Մեկնաբանություն

10.02.2018 00:05


Ինչո՞ւ է լռում Երևանը

Ինչո՞ւ է լռում Երևանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր նախագահական քարոզարշավի մեկնարկը սկսել է Երևանը գրավելու հայտարարությամբ: Նա ասել է, որ այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն՝ դիվանագիտականից մինչև ռազմական: Եվ սրանք մերկապարանոց հայտարարություններ չեն:

Ադրբեջանը վաղուց զինվում է, հիմնել է զինամթերքի սեփական արտադրությունը, զենք է գնում արտերկրից: Բացի այդ՝ Ադրբեջանը հետևողականորեն աշխատում է քարոզչության ոլորտում, ինչպես նաև՝ ֆորմալ ու ոչ ֆորմալ դիվանագիտական գործիքակազմերով:

Եթե Երևանը գրավելու մասին Ադրբեջանից հնչեր հայտարարություն որևէ ծայրահեղականի, ազգայնականի, վերլուծաբանի, լրատվամիջոցի կամ նույնիսկ զինվորականի շուրթերով, ապա միգուցե կարելի էր բանի տեղ չդնել ու Գալուստ Սահակյանի մակարդակով պատասխանել: Բայց երբ թշնամի պետության թիվ մեկ պաշտոնյան հայտարարում է, որ Երևանը գրավելը Ադրբեջանի ռազմավարական ու քաղաքական նպատակն է, ապա այստեղից պետք է հնչի համարժեք պատասխան և արվեն համապատասխան հետևություններ: Եվ որ ամենակարևորն է՝ Հայաստանը պետք է համարժեք պատրաստվածություն ունենա:

Իսկ ի՞նչ ունենք մենք: Սերժ Սարգսյանը լռում է, ինչը անհասկանալի է: Երբ դու անընդհատ խոսում ես փոխզիջումներից, իսկ հակառակ կողմը խոսում է բացառապես Երևանը գրավելուց, ապա ստանում ենք ասիմետրիկ պատկեր:

Ասիմետրիկ է նաև մեր տնտեսաքաղաքական վերնախավը: Մենք ունենք մի քյաբաբային վերնախավ, որը համարժեք չէ Հայաստանի մարտահրավերներին: Նայեք խորհրդարանին ու կառավարությանը և ընդհանապես՝ ամբողջ իշխանական թիմին վերից-վար ու ամեն ինչ պարզ կդառնա:

Մեզանում քյաբաբիզմը և քաղաքական անմեղսունակությունը համադրվել են: Ու այդ մարդիկ են մեր անվտանգության ապահովմամբ զբաղվողները:

Հայաստանը վտանգված է նախևառաջ ներսից: Ոչ համարժեք վերնախավն ու շարունակական արտագաղթն են պատճառը, որ Ալիևը հոխորտում է: Մի օր էլ հոխորտանքից անցնելու է գործի: Ու եթե երկու տարի առաջ 100-ից ավելի զոհով ու մի քանի հարյուր հեկտարով պրծանք, ապա այս անգամ շատ ավելի վատ կարող է լինել, եթե մեզանում քեֆային վերնախավի փոփոխություն չլինի: Շշիմելոներով, գալուստսահակյաններով ու սեյրանսարոյաններո՞վ ենք դիմակայելու թշնամուն:

Ինչպե՞ս կարելի է ամբողջ պետական մեքենան ու ռեսուրսները աշխատեցնել բացառապես աթոռային շահերին՝ օրենսդրությունը կարելով մեկ մարդու վրա ու աչքաթող անելով անվտանգության հարցերը:

Պարզ չէ՞, որ այս ամենն է պատճառը, որ Ալիևը լկտիանում է: Եթե պատերազմի հերոսներին դատեն, իսկ դասալիքներին ու գրասենյակային առնետներին առաջ տանեն, իհարկե կլկտիանա:

Ալիևը հոխորտում է, իսկ Երևանը լուռ է: Ավելի ճիշտ՝ Երևանում զբաղված են նախագահի թեկնածուի շոու-գաստրոլներով և ապագա վարչապետի լիազորությունները մեծացնելով: Սա՛ է պաշտոնական Երևանի պատասխանը Ալիևին:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Շատ խորհրդանշական է, որ Ադրբեջանի աճող հավակնությունների համապատկերին Հայաստանում դատում են պատերազմով անցած մարդկանց: Սա էլ է անհամարժեքության յուրօրինակ դրսևորում:

Այս խորագրի վերջին նյութերը