կպցնելու» հարմար առիթ կարող է լինել: Չէ՞ որ մի բան է, երբ ներքին կյանքում ես աշխատում իշխանության իրական ընդդիմախոսների դեմ ու մանրամեծածախ տարբերակով արդարացնում ընտրակեղծիքները, և մեկ այլ բան, երբ դուրս ես գալիս միջազգային «տռաս» ու կռիվ տալիս իշխանությանը քննադատող դեսպանի հետ:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը