Մեկնաբանություն

27.01.2010 19:33


Էդվարդ Նալբանդյանն է՞լ է սկսել եզան տակ հորթ տեսնել

Էդվարդ Նալբանդյանն է՞լ է սկսել եզան տակ հորթ տեսնել

Թուրքերի հետ մերձենալու ՀՀ իշխանությունների բուռն ցանկության արթնացման առաջին իսկ օրերից էլ արդեն պարզ էր, որ Թուրքիան Հայաստանի սիրուն աչքերի համար չէ, որ կբացի սահմանը, այլ կհիշի իր երեք հիմնական նախապայմաննները։ Հասկանալի էր, որ թուրքերն այլ կերպ չէին կարող վարվել և նախապայմանների լեզվով չխոսել, քանի որ նախ հենց արցախյան պատերազմի պատճառաբանությամբ էին իրենց կողմից շրջափակել Հայաստանը, և հետո մեր երկրի ղեկավարությունը միամտություն ունեցավ առանց հաշվարկների մտնելու հայ–թուրքական հարաբերությունների  կարգավորման դաշտ ու հենց սկզբից հայտարարելու, որ կողմ կլինի ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողովին։ Հետո կատարվեց մյուս սխալը՝ Գյուլին արցախյան գործընթացներում ներգրավվելու առաջարկ արվեց։

Դրանք քայլեր էին, որ պետք է չարվեին։ Սակայն եթե այդ պարզ ճշմարտությունը նույնիսկ հարևանիս դպրոցական տարիքի երեխան էր հասկանում կամ էլ թեկուզ բնազդով զգում, ապա ՀՀ իշխանություններն, իրենց «գործիքների» օգնությամբ, սազն առել ու փորձում էին մեզ համոզել, որ թուրքն այլևս նախկին թուրքը չէ, որ նրանց էլ է ձեռնտու սահմանի բացումը, որ նրանք ԼՂ-ից զորքերի դուրս բերման նախապայմանն առաջ չեն քաշի և այլն, և այլն։ Ամերիկացիներն այստեղ կասեին՝ բլա-բլա-բլա։

Ավելին, անգամ հեռուստասերիալների միջոցով էին քարոզում թուքրերի հետ մերձենալու անհարժեշտությունը։ Մասնավորապես  Հանրային հեռուստաընկերության կողմից նկարահանված  «Որբերը» հեռուստասերիալում, երբ գերգաղտնի ծառայության պետը քրեական աշխարհի հետ կապ ունեցող Սուրենին առաջարկում էր համագործակցել, որպես օրինակ բերեց հայ-թուրքական արձանագրությունները։ Սա իմիջիայլոց հիշեցի։

Մեր իշխանավորներին նույնիսկ չէին համոզում (կամ համոզում էին, պարզապես  մերոնք էյֆորիայի մեջ էին իրենց «նախաձեռնողականությունից») թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից շարունակ և ամենուր հնչեցրած հայտարարությունները նախապայմանի մասին։ Թուրքերն այնքան էին ոգևորվել ընձեռված բացառիկ ու, հուսով եմ, այլևս երբեք չընձեռվելիք հնարավորությունից, որ երևի ընտանիքի անդամների հետ ընթրելիս էլ էին «նավսյակի» խոսում այդ նախապայմանի մասին։

Բայց ՀՀ իշխանությունները համառորեն չլսելու էին տալիս թուրքերի ասածները։ Անցած տարվա սեպտեմբերի 2-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնիսկ «բարեկամաբար» խորհուրդ տվեց եզան տակ հորթ չփնտրել։

Այն ժամանակ Է. Նալբանդյանը դեռ չգիտեր, որ ընդամենը մեկ ամիս ու մեկ շաբաթ հետո Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունները պետք է «շոկից» սփրթնած ստորագրեր, իսկ ով հասներ, պետք է նրա թշերից քաշեր և ուսին թփթփացներ։

Այդ այսօր են ՀՀԿ-ականներն սկսել խոսել թուրքերի անփոփոխ քաղաքականության մասին, խոստովանել, որ «Թուրքիան Հայաստանի հետ խոսել, խոսում և շարունակելու է խոսել նախապայմանների լեզվով», բայց դա թուրքերին չի հաջողվի, որովհետև միջազգային հանրությո՛ւնը թույլ չի տա. էլի հիշել են «անգլիական նավերը»։

Ցյուրիխից հետո է, որ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը վերջապես տեսավ, որ եզան տակ իրոք հորթ կա, այն էլ՝ մի քանի։

Այս տարվա հունվարի 23-ին՝ 2009թ. արտաքին քաղաքականությունն ամփոփող ասուլիսի ժամանակ, Է. Նալբանդյանը հայտարարեց.

-Հուսով ենք, որ թուրքերը հերթական հորինված պատճառներ առաջ չեն բերի արձանագրությունները չվավերացնելու համար:

Ավելին, նա չբացառեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, արձանագրությունների ստորագրման գործընթացը կարող է խափանվել։ Լրագրողի՝ «Հնարավո՞ր է, որ գործըթացը խափանվի» հարցին Է. Նալբանդյանն այսպես պատասխանեց. «Եթե Թուրքիան պատրաստ չլինի գնալ արձանագրությունների հաստատմանը և շարունակի նախապայմանների լեզվով խոսել, ինչ-որ կապակցվածություններ անել, այո՛, իհարկե՛»:

Այսօր այլևս Է. Նալբանդյանը չի խոսում եզան տակ հորթ չփնտրելու մասին, փոխարենը ուրիշ «թևավոր» խոսքեր է մեջբերում՝ նշելով, թե միշտ չէ, որ հայտարարությանը պետք է հայտարարությամբ պատասխանել, միշտ չէ, որ «պորտը տեղը դնելը հերոսություն է»։

Եթե խոսքը ճառ ասելու, թե զանգ կախելու մասին է, ես կնախընտրեի երկրորդը,- հայտարարեց զանգ կախող ԱԳ նախարարը։

Տեսնես մեր իշխանությունները ինչու՞ են հիշել «Մկների ժողովը» հեքիաթը։ Բայց թողնենք լիրիկան։ Հիշեցնենք միայն, որ այսօր զանգ կախելը նախընտրող Է. Նալբանդյանն ընդամենը ամիսներ առաջ  հասարակությանը  ո՛չ որպես ճառ ասող էր ներկայացվում, ո՛չ էլ որպես զանգ կախող, այլ քարոզվում էր, որ նա շատ պրոֆեսիոնալ է և Սերժ Սարգսյանի նշանակած կադրերից ամենահաջողվածը։ Արդեն համոզվեցինք, թե ինչ մակարդակի «պրոֆեսիոնալիզմ» ունի Նալբանդյանը։ Կասկածում եմ, որ դիվանագիտական քայլերն ի սկզբանե ճիշտ չհաշվարկելը պրոֆեսիոնալիզմի նշան է, կամ էլ խոսում է դիվանագիտական  բարձր կուլտուրայի կամ արհեստավարժ դպրոցի մասին։

Այսօր արդեն նույնիսկ հանրապետականներն են սկսել խոսել Է. Նալբանդյանի ոչ ճիշտ քայլերի մասին։ Մասնավորապես հունվարի 22-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ ճիշտ կլիներ, եթե ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ոչ թե զանգահարեր Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին, այլ գրավոր պատասխաներ, որ ՀՀ սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերաբերյալ այդ երկրի արտգործնախարարության հայտարարությունը տարակուսանք է առաջացնում։ Այսինքն այսօր միայն ծույլը եզան տակ հորթ չի փնտրում։

Եթե հիշում եք, «ֆուտբոլային» դիվանագիտության սկզբնական փուլում,  ՀՀ բոլոր տիպի իշխանությունների հաստիքային և արտահաստիքային գովերգող «դրսի հայ» Անդրանիկ Միհրանյանը խոսում էր ոչ միայն Նալբանդյանի, այլ նաև Սերժ Սարգսյանի պրոֆեսիոնալիզմի մասին։

Գուցե այսօր Հանրապետական կուսակցության պատգամավորները Միհրանյանի խոսքերի ճշմարտացիության մեջ է՞լ են կասկածում, ինչպես որ Նալբանդյանի դեպքում է, պարզապես վախենու՞մ են կամ էլ առայժմ նպատակահարմար չե՞ն գտնում բարձրաձայնել Ս. Սարգսյանի ոչ պրոֆեսիոնալիզմի մասին։  Շուտով նաև նման երևույթների ականատեսը կարող ենք դառնալ։ Միգուցե։

Իսկ ընդհանրապես կարծում եմ վաղուց եկել է ժամանակը, որ մեր իշխանավորները ոչ թե գլխապատառ նետվեն մի գործընթացի մեջ, և հետո նոր հասկանան իրենց սխալները, այլ նախապես հաշվարկեն և առավելագույնս ապահովագրվեն այդ սխալներից։

Արեգնազ Մանուկյան

Հ.Գ.։ ՀՀ իշխանությունները մեզ անընդհատ հավաստիացնում են, թե Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության օրակարգում։ Չգիտեմ, թե ինչպես են թուրքերի հետ պատմական հարթության երկխոսության իրականացման ենթահանձնաժողովի կետի տակ ստորագրած մարդիկ հետապնդելու ցեղասպանության հարցը, բայց փաստն այն է, որ իր տարեկան ամփոփիչ  ասուլիսում Է. Նալբանդյանը որևէ կերպ չանդրադարձավ այդ ուղղությամբ արված  քայլերին ու ձեռքբերված արդյունքներին։ Ցեղասպանություն բառն անգամ չկար նրա զեկույցում։ Երևի այնքան անկեղծ էին գտնվել, որ միտումնավոր էին շրջանցել այդ թեման։ Ասելու բան չկար։ Հո՞ չէին կարող ասել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շրջանակներում ՀՀ նախագահը ծաղիկներ էր դնում Փարիզում գտնվող Կոմիտասի արձանին և այդ ընթացքում արժանանում սփյուռքահայերի սուլոցներին ու ամոթանքներին։

Այս խորագրի վերջին նյութերը