Մեկնաբանություն

09.04.2018 11:05


Մեգախոստումների և մեգաձախողումների 10-ամյակ

Մեգախոստումների և մեգաձախողումների 10-ամյակ

Այսօր Սերժ Սարգսյանի նախագահության 10-ամյակի վերջին օրն է: ՀՀԿ ղեկավարն իր պաշտոնը կհանձնի նախագահ նշանակված Արմեն Սարգսյանին: Կհանձնի պաշտոնը, բայց ոչ իշխանությունը: Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին չի հանձնի նույնիսկ Բաղրամյան 26-ը և Կոնդում գտնվող կառավարական կեցավայրը:

Որոշ ՀՀԿ-ականներ պնդում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է և պետք է կրկին մնա պետության ղեկին: Այս անգամ՝ վարչապետի կարգավիճակով:

Այն, որ ոմանց համար Սարգսյանն անփոխարինելի է, վիճելու հարց չկա: «Սերժ Սարգսյանն անփոխարինելի է» ասելով՝ նրանք իրենց անփոխարինելիության համար են պայքարում:

Իշխող բուրգի գագաթին Սերժ Սարգսյանն է: Բուրգի ներսի օդիոզ հատվածը վախենում է, որ եթե Սարգսյանը փոխարինվի, ապա իրենք կզկրվեն իրենց «ձախ» եկամուտներից, կարգավիճակից ու պետության հաշվին ապրելու արտոնություններից: Դա է պատճառը, որ առավոտից մինչև երեկո կոկորդ են պատռում «անփոխարինելիության» թեմայով:

Իսկ անփոխարինելի՞ է արդյոք Հայաստանի համար Սերժ Սարգսյանը:

Նրա նախագահության 10 տարիները կարելի է որակել որպես մեգախոստումների, մեգանախաձեռնությունների ու մեգաձախողումների ժամանակահատված: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

1.«Նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն և հայ-թուրքական «Ֆուտբոլային» դիվանագիտություն

2008-ին հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը վարելու է նախաձեռնողական արտաքին քաղաքականություն: Այդպիսով՝ բովանդակությունն իր տեղը զիջեց ձևին: Գերակայող դարձավ շոուն: Դիվանագիտական լուրջ ձեռքբերում էր ներկայացվում Գյուլի՝ Հայաստան գալը, Հիլարի Քլինթոնի՝ Երևանում գիշերելը, Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Եվրանյուզին» և այլն:

Պաշտոնական Երևանն այնքան «նախաձեռնողական» էր դարձել, որ մեկ գիշերվա ընթացքում (Գյուլի խաթեր) ֆուտբոլիստների մարզաշապիկների վրայից անհետացավ Մասիսը:

Եթե հասցնեին (Գյուլի աչքին հաճելի թվալու համար), ապա, երևի, կապամոնտաժեին նաև Ծիծեռնակաբերդը ...

Ինչ վերաբերում է տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտությանը, ապա եկեք մի կողմ թողնենք դրա ձևն ու բովանդակությունը, և գնահատենք զուտ արդյունքները:

«Ֆուտբոլն» սկսելուց առաջ հստակ հայտարարվել էր, որ պաշտոնական Երևանը ունի 2 նպատակ՝ ա) հայ-թուրքական սահմանի բացում, բ) հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Երկու կետով էլ կա ձախողում. սահմանը փակ է և չկան դիվանագիտական հարաբերություններ: Ավելին՝ հայ-թուրքական հարաբերությունները «Ֆուտբոլային» դիվանագիտության արդյունում ավելի են լարվել, քանզի գործընթացը հնարավորություն էր տվել Թուրքիային լեգիտիմորեն մտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթ՝ բացահայտ պրոադրբեջանական դիրքորոշմամբ:

«Ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքն էր Ղարաբաղի հարցում հայկական կողմի վրա հսկայական միջազգային ճնշումների ավելացումը: Այդ ճնշումների արդյունքում էր Կազանում մեր դիվանագիտական նահանջն արձանագրվել. Սարգսյանը համաձայնել էր տարածքների հանձմանը՝ ԼՂՀ կարգավիճակի որոշման հարցը հետաձգելով անորոշ ժամանակով: Ղարաբաղի հարցում այս «նախաձեռնողականությունն» էր պատճառը, որ Կազանում Ալիևը ոգևորված 10 նոր պահանջ առաջ քաշեց ու գնաց պատրաստվելու պատերազմի (հայկական կողմը Կազանից հետո պատրաստվեց բացառապես «տոկոսխփոցիի»):

Ի դեպ, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը կմեկնի Թուրքիա ֆուտբոլ դիտելու, եթե հայ-թուրքական սահմանը լինի բաց կամ մենք գտնվենք բացման նախաշեմին: Սարգսյանը Թուրքիայում ֆուտբոլ դիտեց, բայց սահմանը ոչ միայն մինչև հիմա փակ է, այլ ռազմահայրենասիրություն է ներկայացվում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը:

2.Մարդկային ու տարածքային կորուստներ

«Նախաձեռնողական» ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանն այնքան թուլացավ, որ Ալիևը լկտիացավ ու անցավ ագրեսիվ գործողությունների: Դիվերսիոն հարձակումների երկարատև շղթայի գագաթնակետը 2016-ի ապրիլին էր:

Ռազմական գործողությունների բուռն շրջանում Սերժ Սարգսյանն օտարեկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ադրբեջանցիները մի 200-300 մետր են առաջ գնացել ու մինչև այդ հանդիպման ավարտը մեր զորքերը հետ կբերեն այդ տարածքները: Նրա խոստումը չիրականացավ: Հետագայում նույն Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մեր կորուստները ոչ թե 200-300 մետր են, այլ 800 հեկտար, սակայն դրանք անպետք և ռազմավարական նշանակություն չունեցող տարածքներ են:

Ի դեպ, այդ անպետք տարածքների կորուստը հանգեցրեց մի ամբողջ գյուղի՝ Թալիշի դատարկմանը:

Ապրիլյան քառօրյայում արձանագրվեց հայ-ադրբեջանական ստատուս քվոյի փոփոխություն: 1994-ի հրադադարից հետո առաջին անգամ հայկական կողմը տարածքային կորուստ ունեցավ:

3.Տնտեսական հետընթաց

Թեև խոստացվել էր, որ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, ու մենք դեռ մի բան էլ կօգտվենք այդ ճգնաժամից, այդուհանդերձ Հայաստանը 2009-ին տնտեսական անկման միջազգային ռեկորդ գրանցեց: Դոլարային հաշվարկով անկումն ավելի քան 30 տոկոս էր, իսկ դրամով՝ 14,4%:

Չնայած այն բանին, որ հայաստանյան տնտեսական անկման պատճառներն առավելապես ներքին ծագման էին ու պայմանավորված էին Սերժ և Տիգրան Սարգսյանների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ (իշխանության և բիզնեսի սերտաճման խորացում, տնտեսության կենտրոնացում, հարկային տեռոր, սեփականության վերաբաշխում և այլն), իշխանությունները անկումը բացատրում էին միջազգային ճգնաժամով («մոռացել» էին, որ Հայաստանին պետք է, իրենց խոստման համաձայն, ճգնաժամը շրջանցեր, ու մենք պետք է օգտվեինք ճգնաժամից):

Խոստացվել էր նաև, որ աղքատությունը կրճատվելու է, սակայն հակառակ պատկերն ունեցանք: Այժմ, պաշտոնական տվյալներով, աղքատ է ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուր երրորդը: Իրականում աղքատության մակարդակը շատ ավելի բարձր է:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում մեր պետական պարտքը կտրուկ ավելացել է՝ ավելի քան 3 անգամ: 2008-ին այն չէր հասնում 2 միլիարդ դոլարի, որը կուտակվել էր 1991-ից սկսած: Իսկ այժմ գործ ունենք 7 միլիարդ դոլարի պարտքի հետ: Այսինքն՝ ՀՀԿ ղեկավարի պաշտոնավարման գինը տարեկան միջինը 0,5 միլիարդ դոլար պարտքի ավելացումն է:

Սոցիալ-տնտեսական քաղաքականության և ներքին գաղջ մթնոլորտի ուղղակի հետևանք է հսկայական արտագաղթը: Սարգսյանի պաշտոնավարման շրջանում մեր երկիրը լքել է ավելի քան 370.000 ՀՀ քաղաքացի:

4.Հայաստան-Իրան երկաթգիծ, նոր ատոմակայան, Համահայկական բանկ, մեգակենտրոններ...

2008-ին Սերժ Սարգսյանը խոստացել էր սկսել Իրան-Հայաստան երկաթգծի և նոր ատոմայականի շինարարությունը: Չի՛ արվել:

Խոստացել էր նաև Համահայկական բանկի միջոցով հսկայական ներդրումային ծրագրեր իրականացնել: Չի՛ արվել: Ավելին՝ Հայաստանից կապիտալի փախուստը վերջին 10 տարում ՀՀ տարեկան ՀՆԱ-ի կարգի թիվ է կազմում: Ներդրումների կրճատումն էլ հսկայական է:

Բնականաբար, չեն իրականացվել նաև Դիլիջանը՝ տարածաշրջանային ֆինասական կենտրոն, Ջերմուկը՝ առողջապահական կենտրոն, Գյումրին՝ տեխնոպարկ ու «ծովափնյա» քաղաք դարձնելու խոստումները:

5.«Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք ...»

Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելուց առաջ Սերժ Սարգսյանը խոստացավ. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին:

Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:

Այժմ Սարգսյանը հավակնում է վարչապետության, բայց հավելումով, որ ... պետք է ցմահ լինի (երիտասարդներին թրծելու ծրագիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ցմահ մնալու ցանկություն): Կարելի է չկասկածել, որ այս խոստումը նա ձգտելու է կյանքի կոչել ամեն գնով:

Ի դեպ, Սերժ Սարգսյանն այժմ խոստանում է մինչև 2030-ը Հայաստանում հարյուր հազարավոր աշխատատեղեր ստեղծել, իսկ 2040-ին Հայաստանը դարձնել 4-միլիոնանոց բնակչությամբ երկիր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի արդյունքների են հանգեցնում Սարգսյանի խոստումները՝ 2030-ի և 2040-ի մասով նրա ասածները պետք է ընկալել որպես լրջագույն մարտահրավերներ: Կդիմանա՞ Հայաստանը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը