Կարծիք

25.12.2010 08:50


Երդումներ և խոստումներ

Երդումներ և խոստումներ

Մոտ երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին նախընտրական խոստումներ էր տալիս, խոսում Հայաստանի վաղվա լուսապայծառ օրվա մասին: Այսօր, երբ Հայաստանը կրկին պատրաստվում է մտնել նախընտրական թոհուբոհի մեջ, կարծում ենք՝ ճիշտ կլինի մեկ անգամ ևս հիշել, թե ինչ էր մեզ խոստանում Սարգսյանը ընդամենը երեք տարի առաջ:

Օրերս, ելույթ ունենալով հանրապետականների առջև, Սերժ Սարգսյանն ասաց, թե նախընտրական մրցապայքարով պայմանավորված' մենք նորից մտնելու ենք հանրային կյանքի մի շրջան, որտեղ շատ ավելի հաճախակի են տեղ գտնելու էմոցիաները, տեղին ու հանիրավի մեղադրանքները, դրականը սևացնելու և բացթողումները ճոխացնելու  փորձերը: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի մեջ հույզերն էին գերիշխում, երբ նա նախընտրական խոստումներ էր տալիս: Իսկ խոստումները բավական հետաքրքիր էին: Նա համոզված էր, որ եթե ժողովուրդը վստահի իրեն, ապա Հայաստանը կբնութագրվի իբրև ժողովրդավարական պետություն' կառավարման արդյունավետ համակարգով, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, իսկ գերակայողը' նրա անօտարելի իրավունքը: Այսօր նույնիսկ Սերժ Սարգսյանը չի կարող ասել, թե մեր երկիրը ժողովրդավարական է: Ինչ վերաբերում է շարքային քաղաքացուն, ապա նա հաստատ դեռ չի գիտակցում, որ Հայաստանում բարձրագույն արժեքը մարդն է:

Սերժ Սարգսյանը և նրա թիմակիցները կարող են ասել, թե ժամանակը քիչ էր, և այս ընթացքում հնարավոր չէր Հայաստանը լիարժեք ժողովրդավարական երկրի վերածել։ Սակայն խնդիրն այն է, որ ոչինչ էլ չի արվել, որպեսզի Հայաստանը դրվի ժողովրդավարական ռելսերի վրա: Ավելին, ոչինչ չի արվել, որ մարդն իրեն բարձրագույն արժեք համարի: Ամենուր ոտնահարվում են մարդու ամենատարրական իրավունքները: Շարքային քաղաքացին պաշտպանված չէ օրենքով: Վերջին տարիներին տեղի ունեցած աղաղակող հանցագործությունները և ապօրինությունները վկայում են հենց այս մասին:

Ազատ խոսքը ճնշելուն ուղղված քայլերը ևս չեն նպաստում ժողովրդավարության հաղթանակին: Հիմա էլ եթերազրկվեց Շիրակի մարզի միակ անկախ հեռուստաալիքը' «Գալան»: Մի՞թե Սերժ Սարգսյանը կպնդի, թե այս հեռուստաընկերությանը եթերազրկելը բխում է Հայաստանի շահերից: «Ա1+»-ի կողքին հայտնվեցին ԱԼՄ-ն ու «Գալան»: Եթե սա է Սերժ Սարգսյանի պատկերացրած ժողովրդավարությունը, ապա Հայաստանին տխուր ապագա է սպասվում: Եվ դժվար է հավատալ, թե քաղբանտարկյալների առկայությունը ևս բխում է ժողովրդավարության շահերից: Այս թվարկումը կարելի է դեռ երկար շարունակել, բայց դրա կարիքը, հավանաբար, չի զգացվում:

Սերժ Սարգսյանը վստահեցնում էր, որ հասարակական հարաբերությունների զարգացումը հիմնված կլինի բազմակարծության, անխտրականության, հանդուրժողականության, արդարադատության և համերաշխության վրա: Ցավոք, այս ամենից մենք շատ ենք հեռու: Միայն այն, որ հակառակ հասարակական կարծիքի՝ փոփոխության ենթարկվեց լեզվի մասին օրենքը և ճանապարհ բացվեց օտարալեզու դպրոցների առաջ, վկայում է այն մասին, որ հասարակական կարծիքի վրա Սարգսյանի վարչակազմը թքած ունի: Իսկ ամենավատն այն է, որ ոչ մի քայլ չի արվում, որպեսզի ժողովուրդը հավատա, թե Հայաստանում աստիճանաբար կհաղթանակի արդարադատությունը և բազմակարծությունը:

Սարգսյանը խոստանում էր նաև, որ մենք կդառնանք մրցակցային միջավայրում գործարարության և ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր: Վստահ եմ, որ ոմանք կշտապեն ասել, թե ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, բայց սա շատ թույլ փաստարկ է: Իրականում անցած 2-3 տարում ամեն ինչ արվեց հայ գործարարին հարվածելու համար: Տնտեսական, մեղմ ասած, սխալ քաղաքականության հետևանքով տեղի ունեցավ կապիտալի արտահոսք, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հայտնվեցին անելանելի վիճակում: Շատերը հրաժարվեցին իրենց երկրից, ոմանք էլ իրենց բիզնեսը փոխադրեցին հարևան Վրաստան: Այժմ Սարգսյանի մյուս խոստումներին անդրադառնալն անիմաստ է:

Այսքանն էլ բավական է՝ հասկանալու համար, որ Սերժ Սարգսյանը կա՛մ չի կարողանում, կա՛մ չի ցանկանում կատարել իր խոստումները: Այսօր նա ասում է, թե Հայաստանի հետճգնաժամային տնտեսությունը դեռևս լիովին թափ չի հավաքել, թե մեր տնտեսության մեջ արմատացած բազմաթիվ խնդիրները դեռևս լիարժեք լուծում չեն ստացել, իսկ տնտեսավարող սուբյեկտների մրցունակության բարձրացումը, ողջ տնտեսության մրցունակության ավելացումն ու արդիականացումը դեռ նոր ու հստակ քայլեր են պահանջում մեզնից: Լավ, իսկ Սերժ Սարգսյանի թիմին ի՞նչն էր խանգարում անցած տարիների ընթացքում լուծել այս խնդիրները: Կարծում եմ, որ խանգարում էր միայն ցանկության բացակայությունը: Անկախ տնտեսագետները նույնիսկ համոզված են, որ նա ցանկանում է Հայաստանը վերածել Թուրքմենստանի, այլ կերպ ասած՝ երկիրը վերածել մեկ օլիգարխի իշխանության: Սա մեզ պետք չէ: Մեզ նաև պետք չէ, որ արհեստական գնաճը կապեն կլիմայական խաթարումների հետ: Հիմա Սարգսյանն ասում է, թե ինքը տեղյակ է առկա բազմաթիվ խնդիրների մասին և շեշտում է, թե պատրաստ է նոր ձեռնարկումների, ավելի ակտիվ աշխատանքի և հաստատակամ որոշումների: Հաստատակամ որոշումները, կարծես թե, ուշանում են: Պատահական չէ, որ մամուլի որոշ միջոցներ հեգնանքով նշում են, թե Գևորգ Դանիելյանը պաշտոնանկ եղավ, բայց նրա պաշտոնանկության մեղավորը' ոչ:

 Ինչ վերաբերում է ակտիվ աշխատանքին և նոր ձեռնարկումներին, ապա տրամաբանական հարց է առաջանում, թե ո՞վ կամ ի՞նչն էր Սերժ Սարգսյանին խանգարում վերափոխել Հայաստանը: Նախընտրական խոստումներից անցել է երեք տարի, և նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դժվար է հավատալ, որ Սարգսյանը, այն էլ ՀՀԿ-ի հետ, որտեղ բարձր պաշտոններ են զբաղեցնում գալուստսահակյանները, նոր ձեռնարկումներ կիրականացնի, կպայքարի կոռուպցիայի դեմ և ժողովրդավարական բարեփոխումներ կիրականացնի:  

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը