Մեկնաբանություն

12.04.2018 10:30


«Լուսավոր» հաճախորդների կարգախոսը՝ «Մի՛ մերժիր Սերժին»

«Լուսավոր» հաճախորդների կարգախոսը՝ «Մի՛ մերժիր Սերժին»

Կար մի փուլ, երբ Բ26-ը «պաչկեքով» «քաղաքացիականներ» էր բուծում ու բաց թողնում հասարակության վրա:

Այդ «քաղաքացիականների» հիմնական անելիքը քաղաքականության ապաքաղաքականացմանն աջակցելն ու քաղաքականության «ջրիկացմանը» նպաստելն էր:

Հետագայում սրանց մեջից ընտրեցին առավել աչքի ընկածներին, «կուսազրկեցին», «քաղաքականացրեցին» ու տեղավորեցին «Լուսավոր Հայաստան» կոչված նախագծի մեջ: Նախագիծ, որի ղեկավար էր նշանակվել 2012-ին Վանաձորի մեծամասնական ընտրատարածքում «հաղթեցրած» Էդմոն Մարուքյանը:

Բոլորի համար էլ պարզ էր, որ առանձին վերցրած մեկ ընտրատարածքում չէր կարող ժողովրդավարություն լինել, հատկապես որ Մարուքյանը քաղաքականապես անհայտ, խարիզմայից զուրկ գորշագույն դեմք էր ու առանց իշխանական աջակցության չէր կարող ոչ միայն հաղթել մեծամասնական ընտրություններում, այլ նաև գրանցվել որպես պատգամավորության թեկնածու (մամուլում բազմաթիվ ապացույցներ ներկայացվեցին, որ Մարուքյանը քաղաքացիության ու մշտական բնակության հարց է ունեցել և, հետևաբար, չէր կարող գրանցվել որպես պատգամավորության թեկնածու, սակայն իշխանությունները չնկատելու տվեցին այդ հարցը):

«Լուսավորում» հայտնվեցին ապաքաղաքական Մանե Թանդիլյանը և մարտնչող «քաղաքացիական» Գևորգ Գորգիսյանը, ով «Լուսավոր Հայաստանի» թիմակից Արամ Զավենի Սարգսյանի պես փորձում է իր հարազատի անվան օգտագործմամբ քաղաքական բիզնես անել (Արամ Զավենիչի մասնագիտությունը Վազգեն Սարգսյանի եղբայր լինելն է, իսկ Գևորգ Գորգիսյանինը՝ Մովսես Գորգիսյանի բարեկամը լինելը): Սրանց «քաղաքականացրեցին» ու դարձրեցին ԱԺ պատգամավոր:

Ի դեպ, դեռևս «կույս» Գևորգ Գորգիսյանն այն երիտասարդներից էր, ով «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ ակտիվորեն զբաղված էր պրոսերժական քարոզով, Բաղրամյան փողոցում մասնակցում էր «Օպերա» օպերացիային ու երբ Ազատության հրապարակում հայտնվեց քաղաքապետարանի կողմից նախապես տեղադրված միկրոֆոնի մոտ՝ գովերգում էր Սերժ Սարգսյանին: Դե իսկ «ճտպտիկ աչոնիկ» Մանեն մինչև «լուսավոր» հաճախորդ դառնալն ու պատգամավորի մանդատ ստանալը պարտաճանաչորեն քարոզում էր քաղաքական հարցերի ապաքաղաքականացման օգտին:

Ահա սրանց հույսին են հիմա մնացել Բ26-ում և օգտագործում են: Երեկ օգտագործման հերթական դրսևորումը եղավ: Երբ պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը պայմանական ջահ վառեցին խորհրդարանում և տեղեկացրեցին առաջիկա հանրահավաքի մասին, Մանե Թանդիլյանը շտապեց ՀՀԿ-ական Բաբլոյանի խոսքերին հղում անելով ասել, որ այդ «ֆեյերվերկը» վնասակար է առողջությանը, իսկ Գորգիսյանը ցուցադրաբար և «թսիկաբար» փակել էր քիթը թաշկինակով՝ իբր խեղդվում է և ընդմիջում խնդրեց (Շարմազանովը հայրաբար մտահոգվել էր Գորգիսյանի առողջությամբ):

Այս «լուսավոր» հաճախոդները, փաստորեն, իրենց ավելի ՀՀԿ-ական են պահում, քան բազմաթիվ ՀՀԿ-ականներ: Դա, թերևս, փորձի բացակայությունից է: Մյուս հաճախորդները ավելի նուրբ են խաղացել, իսկ սրանք պայթում են շատ արագ: Երևի ժամանակներն են այդպիսին:

Չի բացառվում, որ ՀՀԿ-ի վարչապետ առաջարկելու օրը Էդմոն Մարուքյանը, յուր «լուսավոր» թիմակիցներն ու ԼՀ-ի կուռացիայի տակ աշխատող «Հանրապետություն» կուսակցության երկու պատգամավորները խորհրդարան մտնեն պլակատով, որի վրա գրված լինի իրենց իրական կարգախոսը, այն է՝ «Մի՛ մերժիր Սերժին» (#միմերժիրսերժին):

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Ուշագրավ է, որ ԱԺ նախագահի այլընտրանքային թեկնածու (Էդմոն Մարուքյան) առաջադրող, ՀՀ նախագահի այլընտրանքային թեկնածու (Արտակ Զեյնալյան) առաջադրող «Ելք» դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրում: Մինչդեռ ժամանակին հեքիաթներ էին պատմում, թե իբր իրենք առաջարկելու են վարչապետի այլընտրանքային թեկնածու, որը կներկայացնի ծրագրեր, բլա, բլա բլա, ֆլան, ֆստան...

Հիմա «Ելքը» լուռ է ու թեկնածու չունի: Դա ակնհայտորեն իշխանական հրահանգ է եղել, որ ձևական խաղեր այլևս չտան ու մոռանան նախորդ կապիկությունների մասին, քանզի Սերժ Սարգսյանն ուզում է վարչապետի միակ թեկնածու լինել:

Ահա այդպես պայթեցին հերթական հաճախորդները: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ ղեկավարի ձեռքի տակ այլևս ուրիշ բան չկա՝ «լուսավոր» հաճախորդներին օգտագործելու են բազմակի անգամ, անխնա ձևով ու առանձնակի դաժանությամբ: Այնպես են օգտագործելու, որ արդեն հանրությունն է իր քիթը թաշկինակով փակելու՝ «լուսավոր» հաճախորդների տարածած գարշահոտությունից պաշտպանվելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը