Մեկնաբանություն

15.02.2018 13:25


Տարոն Մարգարյանը «քաշվավ» ու «քաշեց»

Տարոն Մարգարյանը «քաշվավ» ու «քաշեց»

Երբ ուզում են Հայաստանի վիճակը պատկերավոր բնութագրել քննադատաբար՝ օգտագործում են «Երկիրը քաքի մեջ է հայտնվել» ձևակերպումը:

Երկիրը չգիտեմ, բայց Նուբարաշենի բնակիչների մի մասը ստիպված է կոյուղաջրի հոտի ներքո ապրել: Հիմա Զարուհի Փոստանջյանի ու իր ոչ պակաս փոթորկոտ ընկերուհիների օգնությամբ այդ հոտից տեղյակ են նաև Երևանի քաղապետարանում:

Քաղաքապետ նշանակված Տարոն Մարգարյանը, թերևս, երկար կհիշի այն արտաթորանքի հոտը, որը լցվել էր ավագանու նիստերի դահլիճում: Նիստն այդ շատ թանկ է նստել ու նստելու Տարոն Մարգարյանի վրա: Ե՛վ քաղաքական, և՛ իրավական, և՛ բարոյաէթիկական, և՛ իշխող վերնախավում ընդունված «տղայական» առումներով Տարոն Մարգարյանը «քաշվեց», քանի որ իր թիմակիցները մի քանի հոգով հարձակվել են կնոջ վրա, ապտակել նրան, մազերից քաշել, հրել: Բոլոր առումներով սա խայտառակություն է:

Ի դեպ, «քաշվելուց» հետո Տարոն Մարգարյանը, կամա թե ակամա, «քաշել» է մյուս իշխանավորներին:

Բանն այն է, որ Երևանի ավագանու աղմկահարույց նիստից հետո քաղաքապետարանը ակտիվորեն սկսել է զբաղվել Նուբարաշենի կոյուղագծերով: Մեկնարկել են վերանորոգման աշխատանքները:

Փաստորեն մինչև, կներեք արտահայտությանս, քաքի համը դուրս չեկավ, քաղաքապետարանում տեղից չշարժվեցին ու գործ չարեցին: «Երկիր Ծիրանիի» ակցիան, հետևաբար, ծառայեց իր նպատակին:

Իսկ «քաշում» է իր պաշտոնյա թիմակիցներին Տարոնն այն պարզ պատճառով, որ հիմա ՀՀ քաղաքացիները տեսան, որ երբ համապատասխան պետական մարմինները թերանում են իրենց աշխատանքում, անհրաժեշտ է արտաթորանքով լի տարաներով գնալ այդ հիմնարկները, լցնել մեջի պարունակությունը կոնկրետ պաշտոնյայի վրա կամ նրա սենյակում, ու խնդիրների լուծմանն անմիջապես ընթացք կտրվի այնպես, ինչպես որ հիմա են սկսվել Նուբարաշենի կոյուղաջրերի վերանորոգման աշխատանքները:

Քաքն, ըստ այդմ, դառնում է թալանի արդյունքում հարստացած պաշտոնյաների վրա հանրության ճնշման գործիքը: Այս փուլում, միգուցե, միայն դա է արդյունավետ գործիք: Ասել է թե՝ «Երկիրը քաքի մեջ է» ձևակերպումը կարելի է ի շահ հանրության ծառայեցնել՝ բառիս բուն իմաստով քաքի մեջ մտցնելով պաշտոնյաներին:

Մի քիչ հակահիգենիկ ու էպոտաժային ստացվեց հոդվածը, բայց դե ինչ արած, ժամանակներն են այդպիսին: Քաղաքական կյանքի ապաքաղաքականացումն այլ բան չէր էլ ենթադրում:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը