Մեկնաբանություն

25.01.2018 14:05


Հայաստանի «սինգապուրյան հիվանդությունը»

Հայաստանի «սինգապուրյան հիվանդությունը»

Հայաստանում ժամանակ առ ժամանակ հիշում են Սինգապուրի մասին: Անկախությունից ի վեր խոսվել է այդ մասին: Խոսել են տարբեր առիթներով ու տարբեր «ռակուրսներով»: Խոսել են նրանք, ովքեր ցանկացել են «պրադվինուտի» բարեփոխիչ երևալ:

Հատկապես վարչապետերի մոտ է նկատվում «սինգապուրյան հիվանդությունը»: Նույն «հիվանդությունը» հիմա կա Կարեն Կարապետյանի մոտ:

Մինչև այդ «հիվանդացել» էր Տիգրան Սարգսյանը, ով խոսում էր Սինգապուր դառնալու մասին, բայց զուգահեռաբար այնպիսի գործունեություն էր ծավալում, որ կոռուպցիային առնչվող ՀՀ օրենսդրությունը պարզապես լացում էր նրա համար: Միայն գյուղացիներին լեկցիա կարդալու համար միլիոնավոր դոլարների դուրս գրումն ինչ ասես արժեր: Չաշխատող բիոզուգարանների թեման էլ ձեզ «փեշքեշ»:

Սինգապուրյան տնտեսական հրաշքի մասին խոսողները, որպես կանոն, դրա ձևական կողմին են տիրապետում: Այսպես ասած՝ արտաքին փայլին: Ներքին բովանդակության մասին կամ չգիտեն, կամ էլ իրենց չիմացողի տեղ են դնում, քանզի դա ձեռնտու է:

Լի Կվան Յուն՝ Սինգապուրի առաջին ու երկարամյա վարչապետը (1959-1990թթ.), շատ կոշտ բարեփոխումներ իրականացրեց: Ամենակոշտը կոռուպցիայի դեմ պայքարն էր: Պետական գանձարանի թալանն ու հովանավորչությունն արգելվեց վերևից: Մարդկանց սովորեցնում էին ապրել լրիվ ուրիշ խաղի կանոններով և ամենակարևորը՝ վերևներն առաջինն էին պահպանում այդ կանոնները: Բացառություն չկար:

Հիմա նրանք, ովքեր Հայաստանում խոսում են սինգապուրյան հրաշքի մասին, պատրա՞ստ են կոշտ բարեփոխումների: Պատրա՞ստ են տարանջատված տեսնել իշխանությունն ու բիզնեսը: Պատրա՞ստ են հավասար մրցակցային դաշտ ստեղծել բիզնեսի համար: Պատրա՞ստ են բարենպաստ միջավայր ստեղծել ներդրումների համար: Պատրա՞ստ են դատել իրենց մերձավորներին: Պատրա՞ստ են հրաժարվել «կայֆերից»:

Եթե պատրաստ չեն, ուրեմն թող թոզ չփչեն: Հակառակ դեպքում ստացվում է, որ պաշտոնյաների «սինգապուրյան երազանքը» միայն վերևների «PR»-գործիքն է, ուրիշ ոչինչ:

Հայաստանը չինովնիկական դրախտավայր է դարձել: Այդ առումով մեզ մոտ «Սինգապուրը» կառուցվել է առանձին վերցրած շերտի համար: Իշխանական նեղ շերտի:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը