Մեկնաբանություն

10.04.2018 10:50


Մեծ թատրոնը, «ֆեյք» նախագահը և Սերժ Սարգսյանի վրեժը

Մեծ թատրոնը, «ֆեյք» նախագահը և Սերժ Սարգսյանի վրեժը

Երեկ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ թատերական ներկայացում: Կարճատև այցով Հայաստանում գտնվող Արմեն Սարգսյանն ԱԺ հատուկ նիստում ստանձնեց նախագահի լիազորությունները:

Արտաքուստ ամեն ինչ հիշեցնում էր նախորդ երդման արարողությունները, սակայն բովանդակային առումով ամեն ինչ կեղծ էր, քանզի բոլորն էլ հասկանում էին, որ երդվողը անգլիական թագուհի է լինելու, բայց առանց թագի ու հանրային հեղինակության:

Ա. Սարգսյանը ձևական նախագահ է: Կեղծ: «Ֆեյք»:

Մինչև երդվելը ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նրանից վերցրել էր նույնիսկ նոր Սահմանադրությամբ ամրագրված փոքրիկ լիազորությունները: Ու չնայած այդ ամենին՝ բրիտանահպատակ Սարգսյանը համաձայնել է նախագահ աշխատել: Եթե համաձայնել է, նշանակում է անձնական շահ ունի (ՀՀ քաղաքացիությունը և պետության հնարավորությունները մշտապես իր մասնավոր շահերի լուծմանը ծառայեցրած Արմեն Սարգսյանը «էլիտար թոշակառու» դառնալուն դեմ չէ):

Բոլորը գիտեին, որ ՄՀՀ-ում մասնակցում են «ՀՀ նախագահի երդման արարողությունը» վերնագրով շոուի: Գիտեր «4-րդ հանրապետության 1-ին նախագահ» Արմեն Սարգսյանը, գիտեր Արմեն Սարգսյանին նախագահ նշանակած Սերժ Սարգսյանը, գիտեր պաթետիկ տեքստ ասող Գարեգին Բ-ն, գիտեր Արմեն Սարգսյանին շնորհավորող Բաբլոյանը, գիտեին մյուս հավաքվածները, ովքեր երբեմն ծափ էին տալիս, որպեսզի շոուն «տաքանա»: Գիտեր նաև ժողովուրդը:

Չգիտեր կամ չէր ուզում իմանալ, թերևս, Նունիկը (Սերժ Սարգսյանը Բ26-ում այդ ձևով օգտագործեց Արմեն Սարգսյանի կնոջ անունը):

Արմեն Սարգսյանն, ըստ այդմ, լեգիտիմ չէ: Նա լեգիտիմ չէ ոչ այնքան այն պատճառով, որ իրավական առումով ՀՀ բոլոր նախագահներից ամենաշատ խնդիրներ ունեցողն է (նա չի համապատասխանում Սահմանադրությամբ ամրագրված նախագահի պահանջներին և ամենակարևորը՝ ընտրվել է Սահմանադրության խախտմամբ), որքան այն պատճառով, որ գիտակցաբար ստանձնել է «ֆեյք» նախագահի ֆունկցիան:

Հաշվի առնելով Արմեն Սարգսյանի անցած ուղին, գործունեության ոլորտները, Սերժ Սարգսյանի տեսակն ու մտածողությունը՝ կարող ենք ասել, որ Անգլիայի նախկին դեսպանի ու ՀՀԿ ղեկավարի միջև կա ստվերային կապ (ամենայն հավանականությամբ՝ բիզնես դաշտում և փողային հարցերում): Արմեն Սարգսյանը մեծ ծառայություններ մատուցած կլինի անձամբ Սերժ Սարգսյանին՝ սպասարկելով նրա մասնավոր շահերը: Ս. Սարգսյանն էլ Արմենին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ի հաշվին՝ նշանակելով նախագահ: Երկուսն էլ գոհ են, քանզի մեկին հետաքրքրում է իր իշխանության պահպանումը, իսկ մյուսին՝ կարգավիճակը:

Ի դեպ, այս պատմության, ավելի ճիշտ՝ թատրոնի մեջ նաև հոգեբանական շերտ կա: Դա միգուցե գիտակցված չէ գլխավոր ռեժիսորի կողմից, սակայն դրանից բան չի փոխվում:

Սահմանադրությունը փոխելը, Արմեն Սարգսյանին նախագահ նշանակելը և երդման արարողության շոուն կազմակերպելը Սերժ Սարգսյանի յուրօրինակ վրեժն էր նախագահական ինստիտուտից: Նա Արմենին նշանակելով՝ փչացրեց այն ինստիտուտը, որն իր համար անքուն գիշերների, սթրեսների ու լուրջ ցնցումների պատճառ է եղել:

Սերժ Սարգսյանի համար հոգեհարազատ է ամեն ապաքաղաքականը՝ «հավելումով», որ քաղաքականությամբ պետք է միայն ինքը զբաղվի: Արմեն Սարգսյանը լավագույնս մարմնավորում է ապաքաղաքական նախագահի կերպարը: Երեկ հենց դրա համար էին հավաքվել: Ծափահարում էին Հայաստանի ապաքաղաքականացմանը:

Հայաստանում ապրիլի 9-ից ապաքաղաքականացվում է ոչ միայն քաղաքական կյանքը, այլ նաև Հայաստանն ինքը: Իսկ կարո՞ղ է արդյոք գոյություն ունենալ ապաքաղաքական պետություն: Հարցը հռետորական է:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը