Մեկնաբանություն

14.02.2019 11:30


Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային արտաքին քաղաքականությունը

Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային արտաքին քաղաքականությունը

Նիկոլ Փաշինյանի անցած քաղաքական ուղին և վարչապետ դառնալու տեխնոլոգիան նրան ՀԱՊԿ և ԵԱՏՄ տարածքում ապրիորի դնում են օտարի կարգավիճակում։ Սա դասակարգային ու տեսակային հակասություն է, որը չի լուծվելու՝ անկախ ձեռքսեղմումներից, ժպիտներից ու քաղաքավարական ժեստերից։

Այս ամենը հաշվի առնելով՝ Փաշինյանը պետք է ձգտեր ամեն կերպ փոխել ԵԱՏՄ–ում և ՀԱՊԿ–ում առկա տեսակետն իր նկատմամբ, քանզի դա բխում է Հայաստանի ու Արցախի շահերից։ Բայց ի՞նչ արեց «ժողովրդի վարչապետը»։ Նա նախ գրոհեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ, ապա կալանավորեց Ռոբերտ Քոչարյանին։ Այդ երկու քայլն էլ պայմանավորված էին անձամբ Փաշինյանի մտասևեռումներով ու կոմպլեքսներով։ Արդյունքում՝ Հայաստանը լուրջ կորուստ ունեցավ դաշնակիցների շրջանում, Ադրբեջանը կարողացավ այդ ամենի ֆոնին էական դիրքային առավելություն ստանալ, և հարվածի տակ ընկավ մեր երկրի անվտանգությունը։

Փաշինյանն օտար է նաև Արևմուտքի համար։ Նա Սահակաշվիլի չէ, որը հատուկ ծրագրով օգտագործվում էր Արևմուտքի կողմից, կացնային ձևով հակառուսական գիծ էր տանում, և որի արդյունքում Վրաստանը կորուստներ ունեցավ՝ հայտնվելով թուրք–ադրբեջանական տնտեսաքաղաքական լծակի տակ։

ՀՀ վարչապետը Արևմուտքի համար ժամանակավոր գործիք է, որի միջոցով փորձում են Ռուսաստանի ու Իրանի դեմ աշխարհաքաղաքական խաղեր խաղալ ամերիկացիները, մասնավորապես՝ Բոլթոնի պլանով։ Ոչ ավելին։

Օտարների ու յուրայինների մեջ օտարը

Փաշինյանն օտար է բոլորի համար։ Նա, թերևս, զգալով այդ ամենը, փորձում է իր պատկերացրած «և՛, և՛»–ի քաղաքականությունը վարել, բայց հայտնվում է «ո՛չ, ո՛չ»–ի տիրույթում՝ վնասելով Հայաստանի ու Արցախի շահերին։

Փորձելով մեղմել Կրեմլի վերաբերմունքն իր նկատմամբ՝ նա հայտարարեց, որ պատրաստ է Սիրիա ռազմախումբ ուղարկել։ Դա մի քայլ էր, որին նույնիսկ նախկին իշխանությունները չէին գնում, բայց Փաշինյանը գնաց, որպեսզի Քոչարյանի դեմ արված քայլի ռուսական ռեակցիան մեղմվի, որպեսզի գազի թանկացում չստանա և որպեսզի ապացուցի, որ պրոռուսական քայլերով Սերժ Սարգսյանից է՛լ ավելի Սերժ Սարգսյան է, բայց ոչինչ չստացվեց, քանզի, կրկնենք, ԵԱՏՄ տիրությում Փաշինյանը դասակարգային ու տեսակային անտոգոնիստ է։

ԱՄՆ–ին դուր գալու համար էլ Փաշինյանը մտավ շատ վտանգավոր խաղի մեջ՝ հայտնվելով Բոլթոնի պլանի մեջ։ Բայց զգալով, որ կարող է Արցախի հարցում Բոլթոնի պլանի ուղղությամբ շատ խորանալու դեպքում կորցնել իշխանությունը, հետ քաշվեց։ ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը չուշացավ։

«Մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Մենք նաեւ չենք պաշտպանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունն այս առաքելության նպատակով»,– մասնավորապես նշված էր պետքարտուղարության հայտարարության մեջ։

Հիմա Փաշինյանը հայտնվել է բոլորի մոտ օտարի կարգավիճակում։ Նա Սիրիա հայկական խումբ ուղարկեց, բայց դրանով, միևնույն է, դասակարգային ու միջտեսակային հակասությունը չի հաղթահարվում, և Կրեմլում, միևնույն է, ինքը չի ընդունվում (Փաշինյանի վերջին այցը Մոսկվա շատ ցցուն էր այդ առումով. նրան չընդունեց Պուտինը, իսկ վարչապետ Մեդվեդևը Փաշինյանին հանդիպեց հայկական կողմի խնդրանքով)։

Փաշինյանը օտար է նաև Արևմուտքի համար, քանզի այնտեղ նա հետաքրքրություն է ներկայացնում միայն Արցախի հարցում զիջումների գնալու պատրաստակամությամբ։ Երբ նա մերժեց կամ ժամանակավորապես սառեցրեց իր ներգրավվածությունը Բոլթոնի պլանին, ստացավ դեղին քարտ Վաշինգթոնից՝ սիրիական սոուսով։ Սա էլ հենց կոչվում է «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականություն, երբ ոչ թե ուժային կենտրոնների հետ համադրվում են շահերն, ու հավասարապես դրական հարաբերություններ են հաստատվում բոլոր ուղղություններով, այլ բոլոր կենտրոններից ստանում ես հարվածներ ու ընկալվում օտար։

Եթե հարցը միայն Փաշինյանին վերաբերեր, դեռ ոչինչ։ Բայց հարցը մեր երկիրն է, որը հիմա փաստացի մնացել է առանց դաշնակից ու քշված բոլոր կողմերից։ Եվ ինչո՞ւ պետք է հանուն Փաշինյանի իշխանության՝ Հայաստանն ու Արցախը նման գին վճարեն։ Հարցս ամենևին էլ հռետորական չէ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը