Հարցազրույց

19.03.2010 16:41


Վարդան Օսկանյան

Վարդան Օսկանյան

Վարդան Օսկանյանի հարցազրույցը «Կապիտալ» օրաթերթին

- Ադրբեջանի արտգործնախարարը վերջերս հայտարարեց, թե Մադրիդյան նորացված սկզբունքները' որոշ բացառություններով, իրենց համար ընդունելի են: Ադրբեջանը, կարծես, առաջին անգամ է պաշտոնապես հայտարարում, որ կողմ է կարգավորման ներկայացված առաջարկություններին: Ի՞նչ եք կարծում, փոխվել է Բաքվի սկզբունքային մոտեցո՞ւմը, թե՞ հենց սկզբունքներն են փոխվել: ,Որոշ բացառություններնե արդյոք Ղարաբաղի կարգավիճակի՞ն չեն վերաբերում:
-Այն, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բոլորովին նոր պայմաններ են ստեղծվել, կարծում եմ' բավական ակնառու է: Ընդ որում' փոփոխություններն ակնհայտ են երկու մակարդակում' իրավիճակային և բովանդակային: Համոզված եմ, որ կարգավորման փաստաթղթում բովանդակային փոփոխությունը մեծ մասամբ հետևանք է իրավիճակային փոփոխության' հայ-թուրքական գործընթացի հետևանքով առաջ եկած նոր հանգամանքների:

Այս գործընթացում արդեն որպես ,շահառուե ներգրավվել է Թուրքիան: Եվ խնդրի կարգավորումը այս նոր եռանկյունու համատեքստում են ընկալում նաև միջնորդները, և այդ հանգամանքը չէր կարող իր արտացոլումը չգտնել բանակցվող փաստաթղթում:

Իհարկե փաստաթղթի բովանդակային փոփոխությունը նաև բուն բանակցությունների որակի հետևանք կարող է լինել: Եթե փաստաթուղթը բանակցված և ոչ թե առաջարկված է և ի հայտ է եկել կողմերի միջև ուղղակի բանակցությունների արդյունքում, ապա նաև անհասկանալի է, ինչպես պատահեց, որ փաստաթղթի նորացված տարբերակն ընդունելի է կողմերից մեկի և անընդունելի է մյուսի համար: Ուրեմն' բանակցող կողմերից մեկը չի կարողացել լիարժեք հիմնավորել իր դիրքորոշումները:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն էլ անցյալ շաբաթ Երևանում հայտարարեց, որ Ղարաբաղին առաջարկվում է ,միջանկյալ կարգավիճակե: Սա նո՞ր եզրույթ է, թե՞ նախկինում էլ է քննարկվել նման հարց:
- Առանձին վերցված ձևակերպումները չարժե մեկնաբանել: Կարևորը ընդհանուր սկզբունքն է, որ եղել է նախկինում և այսօր էլ պետք է պահպանվի, այն է' հակամարտության արդյունքում փոխադարձաբար առաջացած խնդիրները իրենց վերջնական հանգուցալուծումը պետք է գտնեն ԼՂ կարգավիճակի խնդրի վերջնական լուծման հետ միաժամանակ: Դատելով ադրբեջանական կողմի հայտարարություններից և պաշտոնական Երևանի լռությունից' կարելի է ենթադրել, որ մեզ համար ամենակարևոր հենց այս սկզբունքն է խախտվել նոր առաջարկի մեջ:
- Դուք հաճախ եք քննադատում ներկա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: Հայ-թուրքական կարգավորման հարցում Ձեր դիրքորոշման տարբերությունը ներկայում վարվող քաղաքականությունից հստակ է: Սակայն Ղարաբաղի հարցում, կարծեք, սկզբունքային դիրքորոշման փոփոխություն չկա' և՛ Ձեր օրոք, և՛ ներկայում հայտարարվում է, որ բանակցություններում գլխավորը կարգավիճակի հարցն է, և Ղարաբաղը ոչ մի դեպքում չի կարող լինել Ադրբեջանի մաս: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Հայտարարել կարելի է ցանկացած բան, կարևորը այդ հայտարարություններին համարժեք գործելն է: Այդ առումով ես լուրջ անհամաձայնություն ունեմ իշխանությունների կողմից արվող ընթացիկ քայլերի հետ, որոնք հակասության մեջ են Ձեր նշած սկզբունքի հետ:
Դիվանագիտության մեջ ցանկացած, նույնիսկ մեր հասարակության համար աննկատ ու անկարևոր թվացող փաստաթղթում որևէ ձևակերպում անպայման ունենում է իր հետևանքները, որը կողմերից մեկը կամ մյուսը շահարկում է: Այդ առումով վերջին մոտ երկու տարվա ընթացքում անհասկանալի փաստաթղթեր ի հայտ եկան: Օրինակ' չէր կարելի թույլ տալ, որ Աթենքում ԵԱՀԿ նախարարների խորհրդի հայտարարության մեջ կողք կողքի օգտագործվեին տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Երբ այդ փաստաթղթում չեն մանրամասնվում ինքնորոշման սկզբունքի իրականացման պայմանները և պարամետրերը, ոչ միայն Ադրբեջանի, այլև միջազգային հանրության ընկալման մեջ ամրագրվում է առաջին հերթին տարածքային ամբողջականության սկզբունքը:

- Ներկայում բազմաթիվ կարծիքներ են շրջանառվում, որ Հայաստանի վրա լուրջ ճնշում կա Ղարաբաղի հարցում ընդունելու նորացված առաջարկությունները: Եթե նման ճնշումներ իսկապես կան կամ լինեն, ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը դիմակայելու դրանց: Ընդհանրապես, որքանո՞վ է հավանական Ղարաբաղի խնդրի կարգավորումը միջազգային պրեսինգի միջոցով:

- Երկրի իշխանության առաջնային խնդիրն է խուսափել այնպիսի իրավիճակների ստեղծումից, որոնք կարող են հանգեցնել ճնշումների, առավել ևս սեփական գործողություններով «չհրավիրել» նման ճնշումներ: Բայց քանի որ նման իրավիճակից կարծես խուսափել չի հաջողվել, պետք է մտածել ինչ անելու մասին: Երկու տեսակի անելիք կա: Մեկը' կոնկրետ, անմիջական, մյուսը' գաղափարական, կոնցեպտուալ:
Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես կա՛մ արդեն պատասխանել է, կա՛մ առաջիկայում պետք է պատասխանի ներկայացված նոր առաջարկներին: Եթե իրականությունն այն է, ինչ ես ենթադրում եմ որ է, ուրեմն Հայաստանը պետք է կտրուկ մերժի մեզ համար անընդունելի փաստաթուղթը: Ցանկացած այլ' ոչ հստակ ու երկակի պատասխան կարող է մեզ համար վտանգավոր հետևանքների հանգեցնել: Մյուս կողմից' բանակցված փաստաթուղթը կատեգորիկ մերժելիս անհրաժեշտ է նաև կառուցողական առաջարկ ներկայացնել: Հայկական կողմի ամենամեծ մարտահրավերն այնպիսի ընկալելի բան առաջարկելն է, որը մի կողմից' հասկանալի և հիմնավորված թվա միջնորդներին, մյուս կողմից' ամուր պաշտպանի մեր շահերը: Միայն նման դեպքում Հայաստանը կվերականգնի հավասարակշռությունը բանակցություններում:
Մենք այսօր շրջադարձային փուլում ենք: Հայաստանը նախկինում էլ այդպիսի փուլում եղել է: Երբ հանգամանքները, գործընթացի իներցիան, միջնորդների ընկալումները մեզ համար շահավետ չեն, պետք է ոչ թե սպասել իրավիճակի զարգացմանը, այլ կտրուկ քայլերի գնալ: Անհրաժեշտ է շեշտադրումների ու նույնիսկ դիրքորոշումների փոփոխություն, որը սակայն պետք է լավ հիմնավորված լինի: Նման փոփոխություն եղավ 98-ին' իշխանափոխության արդյունքում: Իշխանափոխության դեպքում նախորդ իշխանության դիրքորոշման հետ չհամաձայնելը և փոխարենը այլ բան առաջարկելն ավելի ընկալելի է: Գործող իշխանության համար շեշտադրումների ու դիրքորոշումների կտրուկ փոփոխությունը հիմնավորելը ավելի բարդ, բայց թերևս անխուսափելի խնդիր է:

Այս խորագրի վերջին նյութերը