Լրահոս

05.12.2018 21:34


41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ մորաքրոջ որդուն դանակահարելու համար

41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ մորաքրոջ որդուն դանակահարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 50-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել վերջինիս մորաքրոջ որդուն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2018թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, «Հրազդան» ԲԿ-ից Ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել առ այն, որ իրենց մոտ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ՝ ծնված 1967թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում 2018թ. նոյեմբերի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նույն օրն ընդունվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթ: 50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի մորաքրոջ որդին՝ նույն քաղաքի բնակիչ՝ ծնված 1977թ.:

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. նոյեմբերի 3-ին՝ երեկոյան, վերջինս հեռախոսային խոսակցության ժամանակ գումարային հարցի շուրջ վիճաբանել է տուժողի հետ, ինչը շարունակվել է հաջորդ օրը՝ շենքի բակում, որի ժամանակ էլ իր մոտ եղած դանակով հարվածել է եղբոր որովայնի հատվածին ու դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ինքնակամ ներկայացել էր վարույթն իրականացնող մարմնին, ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը և ցուցմունք տվել դեպքի շուրջ: Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նա մատնացույց է արել այն վայրը, որտեղ մարմնական վնասվածք է պատճառել եղբորը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել է առերես հարցաքննություն, հարցաքննվել են նաև մի շարք անձինք:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջոցներ ձեռնարկել դեպքին ականատես վկաներ հայտնաբերելու, տեսանկարահանող սարքերի առկայության, ինչպես նաև տուժողին հիվանդանոց տեղափոխած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1977թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա կատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը