Աշխարհ

05.01.2019 20:49


Ադրբեջանցի ակտիվիստները միացել են բլոգեր Մեհման Հուսեյնովի հացադուլին

Ադրբեջանցի ակտիվիստները միացել են բլոգեր Մեհման Հուսեյնովի հացադուլին

Ադրբեջանցի երեք ակտիվիստներ հացադուլ են հայտարարել ի նշան համերաշխության բլոգեր Մեհման Հուսեյնովի հետ, ով բանտում դեկտեմբերի 26-ից ի վեր սնունդ չի ընդունում՝ ի նշան բողոքի իր դեմ առաջադրված նոր մեղադրանքի:

Ուրբաթ օրը հացադուլին է միացել «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար անդամ Թոֆիգ Յագուբլուն և Քաղբանտարկյալների հարցերով մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը:

Ընդդիմադիր ակտիվիստ Թոֆիգ Մամեդլին բողոքի այդ ծայրահեղ քայլին է դիմել մեկ օր առաջ՝ հունվարի 3-ին:

2017 թվականին ձերբակալված և երկու տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր հայացքներով բլոգերին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանին ծեծելու հոդվածով, ինչը նախատեսում է ավելի երկարաժամկետ ազատազրկում:

Միջազգային կառույցները, իրավապաշտպան կազմակերպությունները, ազդեցիկ քաղաքական գործիչներ Ալիևի վարչակազմին կոչ են անում անհապաղ ազատ արձակել բլոգերին, ով մինչ ազատազրկումը զբաղվում էր ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի մասին բացահայտումներով:

Նախօրեին միջազգային հանրության կոչերին է միացել նաև ամերիկացի ազդեցիկ սենատոր հանրապետական Մարկո Ռուբիոն։

«Ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովը շարունակում է մնալ բանտում՝ կեղծ մեղադրանքներով: Հացադուլի պատճառով նա հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի նրան»,֊Թվիթերում գրել է ամերիկացի սենատորը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը