Լրահոս

27.02.2010 11:48


Թուրքիայի խորհրդարանն աննախադեպ պատվիրակություն է ուղարկել ԱՄՆ

Թուրքիայի խորհրդարանն աննախադեպ պատվիրակություն է ուղարկել ԱՄՆ

Թուրքիան միանգամից երկու խորհրդարանական պատվիրակություն է ուղարկում ԱՄՆ Կոնգրեսին հակազդելու նպատակով, որը կարող է Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունել։ Թուրքիայի Մեծ ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի և Թուրքիա-ԱՄՆ ընկերության միջխորհրդարանական խմբի նախագահ Սուաթ Կինիկլիօղլուի գլխավորած պատվիրակությունները փետրվարի 28-ից մարտի 5-ը կմեկնեն Վաշինգտոն։

Ընդհանուր թվով Վաշինգտոն է մեկնելու մոտ 15 թուրք պատգամավոր։ Պատվիրակության կազմում կլինեն ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներ։

Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտարարության համաձայն ԱՄՆ Կոնգրեսում մարտի 4-ին նախատեսված Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ քննարկումից առաջ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ կանցկացնի։

ԱՄՆ այցից առաջ թուրքական խորհրդարանական պատվիրակության անդամ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Շուքրյու Ալեկդաղն «APA» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ իրենք փորձելու են համոզել ամերիկացի կոնգրեսականներին, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը ճիշտ չէ։

 «Մենք մեր ամերիկացի  գործընկերներին կտեղեկացնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը վերախմբագրել է հոկտեմբերի 11-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները։ Ընդունել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը նշանակում է ընդունել Հայաստանի անկախության հռչակագիրը։ Այդ հռչակագրում Հայաստանը ոչ միայն չի ճանաչում Թուրքիայի սահմանները, այլև հավակնում է մեր արևելյան շրջաններին։ Այդ պատճառով նման պայմաններում այդ արձանագրությունների վավերացումն անհնար է դառնում»,- ասել է նա։

Մեկ այլ պատգամավորի՝ Ջանան Արիտմանի կարծիքով էլ եթե ԱՄՆ-ը Թուրքիային իր դաշնակիցն է համարում, ապա չպետք է ճնշումներ գործադրի այս հարցում։

Այս խորագրի վերջին նյութերը