Մեկնաբանություն

27.02.2019 11:35


Հեղափոխական ու հակահեղափոխական արագաչափերը (տեսանյութ)

Հեղափոխական ու հակահեղափոխական արագաչափերը (տեսանյութ)

Երեկ մի ուշագրավ հայտարարություն էր տարածվել։

«Փետրվարի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափը ոմն Աբո վնասել է:

Պարզվել է, որ Աբոն Աբովյան քաղաքի բնակիչ, 1977 թ. ծնված Ալբերտ Խ.-ն է:

Նա բացատրություն է տվել, որ արագաչափը փետրվարի 25-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, դիտավորյալ ինքն է կոտրել, քանի որ տվյալ արագաչափը 3 անգամ լուսանկարահանել է իրեն, ինչի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»:

Եթե հիշում եք, նախորդ տարվա ապրիլ–մայիսին Նիկոլ Փաշինյանը Գյումրիից Երևան էր քայլում՝ ճանապարհին վնասելով արագաչափերը։

«Սերդեչնի պրիվետ ատ Հարութինա Զիմզիմովա» ասելով՝ Փաշինյանը արագաչափ վնասելու ֆլեշմոբ էր անում։

Արագաչափ վնասելը դարձավ «թավշյա» բրենդներից մեկը։ Մինչ այդ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ արագաչափերը պետք է վերացնել, քանզի դրանք լավ բան չեն, համ էլ հարստացնում են Սաշիկին։

2018–ի մայիսին Փաշինյանը դարձավ «ժողովրդի վարչապետ» և մոռացավ ամեն ինչ։ Նա արագաչափերը ոչ թե վերացրեց, ինչպես խոստացել էր, այլ շատացրեց։ Նրա թիմակից նախկին ոստիկանն էլ հայտարարեց, որ Սաշիկն արագաչափերի հետ որևէ կապ չունի։

Հիմա հետթավշյա Հայաստանում նյութեր են նախապատրաստում ոմն Ալբերտ Խ.–ի դեմ, որը նյարդայնացել է այն բանից, որ արագաչափն իրեն 3 անգամ նկարել է, ու այդ նյարդային վիճակում վնասել է Երևան–Սևան մայրուղու վրա գտնվող արագաչափը։

Ալբերտ Խ.–ն, ամենայն հավանականությամբ, թունդ հեղափոխական է։ Նիկոլական։ Նա արագաչափը վնասել է, թերևս, ոգեշնչվելով Փաշինյանի արած քայլերից։

Դժվար է ասել, թե արդյոք Ալբերտ Խ.–ն արագաչափը վնասելուց հետո նիկոլավարի օգտագործե՞լ է «Սերդեչնի պրիվետ ատ Հարութինա Զիմզիմովա» նախադասությունը, թե՞ ոչ, բայց դա էական չէ։ Էականն այն է, որ Ալբերտ Խ.–ն կարող է հակահեղափոխական հռչակվել, քանզի այն, ինչ կարելի էր հեղափոխական Նիկոլին, չի կարելի հակահեղափոխականության ճանապարհը բռնած Ալբերտ Խ.–ին, որը հաստատ ապրիլյան օրերին փողոց փակած կլինի իր ավտոմեքենայով, որին Նիկոլի արագաչափերը հասցրել են 3 անգամ նկարել։

Հիմա հարց է առաջանում։ Եթե Նիկոլի դեմ և՛ թավշյա, և՛ հետթավշյա օրերին նյութեր չեն նախապատրաստվել ոստիկանությունում, ապա ինչո՞ւ է նյութ նախապատրաստվում Ալբերտ Խ.–ի դեմ։ Ի՞նչ է՝ կան հեղափոխական ու հակահեղափոխակա՞ն արագաչափեր։ Ինչո՞վ է Ալբերտ Խ.–ն տարբերվում Նիկոլ Փ.–ից։ Իսկ ո՞վ ասաց, որ եթե երկակի ստանդարտներ կիրառվեն ու Ալբերտ Խ.–ն դատվի ՀՀ օրենսդրությամբ, ապա «թավշյա» օրերին օրենսդրաիրավական հետապնդումից խուսափած Փաշինյանը վաղը կամ մյուս օրը չի ընկնի «լեռների օրենքի» հոդվածի տակ։

Ի դեպ, Նիկոլն ասել է, որ կառավարության դռները ջարդող մարդիկ ճիշտ են անում, քանզի դա իրենց դուռն է, ինչ ուզեն՝ կանեն։ Իսկ արագաչափերը ՀՀ հպարտ քաղաքացիներինը և, մասնավորապես, Ալբերտ Խ.–ինը չե՞ն։

Մի խոսքով, նյութեր նախապատրաստելիս ոստիկանությունը պետք է հեղափոխություն–հակահեղափոխություն դիլեման էլ հաշվի առնի ու հասկանա, որ եթե Ալբերտ Խ.–ի դեմ նյութեր է նախապատրաստում, ապա այդ նյութերին կից նաև Նիկոլի նյութերը պետք է նախապատրաստի ու նրան Ալբերտ Խ.–ի հետ նույն աթոռին նստեցնի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը