Լրահոս

29.06.2017 23:09


Հայտնաբերվել են պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից հափշտակված մի շարք իրեր (լուսանկարներ)

Հայտնաբերվել են պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից հափշտակված մի շարք իրեր (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից հափշտակված մի շարք իրեր:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. փետրվարին քանդվել և թալանվել են Կապանում դեռևս 2012թ. հայտնաբերված՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում գտնվող 3 դամբարաններ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ, ինչի արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են դամբարաններիից հափշտակված իրեր՝ հնաոճ 5 սափոր, 2 կավե աման, մետաղյա նետասլաքներ, դաշույններ, զրահի դետալներ, ապարանջաններ, ասեղ, կախազարդեր, խաչ, մատանի և այլ մետաղյա զարդեր, ինչպես նաև՝ հանցագործության գործիք՝ մետաղորոնիչ սարք:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացված դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը