Մեկնաբանություն

04.02.2018 15:35


Ճշմարտության նախարարություն

Ճշմարտության նախարարություն

Դավիթ Հարությունյանը ժողովրդավարության մասին իր ուրույն տեսությամբ ցույց է տալիս, որ առաջնորդվում է մեկ կարգախոսով՝ «Իշխանությունը վերևից է, իսկ ինքը՝ իշխանությանը կից»: Ընդ որում՝ կապ չունի իշխանության բնույթը: Իշխանությունը ֆաշիստների ձեռքում լինի, ինքը կհիմնավորի, որ ֆաշիզմը ամենաժողովրդավարական ու բաց մոդելն է ապահովում: Կոմունիստները գան, ինքը հրապարակավ կհայտարարի, որ մանկուց իրեն կոմունիստ է համարել ու հոգու խորքում միշտ պահել է Լենինի պատկերը: Լիբերալների օրոք, կդառնա լիբերտարիստ: Սոցիալիստների օրոք՝ «ձախ» կգնա: Իսկ թե իրականում ով է Հարությունյանը, դժվար է ասել: Ինքն էլ կդժվարանա ասել:

Հիմա ՀՀԿ-ական կոնգլոմերատն է իշխում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: ՀՀԿ ղեկավարը ապրիլից պատրաստվում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Ու որպեսզի կառավարության աշխատանքը առանձնապես կողքի աչքերից հեռու և «խախանդ» անցնի՝ հանձնարարված է օրենսդրորեն փակ դարձնել պետական կառավարման համակարգի աշխատանքը, մասնավորապես՝ կառավարության նիստերը: Դավիթ Հարությունյանը, բնականաբար, լծված է այդ հանձնարարության օրենսդրաիրավական հիմքերի ապահովման գործին:

Բացի այդ՝ ստեղծվել է ապագա վարչապետի կոմֆորտի նորմատիվային բազան՝ շենք, աշխատակազմ, սպասարկող համակարգ և այլն:

Կառավարության գործունեության հետ կապված դեռ էլի նախագծեր կհայտնվեն: Եվ քանի դեռ աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են, մեր կողմից առաջարկում ենք կառավարության կազմում ներառել Ճշմարտության նախարարություն:

Այդ նախարարությունը պետք է հայ ժողովրդին մատուցի ճիշտը, միայն ճիշտը և ոչինչ բացի ճշտից: Այդ ճշմարտությունների մեջ առանցքային դերակատարումը, անշու՛շտ, պետք է պատկանի Նրան: Պետք է ամեն ինչ սրբագրվի ու խմբագրվի: Հատկապես պետք է Ղարաբաղյան պատերազմի ու հաղթանակի դերակատարների առումով շտկումներ մտցվեն: Վերանայվեն Հայկ նահապետի, Տիգրան Մեծի ու մյուսների դերը մեր ժողովրդի կյանքում ու հանրությանը մատուցվի իրական Մեծությունը, որը մեր կողքին է, ավելի ճիշտ՝ մեր պետության գլխին (Արմեն Սարգսյանին նկատի չունեինք, բնականաբար):

Ճշմարտության նախարարությունը պետք է զբաղվի նաև արժեքների վերանայմամբ: Պետք է խմբագրվեն ու վերատպվեն 1988-ից հետո լույս տեսած բոլոր թերթերը, նորից նկարահանվեն բոլոր հեռուստահաղորդումներն ու լուրերի ռեպորտաժները: Նոր լույսի ներքո պետք է հրամցվի և՛ հնագույն, և՛ նորագույն պատմությունը:

Մի խոսքով, Ճշմարտության նախարարությունը պետք է նոր գարուն բերի Հայաստանի գլխին, մինչև որ տեսնենք, թե ինչ փորձանք կարող են այս ընթացքում բերել մեր գլխին ադրբեջանական արկերն ու հրթիռները, որոնց դեմ, ի դեպ, Ճշմարտության նախարարությունը ոչինչ չի կարողանա անել ու էլի ամեն ինչ կմնա հայ ժողովրդի վզին:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը