Մեկնաբանություն

22.01.2018 22:15


Ինչպե՞ս է իրեն պահելու «Ծառուկյան» դաշինքը

Ինչպե՞ս է իրեն պահելու «Ծառուկյան» դաշինքը

Առաջիկայում մենք ԱԺ-ում երկու կարևոր քվեարկություն ենք ունենալու, որոնք մեկ ընդհանուր փաթեթում է պետք դիտարկել:

Խորհրդարանն ընտրելու է ՀՀ նախագահ ու վարչապետ (ժողովրդին վերապահված է դիտորդի դերը):

Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջադրել է Արմեն Սարգսյանին, իսկ ինքը պատրաստվում է դառնալ վարչապետ՝ «անփոխարինելի առաջնորդի» կարգավիճակով:

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն խորհրդարանում ունեն հսկիչ փաթեթ, այսինքն՝ ձայների կեսից ավելին: Նույնիսկ առանց ՀՅԴ-ի ՀՀԿ-ն ունի որոշումները դակելու հնարավորություն: Բայց չնայած այդ ամենին հետաքրքրական է, թե ինչպես է իրեն պահելու «Ծառուկյան» դաշինքը («Ելք»-ը «Անորսալի Ջոյի» կարգավիճակ ունի և այդ դաշինքի քվեարկությունները զուտ վիճակագրական հետաքրքրություն են ներկայացնում):

Համաձայն նոր Սահմանադրության՝ վարչապետի համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն՝ (50%+1)-ը: Նախագահի հարցում մի փոքր այլ ռեժիմ է գործում:

Առաջին փուլով անցնելու համար նախագահի թեկնածուն պետք է ստանա ընդհանուր ձայների 3/4-ը, ասել է թե՝ առանց «Ծառուկյան» դաշինքի օգնության ՀՀ նախագահն առաջին փուլով նախագահ դառնալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե «Ելք»-ը միահամուռ կողմ քվեարկի այդ թեկնածուին:

Հարց է առաջանում, թե ինչպե՞ս իրեն կպահի «Ծառուկյան» դաշինքը: Կա մի քանի տարբերակ.

Տարբերակ 1-ին

Կողմ քվեարկել ՀՀԿ-ի առաջադրած նախագահի ու վարչապետի թեկնածուներին:

Այս տարբերակն ամենահավանականն է թվում, ընդ որում՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքին կվերցնե՞ն իշխող կոալիցիա, թե՞ ոչ:

Երբ Ս. Սարգսյանը Գագիկ Ծառուկյանից ակնկալում է աջակցություն ՀՀ նախագահի ընտրության հարցում, դա իրականում նշանակում է աջակցության ակնկալիք նախևառաջ իր վարչապետությա՛ն քվեարկության ժամանակ:

Ի դեպ, ՀՀ նախագահի թեկնածուն կուզենա անցնել 1-ին փուլով ու չմնալ միայն ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հույսին, որպեսզի համեմատաբար ինքնավստահ զգա իրեն ու ՀՀԿ-ից որոշակիորեն տարանջատված:

Այս առումով «Ծառուկյանի» դիրքորոշումը կարևոր նշանակություն ունի հետագա ներիշխանական ու միջկլանային հարաբերություններում:

Տարբերակ 2-րդ

Դեմ քվեարկել և՛ նախագահի, և՛ վարչապետի իշխանական թեկնածուներին:

Սա կնշանակի, որ «Ծառուկյան» դաշինքը լեզու չի գտել գործող իշխանության հետ և այլ ուղով է գնում, կամ էլ՝ այլ ուղու վրա է այդ դաշինքին դնում նույն իշխանությունը:

Ամեն դեպքում այս որոշումը ամենաարմատականը կլինի դաշինքի համար:

Տարբերակ 3-րդ

Կողմ քվեարկել նախագահի թեկնածուին և դեմ քվեարկել ՀՀԿ-ի առաջարկած վարչապետի թեկնածուին:

Սա ինտրիգային սցենար է ենթադրում: Սա կնշանակի քաղաքական դաշտի ուշագրավ տրանսֆորմացիայի մեկնարկ:

Տարբերակ 4-րդ

Դեմ քվեարկել ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածուին և կողմ քվեարկել ՀՀԿ-ական վարչապետին:

Սա ամենաանցանկալին կլինի «Ծառուկյան» դաշինքի համար: Դա կլինի ինքնաոչնչացման պես մի բան: Ի դեպ, այս տարբերակին դեմ չի լինի Սերժ Սարգսյանը (թեև հրապարակավ այլ բան է հայտարարում): Եթե ինքն առաջադրվի որպես վարչապետ, ապա կողմ կլինի, որ «Ծառուկյանն» իրեն «այո՛» ասի և միևնույն ժամանակ «ո՛չ» ասի Արմեն Սարգսյանին, որպեսզի վերջինիս ցույց տա, որ ինքը բացառապես ՀՀԿ-ի թեկնածուն է և չունի այլ հենարան:

Եթե «Ծառուկյանը» դեմ քվեարկի նախագահի թեկնածուին, ապա տեղի կունենա 2-րդ փուլ, որտեղ անհրաժեշտ է ավելի քիչ թվով ձայն՝ 3/5-ը, ինչը ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ունակ են ապահովել:

Կարող է լինել մեկ այլ տարբերակ, երբ «Ծառուկյան» դաշինքը հայտարարի, որ ազատ է թողնում իր պատգամավորներին և ամեն մեկը կարող է քվեարկել իր ցանկությամբ: Մեր կարծիքով, սակայն, հազիվ թե նման բան լինի, քանզի պարզ է, որ ազատ թողնելու դեպքում «Ծառուկյան» դաշինքի անդամների գրեթե 100 տոկոսը կքվեարկի իշխանական թեկնածուների օգտին և դաշինքի ղեկավարը ոչինչ չի շահի դրանից (ՀՀԿ-ում կհամարեն, որ իրենք ոչ մի բանով պարտք չեն Գ. Ծառուկյանին, քանզի ամեն ինչ եղել է ինքնաբուխ, այլ ոչ թե նախնական պայմանավորվածության արդյունքում): Ահա այդ հեռանկարը հաշվի առնելով՝ իմաստ չկա ազատ թողնել «Ծառուկյան»-ական պատգամավորներին:

Թե որ տարբերակը կընտրեն «Ծառուկյան» դաշինքում, կիմանանք քվեարկության «հերձումից» հետո: Շատ չի մնացել:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը