Աշխարհ

14.01.2019 20:54


Թուրքիայում անհանգստացել են Դեր Զորի հայկական եկեղեցին վերականգնելու մասին Ասադի խոստումից

Թուրքիայում անհանգստացել են Դեր Զորի հայկական եկեղեցին վերականգնելու մասին Ասադի խոստումից

Ազգայնական ուղղվածություն ունեցող թուրքական «Sözcü» թերթում հոդված հեղինակած Զեյնեփ Գյուրջանլըն անդրադարձել է Դեր Զորի հայկական եկեղեցին վերկանգնելու մասին Սիրիայի նախագահի խոստմանը:

Սիրիական հարցի վերաբերյալ գրած «Ասադը բացում է հայկական խաղաքարտը» վերնագրով հոդվածում հեղինակը խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու վերականգնման թեմայից:

Թուրք վերլուծաբանն Ասադի հայտարարությունը Թուրքիայի դեմ ուղղված քայլ է համարում՝ գրելով, որ Սիրիայում 7 տարի տևած քաղաքացիական պատերազմում հաղթել է Ասադը, և Թուրքիայի հարևան Սիրիայում իշխանավարում է թշնամական վարչակազմը:

«Ի՞նչ եք կարծում՝ Ասադի «վերանորոգման առաջնահերթությունների» ցուցակում ի՞նչը պետք է լինի՝ էներգետիկ, քաղաքային ենթակառուցվածքնե՞րը, կառավարական շենքե՞րը, թե՞ քաղաքացիների տները և աշխատավայրերը: Սրանցից ոչ մեկը: Ասադի ցուցակում առաջին տեղում Թուրքիայի գլխացավանք 1915-ի դեպքերի խորհրդանիշն է գտնվում: Ասադը նախորդ շաբաթ հայկական պատվիրակությանն էր ընդունել և նրանց խոստացել պետական միջոցներով վերականգնել Դեր Զորում, այսպես կոչված, «Հայոց ցեղասպանության» հիշատակին կառուցված եկեղեցին, որն ավերվել էր ԻՊ-ի կողմից»:

Գյուրջանլըն նշել է, որ վերոնշյալի շարունակությունն է լինելու նաև Եփրատի արևելքում տիրապետող Սիրիայի քրդերի, որոնց համարում է ՔԲԿ-ի ճյուղավորում, և Սիրիայի իշխանությունների համագործակցությունը: Նա նշել է, որ Մանբիչում արդեն այդ համագործակցությունն առկա է, և քրդերը կառավարական բանակին են թողել քաղաքի ծայրամասային թաղամասերի վերահսկողությունը: Նրա դիտարկմամբ՝ այդ համագործակցությանն աջակցում է Ռուսաստանը, և այդ համագործակցությունը վերջնարդյունքում գլխացավանք է դառնալու Թուրքիայի համար:

2014 թվականի սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից պայթեցված Սրբոց Նահատակաց մատուռը կառուցվել է Դեր Զորի նախկին Սբ Հռիփսիմե եկեղեցու և Ազգային վարժարանի տեղում։ Հիմնարկեքը կատարվել է 1985-ի մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփված են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի բազմաթիվ զոհերի մասունքները։

Նախքան ռազմական գործողություններ Դեր Զորում բնակվում էր մոտ 20 հայ ընտանիք։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը