Կարծիք

11.03.2011 09:29


«Իմ իրավունքը»

«Իմ իրավունքը»

Այս  հոդվածը,  որ   գրել  էի   2008թ. փետրվարին,  երևի  այդպես  էլ  մնար  իմ  արխիվում,   քանզի   վստահ  չէի,  որ    գրավելու  էր   լրատվամիջոցների   ուշադրությունը,  և  ոչ  միայն  չէր  գրավի,   այլ   չէին   կամենա   խնդիրներ  ունենալ,   հետո  էլ  Հայաստանում  նման  կարգի  դատավարությունները   նորություն  չեն:  ճիշտ  է   չուղարկեցի  լրատվամիջոցներին,  բայց   այնուամենայնիվ   չկարողացա  լռել.   ուղարկեցի  արդարադատության   թեժ  գծին  ու  Մարդու  իրավունքների  պաշտպանին,  բայց  ինչպես  միշտ   ձայն  բարբառոյ   յանապատե...

Բայց   հիմա,  երբ  Հ-1-ով   նորից  որոշեցին  ցուցադրել  2007-2008  թվականներին   «Իմ   Իրավունքը»   հաղորդաշարի   կրկնությունները,   ու  փետրվարի  9-ին կրկին   առնչվեցի  այս  ճչացող  անարդարությանը,  վճռեցի   անպայման  բարձրաձայնել.  Ներկայացնում  եմ  արխիվումս պահպանված   հոդվածս   նույնությամբ. 2008-ի Փետրվարի 23-ին  Հ-1-ով   հեռարձակված Տիգրան Մուկուչյանի անցկացրած  «Իմ իրավունքի» հերթական դատավարությունը  դիտելուց հետո մնացի ապշած. մի հաղորդում, որ ամբողջ աշխարհն է դիտում. ( խոսքս հայ ժողովրդի  մասին է) ինչպե՞ս կարելի է աչք փակել մի իրողության վրա, երբ հարգարժան դատավորը մի դեպքում առանց նոտարական վավերացման նվիրատվություններն ու փաստաթղթերն անվավեր է ճանաչում, իսկ այս  դատավարության ընթացքում վեճի առարկան' առանց վավերացման թղթի կտորը  հիմք  հանդիսացավ փաստորեն կողոպտել այն մարդուն, որը հանգուցյալի'   Աշոտ  Սաֆյանի  իրական   ժարանգորդն է հանդիսանում ու մեռնողի վերջնական  կամքն է  վավերացված փաստաթղթով  ամրագրել ու կտակել փոքր որդուն իր ամբողջ դրամական ու գույքային ունեցվածքը, որտեղ բացակայում է որևէ ակնարկ կտակում եղած 10000$ մաս հանելու 5000$ թոռանը'  Վահան  Դեմոյանին  թողած գրության մասին: Դատավարության ընթացքում խախտվեց օրենքի տառը: Երբ քննության ընթացքում պարզ դարձավ թե ի՞նչ պահի տակ է գրել  Աշոտ  Սաֆյանը  այդ  թղթի կտորը, (գինովցած, քեֆի սեղանի շուրջ) դատավճռի ընթացքում անտեսվեց   այս հույժ կարևոր իրողությունը, ու նոտարով չվավերացված թղթի կտորը օրենքի ուժ ստացավ :

Անտեսվեց նաև այն հանգամանքը, որ հանգուցյալը'   Աշոտ  Սաֆյանը   կտակը կազմելիս գնահատել է, որ իրեն անկողնային ծանր վիճակում խնամել ու  հոգացել է իր փոքր որդին'   Արտաշ   Սաֆյանը:  Ինչպես դատավարության ընթացքում հաստատվեց. հայցվորը'   Վահան  Դեմոյանն   անգամ չի բարեհաճել գոնե մեկ անգամ տեսակցել հիվանդ  պապին, որն իրեն խոստացել էր բուհ ավարտելուց հետո 5000$ տալ ամտոմեքենա գնելու համար: Միգուցե անկողնում գտնվելու 2 ամիսները բավական են եղել, որ պապը ճիշտ կողմնորոշվի, որ իր ունեցվացքը կտակի այն մարդուն, որդուն'   Արտաշին,   ով խնամում է իրեն ծանր վիճակում, չէր բացառվում, որ պապն իր ունեցվածքն կտակեր բոլորովին մի անծանոթի, ով անկողնային վիճակում իրեն նեցուկ կկանգներ:

Հենց «Իմ իրավունքի» դատավարություններից մեկում այդպիսի հայց կար, երբ հարազատ որդին զրկվեց իր սեփական բնակարանից, քանի որ հանգուցյալին հիվանդ վիճակում խնամել էր հարևանը, և նա էլ կտակով դարձավ բնակարանի տերը, հարազատ տղան զրկվեց ժառանգությունից: Մի իրողություն, որ մեր իրականության մեջ հաճախ է հանդիպում, երբ շատ մեծահարուստներ, երբ իրենց զավակները տեր չեն կանգնում իրենց ծնողներին, ծնողները իրենց ունեցվածքը կտակում են այն մարդուն, ով խնամում է իրեն, անարժան գտնելով սափական զավակներին ու այդ քայլով պատժում նրանց: Հայցվորի'   Վահան  Դեմոյանի   պապը չորս տարի առաջ խնճույքի սեղանի շուրջ գինովցած ժամանակ տված խոստումը, 5000$ բուհը ավարտելուց հետո նվիրատվությունը,որը գրում է մի փոքր թղթի վրա, նորից եմ կրկնում քեֆի սեղանի շուրջ, ինչպե՞ս կարող է իրավական ուժ ունենալ, անտեսելով թարմ կտակը, որն ամրագրված է Նոտարով: Փաստաթուղթ, որն ունի իրական իրավական ուժ լիիրավ տնօրինելու հանգուցյալի կողմից կտակված 10000$ գումարն ու ունեցվածքն, ներառյալ բնակարանը:

Փաստաթուղթ, որտեղ ոչ մի ակնարկ չկա անգամ չորս տարի առաջ քեֆի սեղանի շուրջ թոռանը խոստացված 5000$ մասին: Իհարկե, հանգուցյալը եթե մտադիր լիներ տեր կանգնելու իր խոստմանը պետք է որ այդ կտակում ամրագրվեր առանձին կետով: Փաստ է որ պապը կտակը կազմելիս կամ կարևորություն չի տվել այդ թղթի կտորին, կամ էլ հայցվորի անուշադրությունը անկողնում պառկած պապին պատճառ է հանդիսացել անարժան  գտել թոռանը խոստացված գումարը տալ: Եթե «Իմ իրավունքը» հեռարձակվում է ու հեռուսադիտողն մի դեպքում տեսնում է  առանց նոտարական վավերացման գրություններն անվավեր են, ինչպե՞ս պատահեց, որ այս դեպքում օրենքի ուժ ստացավ: Հաղորդումը դիտելուց հետո ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել, ու հավատալ այս դատավարության անաչառությանն ու անկաողմնակալությանը: Եվ այսպիսի դատերի հաճախ ենք ականատես լինում: Բայց ինձ մտատանջում է մի հարց։ Մի պահ մտածենք, որ այս դատավարության պատասխանողն ոչ թե հայցվորի քեռին է' հանգուցյալի որդին , այլ հենց հանգուցյալ պապը . մի պահ մտածենք թե կենդանի է , բայց սնանկացած ու ի վիճակի չէ այս չարաբաստիկ 5000$ խոստացած գումարը տալու, կամ խոստացածը նույն հաջողությամբ կարող էր լինել բնակարան, այս թոռ կոչեցյալը նույն ձևով պապի՞ն էր քաշ տալու դատարան. հիմա  չեմ զարմանա, որ դատավոր Մուկուչյանը այդ թղթի կտորը փաստաթուղթ համարելով, ինչ-ինչ օրենքներ հրամցնելով ներկաներին, պետք է տու՞նը խլեր պապի ձեռքից ու տար թոռանը՞: Զավեշտական է, բայց դառն իրողություն, դեռ հեռարձակվում է, որ հանրությանը կերակրեն մեր անկատար օրենքները, օրենքներ, որոնք երկու դեմք ունեն, քամելիոնի նման փոխում են իրենց գույնն ու որակը, հարմարվելով միջավայրին, ու մուրճի մի հարվածով մարդկանց զրկում են իրենց օրինական ժառանգությունից: Oրենքներ, որ զուրկ են խղճից, ու ամենակարևորը անհարիր մեր ազգային մտածելակերպին, նոր սերունդի դաստիարակության հարցում: Եթե պահպանվում են «Իմ իրավունքի» տեսագրությունները կարող եմ հաստատել, որ հաճախ են շրջանցվում մարդու իրավունքները. որտեղ թե օրենքներն են անկատար, թե դատավարության ողջ ընթացքը: Դատավարություն, որ մեղադրվող կողմը չունի պաշտպան, իր իրավունքները պաշտպանող. նա անպաշտպան է հայցվորի ու դատավորի մեղադրանքին հակադարձելու, իր փաստարկներն հիմնավորված ներկայացնելու ու արդար դատավճիռ ակնկալելու հարցում: Չի կարելի գովեստի խոսք չասել Ռուսաստանով հեռարձակվող դատավարությունների մասին, որտեղ և' դատավորներն, և' փաստաբաններն իսկապե'ս արհեստավարժ են ու վճիռ է կայացվում դատավարության ընթացքում մանրազնին   վկաների քննությունների,   ու փաստարկների արդյունքում : Դեռ փորձում ենք ունենալ Եվրոպական չափանիշներին   ձգտող դատական համակա՞րգ, երբ Եվրոպայում մի տառի փոփոխության համար մինչև մի քանի իրավասու մարմինների թույլտվությունն ու կնիքով ամրագրված փաստափղթեր չներկայացվեն այդ մի տառը ո'չ մի կերպ հնարավոր չէ փոխել: Սա օրենք է, որ տարածվում է բոլորի վրա անխտիր ու երբեք հնարավոր  չէ շրջանցել օրենքն ու առանց վավերացման թուղթի   կտորը փաստաթուղթ համարվել: Ովքե՞ր են այս օրենքները գրողները, ռոբոտնե՞ր, որ կարող են մարդու ձեռքից սառնասրտորեն խլել այն, ինչ օրենքով պատկանում է այն մարդուն, որին հանգուցյալն իր վերջին կամքը կտակով է ամրագրել' իր ժառանգորդ սեփական որդուն: Կարող էր հանգուցյալը իր կտակը կազմելիս իր ունեցվածքը կտակեր ամբողջովին անծանոթ մարդու, այդ դեպքում ինչո՞վ կավարտվեր  այս վեճը: Հարցեր են, որոնք կարոտ են ճշմարտության... Ես մեծ հետաքրքրությամբ դիտում եմ բոլոր հեռարձակվող դատավարությունները , եթե ուշադրություն դարձնենք հաճախ է խախտվում օրենքը, եթե այդպիսի դատավարությունը կարելի է համարել մեր իրավունքի իմացության ամբիոն:

Սոնա Արշունեցի, Բրյուսելից

Գրող-հրապարակախոս,  հայ-դատի  պաշտպան

Այս խորագրի վերջին նյութերը