Աշխարհ

22.12.2017 11:56


Ուշագրավ փաստ․ Թրամփի հաղթանակից հետո նրան օգնել են թիմ կազմել ամերիկահայ Նահիգյան եղբայրները (տեսանյութ)

Ուշագրավ փաստ․ Թրամփի հաղթանակից հետո նրան օգնել են թիմ կազմել ամերիկահայ Նահիգյան եղբայրները (տեսանյութ)

Իսկ դուք գիտեի՞ք, որ նախագահ Թրամփի հաղթանակից հետո նրան օգնել են թիմ կազմել ամերիկահայ Նահիգյան եղբայրները: Արդյոք դժվա՞ր է թիմ հավաքել աշխարհի ամենաազդեցիկ մարդու համար. Պարզենք միասին:

«Մենք միշտ ունեցել ենք յուրահատուկ եռանդ, որը բնորոշ է հայերիս: Միշտ միտված արդյունքին եւ միշտ պատրաստ օգնել մերձավորին՝ սրանք էին մեր առանձնահատկությունները», - նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմը գլխավորած քաղաքական ստրատեգ Քեն Նահիգյանն իր հայկական արմատների մասին երբեք չի մոռացել:

Ապաստան ստանալով Միացյալ Նահանգներում՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած Գեւորգ Նահիգյանը չէր սիրում թոռներին պատմել Մեծ եղեռնի պատմությունը՝ փորձելով պաշտպանել նրանց ցեղասպանության սարսափներից, սակայն փոխացնել է թոռներին հայի բնավորությունը, ասում է Քիթ Նահիգյանը.

«Այդ հայի բնավորությունն է, որ արտացոլվում է մեր աշխատանքում եւ դարձնում մեզ եզակի»:

Նահիգյանները քաղաքականության մեջ են պատանի տարիներից:

«Մեր հայրը քաղաքապետ էր առաջադրվում: Մենք էլ արթնանում էինք առավոտյան 3-ին եւ թռուցիկներ թողնում տների առջեւ», - պատմում է Քեն Նահիգյանը:

Թռուցիկ բաժանելուց մինչեւ նախագահի թիմի հավաքագրում ճանապարհը երկար էր եւ հետաքրքիր: Նահիգյանները դառնում են իրավաբան, մասնակցում ամերիկյան կոնգրեսականների ընտրություններին, ներգրավվում սենատորներ Բոբ Դոուլի եւ Ջոն Մքքեյնի նախագահական քարոզարշավներում եւ խոշոր ընկերություն հիմնում: Ղեկավարելով նախագահ Թրամփի անցումային թիմը՝ Նահիգյանները օգնել են ընտրել հազարավոր ղեկավար պաշտոնյաներ ամերիկյան վարչակազմի համար:

«Դաշնային կառավարությունն ունի 4008 ղեկավար պաշտոնյա: Այդքան պաշտոնների համար պատշաճ մարդ գտնելը անշուշտ ժամանակ է խլում, առավել եւս որ նախագահ Թրամփը նախընտրական շրջանում կենտրոնացել էր պայքարի վրա», - նշում է Քեն Նահիգյանը:

Անցումային թիմի կողմից թեկնածուների ընտրությունն արվել է՝ հնարավոր բոլոր մանրուքները հաշվի առնելով. ստուգվել է թեկնածուների փորձը, վստահելիությունը, մասնագիտական հատկանիշները:

«Թեկնածուների հետ տեւական հարցազրույց էինք անցկացնում, տալով ամենաբարդ հարցերը, տեսաձայնագրում այդ ամենը», - նշում է Քեն Նահիգյանը:

Քիթ Նահիգյանը, ով պատասխանատու էր անցումային թիմի արտաքին կապերի համար, հիշում է, որ այսօրվա տեխնոլոգիական դարում թեկնածուներին նույնիսկ զգուշացնում էին սոցցանցերում նրանց բարեկամների գրառումների վտանգի մասին: Այնուամենայնիվ, բազմաթիվ մարդիկ, որոնց թվում են հաջողակ գործարարներ, համաձայնել են թողնել իրենց բիզնեսը եւ աշխատել կառավարությունում՝ որոշ դեպքերում սեփական աշխատավարձը սահմանելով խորհրդանշական մեկ դոլարի չափով:

Քեն Նահիգյանն ընդգծում է՝ երբ փոխնախագահ Փենսը պաշտոնապես հայտարարեց իրեն անցումային թիմի ղեկավար նշանակելու մասին, ինքը կիսեց հպարտությունն ամբողջ հայ համայնքի հետ.

«Այդ պահին այստեղի եւ ողջ աշխարհի հայ համայնքներից շնորհավորանքներ ստացանք: Դա անսահման հպարտության պահ էր, երբ զգացինք, որ մենք նույնպես հայ համայնքի կանթեղը բարձր պահող մասնիկն ենք»:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը