Մեկնաբանություն

18.03.2010 14:07


Գագիկ Բեգլարյանի «շունն ու կատուն»

Գագիկ Բեգլարյանի «շունն ու կատուն»

Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 2-ի ավագանու օրակարգում ընդգրկված էր «Երևան քաղաքում տեղական տուրքերի  և վճարների  2010թ.  դրույքաչափերը  սահմանելու մասին» որոշումը, որը բաղկացած է 15 կետից։ Որոշման մեջ ներառված են հետևյալ կետերը՝ «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինական նախագծին համապատասխան նոր շենքերի/շինությունների շինարարության թույտվության համար տեղական տուրք», «Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 25 000 դրամ», ինչպես նաև «Երևան քաղաքի վարչական տարածքում բացօթյա առևտուր կազմակերպելու թույտվության համար տեղական տուրքը սահմանել յուրաքանչյուր օրվա համար 500 դրամ» և այլն։ Որոշման 9-րդ կետը նշում է՝ «Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի վարչական տարածքում  ընտանի կենդանիներ պահելու  թույլտվության  համար տեղական տուրքն ընթացիկ տարվա  համար  սահմանվում է 5000 դրամ»: Որոշումն ընդունվել է փաթեթով և ուժի մեջ է 2010թ. հունվարի 1-ից։ Որոշմանը կողմ են քվեարկել և՛ ՀՀԿ, և՛ ԲՀԿ խմբակցությունները։ «7օր»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արման Վարդանյանը, սակայն, նշել է, որ իրենք ցանկանում են հանդես գալ առաջարկով, որ նման նախագծերը ներկայացվեն ոչ թե մի փաթեթով, այլ կետ առ կետ, քանի որ կան կետեր, որոնց կարելի է կողմ քվեարկել, և կան կետեր, որոնց համաձայն չես։ Ի դեպ, նշենք, որ «7օր»-ի ունեցած տեղեկություններով՝ ընտանի կենդանիների տուրքի մասին որոշման  հեղինակն ինքը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է։

Մինչև այսօր հայտնի չեն, սակայն, որոշման կիրառման մեխանիզմները, քանի որ դրա վերաբերյալ հստակեցումներ չկան։ Հարցը բավական վիճելի է ու բաց, և նախքան որոշման կիրառումը, կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ քննարկումներ անցկացնել ավելի լայն շրջանակների հետ։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանն իրականացնում է նաև փողոցային կենդանիների ստերիլիզացման ծրագիրը, որին, սակայն, հակասում է վերոնշյալ որոշումը, քանի որ բազմաթիվ կարիքավոր մարդիկ, որոնք հաճախ բազմաթիվ զրկանքների գնալով՝ կենդանի են պահում, հնարավոր է՝ դուրս թողեն կենդանիներին, հետևաբար ծրագիրը կորցնում է իր արդյունավետությունը։ Ավելանում են նաև կոռուպցիոն ռիսկերը, քանի որ կենդանիների գրանցումից խուսափելու համար հնարավոր է, որ կենդանիների տերերը դիմեն «կաշառքի» օգնությանը։ Ուստի ավելի ճիշտ կլիներ սահմանել ընտանի կենդանիներ պահելու նորմեր և դրանք խախտելու դեպքում միայն սահմանել տուգանքներ։ Բազմաթիվ երկրներում գործում են նման նորմեր։ Օրինակ՝ շանը պետք է ման տալ հատուկ նախատեսված վայրում, շունը չպետք է լինի առանց վզակապի կամ դնչկալի և այլն։

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է որոշման վերաբերյալ ԶԼՄ-ի տեղեկատվությանը և քաղաքապետարանի պաշտոնական կայքում որոշ պարզաբանումներ ներկայացրել։ Մասնավորապես նշվում է, որ «Երևանի ավագանին որևէ նոր հարկատեսակ չի սահմանել. այդպիսի լիազորություն ավագանուն վերապահված չէ։ Երևանի ավագանին պարզապես կիրառել է դեռևս 1997-ին ԱԺ-ի ընդունած «Տեղական տուրքերի ու պարտադիր վճարների մասին» օրենքը: Ի դեպ, կենդանիներ պահելու համար հարկ ընդհանրապես նախատեսված չէ: Խոսքն իրականում տուրքի մասին է, որն այս դեպքում գանձվում է տարին մեկ անգամ՝ 5000 դրամի չափով։  
Հիշյալ օրենքով ՏԻՄ-երն   իրավասու են տարբեր տեսակի գործունեություն ծավալելու համար զանազան  տուրքեր սահմանել։ Համաքաղաքային կանոնների համաձայն ընտանի կենդանիներ պահելու թույլտվության տուրքը ևս նախատեսված է օրենքով։ Մինչև 2009թ.-ն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի այդ դրույթը կիրառվել է նախկին 12 թաղային համայնքներից երեքում։ 2010թ. համար Երևանի ավագանին որոշել է օրենքը կիրառել Երևան համայնքում: Ընտանի կենդանի պահելու  թույլտվության տարեկան տուրքը սահմանվել է 5000 դրամ։   
Պարզաբանվում է նաև, որ խոսքը շների և կատուների մասին է, և որ տուրքը կիրառելու շնորհիվ համայնքային բյուջե ակնկալվող մուտքը կազմելու է մոտ 1 մլն դրամ։ Առաջին կիսամյակում համատիրությունները հաշվառելու են ընտանի կենդանի պահող բոլոր քաղաքացիներին, իսկ իրավիճակը վերլուծելուց հետո կիրառվելու է նաև սոցիալական շերտավորման սկզբունքը, այսինքն՝ կլինեն այդ տուրքից ազատվողներ։ Սակայն նշենք, որ բոլորս ենք ծանոթ Հայաստանում իրականացվող սոցիալական շերտավորման սկզբունքի կիրառմանը. բանակից ազատվում են հարուստ հայրիկների առողջ որդիները, նպաստ ստանում են համապատասխան պաշտոնյաների ազգականները (որոնց դժվար է սոցիալապես անապահով խավ համարել) և այլն։  

-Նրանց ասածն աբսուրդ է. իրենք իրավունք չունեն օրենք ընդունել առանց հիմնավորելու։ Ի՞նչ է նշանակում՝ գումարը գնալու է պետբյուջե։ Այդ պետբյուջեն երեսուն տարուց ավելի է՝ շուն է սպանում։ Ի վերջո, շուն պահելը բավական մեծ ծախս է, մի բան էլ պետությա՞նը գումար տաս, ինչի՞ համար։ Չի հիմնավորվում, թե գումարն ինչի համար ենք վճարում։ Այլ բան է, որ զբոսայգիներ լինեն, այնտեղ իմ շունը կեղտոտի, հետո մաքրեն, և ես գումար վճարեմ,- «7օր»-ի հետ զրույցում ասել է «Փրկենք կենդանիներին» բարեգործական հ/կ նախագահ Նունե Մեհրաբյանը։  Նրա կարծիքով այդ գումարները փամփուշտների համար են, քանի որ քաղաքապետարանը բացի կրակելուց ոչինչ չի անում. «Արտասահմանում եթե ցանկանում ես շուն պահել, պետք է տեղեկացնես այդ մասին։ Քո բյուջեն ստուգում են, եթե բավարար է, թույլ են տալիս, որ պահես, եթե հանկարծ շանդ դուրս թողնես և այլևս չցանկանաս պահել, այդ դեպքում տուգանք ես վճարում, իսկ այստեղ հակառակն է արվում, որ մարդիկ շներին դուրս թողնեն»։

Նունե Մեհրաբյանը նշել է նաև, որ կազմակերպությունը բողոքի ակցիաներ է նախատեսում, քանի որ ոչ ոք չի պատրաստվում տուրք վճարել.

-Ոչ ոք չի պատրաստվում տուրք վճարել։ Ի՞նչ պետք է անեն, պետք է գան վերցնե՞ն շանը մեր ձեռքից։ Թող հիմնավորեն գրավոր, թե ուր են գնալու այդ գումարները։ Եթե կգտնենք, որ քաղաքակիրթ տարբերակ է և թափառող շների և ընդհանրապես կենդանիների համար օգտակար, կվճարենք,- նշել է Ն. Մեհրաբյանը և հավելել,- մարդիկ դեմ են դրան, սակայն անգամ սոցիալապես անապահով շատ մարդիկ ասել են, որ դեմ չեն լինի վճարել գումարը, եթե իմանան, որ նորմալ ծրագիր կմշակեն թափառական շների համար, բայց եթե նրանք ոչնչացնում են դրսի շներին, ի՞նչ իմաստ ունի գումար տալ նրանց։

Որոշմանը դեմ են արտահայտվել նաև քաղաքացիներից շատերը։ Մասնավորապես Կենտրոն համայնքի բնակիչ Արմինեն նշել է. «Ես դեմ եմ այդ որոշմանը։ Կարծում եմ՝ եթե բողոքը զանգվածային բնույթ ստանա, ապա դա ինչ-որ նշանակություն կունենա։ Դեմ եմ, որ առաջին հերթին օրենքը կիրառվելու է Կենտրոն համայնքում, ի՞նչ է՝ Կենտրոնի բնակիչներն ավելի՞ շատ փող ունեն, երկրորդ՝ ինչո՞ւ ես պետք է վճարեմ, երբ ո՛չ տարածք կա շներին ման տալու համար, ո՛չ ենթակառուցվածք գոյություն ունի։ Դա կբերի նաև նրան, որ բազմաթիվ մարդիկ դուրս կթողնեն իրենց կենդանիներին»։

Մեկ այլ քաղաքացի, նշելով, որ իր համար միևնույն է, քանի որ ինքը գումարային խնդիր չունի, այնուամենայնիվ, նշել է, որ շատերի համար դա վատ է, և շատ շներ ու կատուներ կարող են դուրս մնալ. «Ասենք՝ մեծ մարդ է, թոշակով է ապրում, կատու կամ շուն ունի, դա էլ կողքից արդեն դժվար է։ Ընդհանուր առմամբ դեմ եմ այդ որոշմանը։ Դա ինձ համար միևնույնն է»։

-Ես դեմ եմ որոշմանը։ Ինձ թվում է՝ ընդհակառակը պետք է լինի. պետք է այնպես արվի, որ մարդիկ հնարավորություն ունենան կենդանի պահել։ Ընդհանրապես Հայաստանում կենդանիներին շատ վատ են վերաբերվում, եթե համեմատենք զարգացած երկրների հետ, դրա համար դա մի քայլ հետ կտանի մեզ,- նշել են քաղաքացիներ Սոնան և Անուշը։

Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ որոշման դեմ բողոքը ոչ թե բուն որոշումն է, այլ հերթական անգամ հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակով է որոշումն ընդունվում։ Արդյոք սոցիալական առանց այն էլ լարված մթնոլորտում (հաշվի առնելով կոմունալ ծառայությունների՝ գազի և ջրի թանկացումները) արժե՞ր նման քայլի գնալ։ Հերթական անգամ ընդունվում է որոշում, որի մասին հանրությունը տեղեկանում է միայն ընդունվելուց հետո, այն էլ՝ ոչ պաշտոնապես, այլ ուղղակի այստեղից-այնտեղից։

Ի դեպ, ունի՞ ընտանի կենդանի Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, թե ոչ՝ պարզել չկարողացանք, քանի որ նա Ստրասբուրգում էր։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը