Մեկնաբանություն

12.04.2018 12:15


«Հասնել և անցնել Ադրբեջանին»

«Հասնել և անցնել Ադրբեջանին»

«Հասնել և անցնել Ադրբեջանին»: Թերևս այս կարգախոսն է ընտրել ՀՀԿ-ն, ավելի ճիշտ՝ դրա ղեկավարը: Պետք է արձանագրել, որ ահագին արդյունքներ կան գրանցված:

Ինչպես հայտնի է, երեկ Ադրբեջանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ալիևը հավաքել է ձայների 86 տոկոսը: Նրան հաջորդող թեկնածուն՝ ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը հավաքել է ընդամենը 3.11 տոկոս ձայն:

Ադրբեջանում հիմա երևի լուրջ հետաքննություն են անցկացնում՝ պարզելու համար, թե ովքեր են Ալիևին ձայն չտված այն քաղաքացիները, որոնց հանրագումարը կազմել է մի ամբողջ 14 տոկոս:

Ի դեպ, այս ընտրություններն առաջինն էին Ադրբեջանում սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել: Նա արդեն պաշտոնավարելու է յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։ Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, հետևաբար Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել այնքան, որքան կցանկանա։

Ինչպես նկատում եք, մեզ մոտ էլ պակաս ալիևական ոճի բաներ չեն լինում (Սահմանադրությունը հենց այդ նպատակով է փոխվել): Ճիշտ է, ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի մասով օրինակներ են բերում արևմուտքից (շատ մոդայիկ է Գերմանիայի կանցլեր Մերկելին «տղա բերելը»), բայց մեզանում տիպիկ արևելյան գործընթացներ են: Տարբերությունն այն է, որ ադրբեջանական ավտորիտարիզմը սպասարկվում է նավթի ու գազի, ինչպես նաև՝ որոշակի ազգային գաղափարի (Հայաստանի ու Ղարաբաղի ոչնչացում) միջոցով:

Հայաստանը նավթ ու գազ չունի «անփոխարինելի» ավտորիտարիզմ սպասարկելու համար: Արտագաղթի թվերը հենց դա են հուշում: Հայաստանն այլընտրանք չունի, քան բաց հասարակություն, շուկայական տնտեսություն, արդյունավետ պետական կառավարում, քաղաքացու ինքնաիրացման լայն հնարավորությունների ստեղծում ապահովելը: Ցավոք ճիշտ հակառակ ուղղությամբ ենք մենք հիմա գնում, ու դա է մեզ հրամցվում որպես ազգային գաղափար:

Սերժ Սարգսյանը լեգիտիմություն ունի իշխանական համակարգում, քանզի կարողացել է պահել աթոռը, իսկ ահա հանրային լեգիտիմությունը նրա մոտ գրեթե բացակայում է: Այս պայմաններում հայտ ներկայացնել ցմահ վարչապետության, նշանակում է վտանգել թե՛ ինքդ քեզ, թե՛ պետությունը:

Իշխանական բարքերով միգուցե շուտով հասնենք Ադրբեջանին (Ալիևը «ընտրություններով» ստացավ 86 տոկոս ձայն, իսկ Սարգսյանը, թերևս, այդքան տոկոս կհավաքի խորհրդարանում, իսկ եթե «լուսավորները» ձևեր չթափեն, ապա ՀՀԿ ղեկավարի օգտին քվեարկածների քանակն ընդհուպ կմոտենա 100 տոկոսին, ինչը կլինի մեր հուժկու պատասխանը Ալիևին) ու նաև անցնենք, իսկ ահա որպես պետություն հաստատ տանուլ կտանք ամեն ինչ:

Քանի՞ մարդ կմնա Հայաստանում ադրբեջանական բարքերի տոտալ տարածման պարագայում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը