Կարծիք

22.03.2010 08:56


Ոսկե միլիարդը, Ռուսաստանն ու Հայաստանի ապագայի տարբերակները

Ոսկե միլիարդը, Ռուսաստանն ու Հայաստանի ապագայի տարբերակները

Հայ-թուրքական «մերձեցման» գործընթացի սկզբնավորումը նկատելի խառնաշփոթ առաջացրեց  հայկական փորձագիտական շրջանակների կողմից իրականության ընկալման և մեկնաբանության ողջ դաշտում: Հայ հանրությունը հայտնվեց մի իրավիճակում, երբ տարածաշրջանում առավել ազդեցիկ պետությունները' Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գովելի ջանասիրությամբ լծվեցին Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարևանային հարաբերություններ հաստատելու գործին, միաժամանակ հայտարարելով, որ ակնկալում են առաջընթաց նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում: Բազում այլ կարևոր հարցերում այս գերտերությունների' ակնհայտորեն տարբեր, անգամ, հակոտնյա  մոտեցումները, Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պարագայում զարմանալիորեն համընկել են, ինչը և պատճառ է դարձել մեզանում որոշակի խուճապի համար: Խուճապը հետևանք է այն բանի, որ ՀՀ-ում, ԼՂՀ-ում և Սփյուռքում, ըստ ամենայնի, գնահատված չեն նոր աշխարհակարգի ձևավորման իրական պայմանները, հիմնական գործող դերակատարների շահերը, ծրագրերը և ռեսուրսները, այդ աշխարհակարգի ձևավորման խորքային փիլիսոփայությունն ու դրա կապը զուտ քարոզչական բնույթ ունեցող քայլերի ու հայտարարությունների հետ: Արդյունքում, մեր հանրության բոլոր շերտերը բնազդաբար' հստակ զգալով հայկական շահերին սպառնացող վտանգը, որն առաջին հերթին բխում է ԼՂՀ-ի մաս կազմող ազատագրված տարածքների' ազերիներին հանձնելու հեռանկարից,  պահանջում են, որպեսզի մեր քաղաքական ուժերն ու գործիչները հոդաբաշխ կերպով ներկայացնեն Հայաստան-ԼՂՀ-Սփյուռք արդեն իսկ խարխլված եռամիության ապագայի տեսլականը, սակայն բացի անորոշ, մշուշոտ ու անբովանդակ ենթադրություններից ու բարի ցանկություններից (աշխարհակործան, հոռետես կանխատեսումները չենք դիտարկում այստեղ, քանզի դրանք անօգնականության և անկարողության դրսևորում են ու վնասակար են հենց միայն այն պատճառով, որ մեզ են պարտադրում գործընթացների' մեզ համար վտանգավոր զարգացման անշրջելիության գաղափարը, ուստի և բնույթով կառուցողական չլինելով որևէ կիրառական օգտակարություն ունենալ չեն կարող) առ այսօր ոչինչ չենք լսել: Մեկն ասում է. ,Ես չեմ հավատում, որ Սերժը տարածք կհանձնիե, մյուսը փորձում է մեզ համոզել, որ ԼՂ հարցում գերտերություններին ձեռնտու չէ ստատուս քվոյի փոփոխությունը, երրորդը ջանում է մեզ վստահեցնել, թե ԱՄՆ-ը Թուրքիայի' դեպի արևելք ծավալվելու ցանկությունը խթանելու ռազմավարական ծրագիր չունի և այլն:  Իրականում այս բոլոր  պնդումները կարելի է որակել որպես բարի ցանկություններ, որոնց հիմքում ընկած են միանգամայն իրական վտանգները սեփական լավատեսությամբ հաղթահարելու խաբկանքները: Ստիպված ենք ասել, որ եթե ՀՀ ներկայիս պահվածքը չփոխվի և մեր պետությունը քաղաքականություն մշակելու և վարելու որակ ձեռք չբերի, ապա. ,Սերժը տարածք կհանձնիե, ստատուս քվոն կխախտվի և կախված այդ գործընթացների առանձնահատկություններից ԱՄՆ-ը կարող է խթանել նաև Թուրքիայի դեպի արևելք ծավալվելու պոտենցիալ ցանկությունը: Այս ամենը կարող է իրականություն դառնալ նոր աշխարհակարգի ձևավորման տրամաբանության շրջանակներում և մինչև մենք չպարզենք, թե այդ ինչ տրամաբանություն է, չենք կարողանա նաև հասկանալ սեփական անելիքները, անօգնական կգտնվենք մեզ սպառնացող ռազմական, ֆիզիկական, տնտեսական, բարոյական վտանգները չեզոքացնելու գործում: Այս հոդվածի ձևավաչափը հնարավորություն չի տալիս ծավալուն և համապարփակ կերպով ներկայացնել քննարկվող խնդրի բոլոր առանձնահատկությունները. կփորձենք ընդհանուր առմամբ խոսել այսօրվա գլոբալ իրավիճակը ձևավաորած հիմնական գործոնների մասին և որոշ կանխատեսումներ անել գործընթացի հետագա զարգացման հնարավոր տարբերակների վերաբերյալ, այդ համատեքստում դիտարկելով նաև Հայաստանի դերակատարությունն ու նրա ապագայի հեռանկարը:

Չեմ կարծում, թե կարող է վիճարկելի լինել այն փաստը, որ մերօրյա գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների համար հզոր խթան հանդիսացավ ԽՍՀՄ-ի փլուզումը: Հենց ԽՍՀՄ-ի փլուզումն ազդարարեց երկբևեռ աշխարհակարգի վախճանը, որի հետևանքը եղավ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից գլոբալացման, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնման քաղաքականության նախաձեռնումը: Այս գործընթացների ծավալման հակառակորդ պետությունները մեղադրանքներ են հնչեցնում առ այն, որ ԱՄՆ-ը իրենց մերձավոր դաշնակիցների հետ ձգտում են հաստատել իրենց տիրապետությունը ողջ աշխարհում և որպես այլընտրանք առաջարկում են բազմաբևեռ աշխարհի գաղափարը: Նախ փորձենք բնորոշել, թե ինչ բան է որևէ երկրի կամ երկրների խմբի կողմից ,համաշխարհային տիրապետություն հաստատելե (այսուհետ' ՀՏՀ) ասածը:

ՀՏՀ երևույթը կարելի է բնութագրել որպես որոշակի կազմակերպական ձևի մեջ համախմբված մարդկանց մի խմբի տիրապետության հաստատումը բոլոր այլ խմբերի նկատմամբ' դրանից բխող նյութական բոլոր առավելություններով: Մարդկության մեզ հայտնի պատմության ընթացքում ՀՏՀ երևույթը ունեցել է իր բովանդակային և իմաստափիլիսոփայական զարգացման փուլերը.

ա) ներմայրցամաքային փուլ - երբ ՀՏՀ համար պայքարն ուներ աշխարհագրական սահմանափակումներ և կարելի էր խոսել որևէ պետական կազմավորման կողմից, թեև տարածքային առումով մեծածավալ, սակայն, ընդամենը մասնակի ՀՏՀ մասին: Այս փուլը հատկապես բնորոշ է Եվրասիայի և Կենտրոնական ու Հարավային Ամերիայի համար (մինչև Կոնկիստան) և դրսևորվել  է Աքեմենյան Իրանի, Ալ. Մակեդոնացու հելենիստական ու Հին Հռոմի հանրապետական կայսրությունների միջոցով, որոնց հետո հաջորդել են Բյուզանդիան, Արաբական Խալիֆաթը և թյուրք-մոնղոլական կայսրությունները, ինչպես նաև մայաների, ացտեկների և ինկերի պետությունների միջոցով,

բ) աշխարհագրական նոր յուրացումների փուլ - երբ եվրասիական տարածքում հաստատված ուժերի հարաբերական հավասարակշռությունը ստիպեց Եվրոպայի մի շարք պետություններին անցնել Եվրասիայի տարածքից դուրս գտնվող աշխարհագրական գոտիների յուրացմանն ու գաղութացմանը, ինչի արդյունքում Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Հոլանդիան, Պորտուգալիան և Ֆրանսիան դարձան անդրօվկիանոսային կայսրություններ, ավարտվեց աշխարհի ցամաքի բնակության համար պիտանի ողջ տարածքի յուրացումը և դրա պետական պատկանելության որոշման գործընթացը,

գ) ամբողջական ՀՏՀ համար պայքարի I փուլ - այս փուլն իր զարգացման գագաթնակետին հասավ 20-րդ դարի սկզբում, երբ տնտեսապես առավել հզոր պետությունները բաժանվելով երկու թշնամական ճամբարի, սանձազերծեցին առաջին համաշխարհային պատերազմը, որի արդյունքում հաղթանակը բաժին հասավ անգլո-ամերիկյան թևին և իրենց դաշնակիցներին: Սա միաբևեռ աշխարհակարգի հաստատման առաջին և անարդյունավետ փորձն էր,

դ) ամբողջական ՀՏՀ համար պայքարի 2-րդ փուլ - այս փուլը սկզբնավորվեց երկրորդ համաշխարհային պատերազմով: Պատերազմը կրկին ավարտվեց անգլո-ամերիկյան թևի հաղթանակով, սակայն այս անգամ ձևավորվեց երկբևեռ աշխարհակարգ, որի մի բևեռը կազմեցին Արևմուտքի առավել զարգացած պետություններն ու Ճապոնիան' անգլո-ամերիկյան բացառիկ առաջնորդության ներքո, իսկ մյուս բևեռը' ԽՍՀՄ-ն' իր արևելաեվրոպական դաշնակիցներով և Չինաստանը,

ե) ետխորհրդային շրջանում ՀՏՀ համար մղվող պայքարի փուլ' նոր աշխարհակարգի ձևավորման սկզբունքներ - այս փուլի ականատեսն ու մասնակիցն ենք այսօր:

Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՏՀ համար պայքարն ունի օբյեկտիվ բնույթ, կախված չէ անհատների անձնական նախասիրություններից ու ցանկություններից: Այդ պայքարի առանձնահատկությունն այն է, որ դրա վերջնարդյունքը նախատեսում է միաբևեռ աշխարհակարգի հաստատում, իսկ պարադոքսն էլ կայանում է նրանում, որ միաբևեռ աշխարհակարգի հաստատումն իր մեջ պարունակում է դրա տրոհման անխուսափելիության օբյեկտիվ նախադրյալները: Որևէ պետության կամ դաշինքի կողմից ՀՏՀ-ը դրան հնարավորություն է ընձեռում ապահովել սեփական կենսամակարդակի առավել բարձր աստիճանը, մնացյալ աշխարհի նյութական, ֆինանսական և մտավոր ռեսուրսների տնօրինումը և, որպես հետևանք նաև' իր արժեհամակարգի պարտադրումն այլոց: Բազմաբևեռ կամ երկբևեռ աշխարհակարգի վերափոխումը միաբևեռի և հակառակ գործընթացի իրարահաջորդությունը պայմանավորված է մարդու տնտեսական գործունեության հիմքում ընկած որոշ առանձնահատկություններով, որոնց այստեղ անդրադառնալը տեղին չէ, սակայն նշենք, որ այս աշխարհակարգային փոփոխությունների իրականացումը սովորաբար զուգորդվել է շատ նշանակալի մարդկային և նյութական կորուստներով: Ստացվում է, որ մի կողմից անխուսափելի է պայքարը հանուն ՀՏՀ-ի և միաբևեռ աշխարհի, իսկ մյուս կողմից միաբևեռականությունը ժամանակավոր երևույթ է և դրա հաստատումից հետո հարկ է սպասել բևեռի տրոհման և երկ կամ բազմաբևեռականության հաստատման: Սա է օրինաչափությունը: Արևմուտքին այս օրինաչափությունը խախտելու եզակի հնարավորություն ընձեռեցին երկրորդ աշխարհամարտի արդյունքները' ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-ԽՍՀՄ դաշինքի հաղթանակը Գերմանիայի ու դրա դաշնակիցների նկատմամբ և ԽՍՀՄ գլխավորությամբ սոցիալիստական երկրների ճամբարի ձևավորումը: Սա թույլ տվեց ձևավորել կեղծ երկբևեռականության աշխարհակարգը, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը: Այս երկբևեռականությունը կեղծ էր, քանի որ բևեռները կազմող պետությունների դաշինքները ՀՏՀ համար պայքարի նպատակն էին տարբեր կերպ ձևակերպել, ինչն անգլո-ամերիկյան դաշինքին  բացառիկ առիթ ընծայեց իր շուրջը համախմբել աշխարհի առավել զարգացած արևմտաեվրոպական պետություններին ու Ճապոնիան, այսինքն' անգամ իրենց նախկին թշնամիներին: Այս համախմբման հռչակված առանցքը' պայքարն էր ընդդեմ խորհրդային ծավալապաշտության: Օգտվելով այն հանգամանքից, որ ԽՍՀՄ-ը ՀՏՀ համար պայքարը տանում էր բացառապես գաղափարախոսական դաշտում և այստեղ հաջողության հասնելու համար վատնում էր հսկայական միջոցներ, անգլո-ամերիկյան դաշինքը բացարձակ առավելության հասավ տնտեսության ոլորտում, ապահովելով իր և իր դաշնակից պետությունների կենսամակարդակի կտրուկ, աննախադեպ աճը' դրանից բխող բոլոր առավելություններով: Սառը պատերազմը նախաձեռնելով անգլո-ամերիկյան դաշինքը կանխեց ՀՏՀ-ի համար մրցակցությունը արևմտյան տերությունների միջև և ապահովեց սեփական առաջատար դիրքը դաշնակիցների շրջանում: Նույն նպատակին ծառայեց նաև միջուկային զենքի պատրաստման տեխնոլոգիայի ,գաղտնիե  փոխանցումը ԽՍՀՄ-ին: Այդ միջոցով ձևավորվեց այսպես կոչված ,ոսկե միլիարդիե, այսինքն մոտ մեկ միլիարդ բնակիչ ունեցող աշխարհի առավել զարգացած պետությունների շրջանակը: ԽՍՀՄ-ի և իր դաշնակիցների ճամբարի գոյությունն ապահովեց անգլո-ամերիկյան դաշինքի հեգեմոնի դիրքերը ,ոսկե միլիարդիե շրջանակներում: ԽՍՀՄ-ի ապամոնտաժումն ու կործանումը լուրջ հարված հասցրեց այդ դիրքերին: Քանի կար ԽՍՀՄ-ը անգլո-ամերիկյան դաշինքը հիմքեր չուներ վախենալու, թե կկորցնի իր ազդեցությունը Եվրամիությունում և, հատկապես, դրա ֆրանկո-գերմանական միջուկի նկատմամբ: ԽՍՀՄ-ին հաջորդած նոր Ռուսաստանը' հրաժարվելով ՀՏՀ համար գաղափարախոսական պայքարից և կոմունիզմի դոկտրինից, փաստորեն, հայտ ներկայացրեց ,ոսկե միլիարդինե անդամակցելու համար: Ռուսաստանյան իշխող վերնախավի կարծիքով ՌԴ-ը կատարեց ,ոսկե միլիարդինե միանալու համար անհրաժեշտ կարևորագույն քայլերը.

  • փլուզեց ԽՍՀՄ-ը,
  • հրաժարվեց կոմունիզմի դոկտրինից,
  • դադարեց ռազմական սպառնալիք հանդիսանալ Արևմուտքի համար:

Անգլո-ամերիկյան դաշինքի ջանքերով այդ հայտը մերժվեց և ձևավորվեց Ռուսաստանն իր պոտենցիալ եվրոպական դաշնակիցներից անջրպետող պատվար' հանձինս Բալթյան երկրների, Լեհաստանի, Ուկրաինայի և Վրաստանի: Ռուսաստանի մուտքը ,ոսկե միլիարդիե ակումբ վտանգում է անգլո-ամերիկյան դիրքերը, քանի որ կարող է գայթակղություն առաջացնել ստեղծելու ռուս-ֆրանկո-գերմանական դաշինք, այսինքն հանգեցնի բևեռների առաջացմանը բուն ,ոսկե միլիարդիե շրջանակներում և պայթեցնի այն ներսից: Սա շատ լուրջ սպառնալիք է ոչ միայն ,ոսկե միլիարդիե շրջանակներում անգլո-ամերիկյան գերակայության համար, այլև հղի է երրորդ համաշխարհային պատերազմի սկսման վտանգով: Պարզ է, որ միջուկային զենքի աշխարհում այս սցենարը կործանարար կլինի: Հետևաբար, խնդիրը պիտի իր լուծումը ստանա այնպես, որ Ռուսաստանը ,ոսկե միլիարդիե շրջանակներից դուրս մնալով հանդերձ, ստանա իրեն բավարարող դերակատարություն և կշիռ աշխարհում, տեղի ունեցող գլոբար փոփոխությունների տնտեսական գործընթացների համատեքստում: Այս առումով շատ էական էր այն, որ ՌԴ-ի իշխող կուսակցության' ,Եդինայա Ռոսիայիե համագումարում ընդունվեց ՌԴ-ի գաղափարախոսական նոր' ռուսաստանյան պահպանողականության դոկտրինը, որը կարելի է համարել ՌԴ-ի կողմից ՀՏՀ համար պայքարից հրաժարվելու մասին հայտարարություն:

Մեր տպավորությամբ, ՌԴ-ի իշխող վերնախավի համար անգլո-ամերիկյան դաշինքի մերժողականությունը տհաճ անակնկալ դարձավ 90-ականների ընթացքում: Բ.Ելցինին հաջորդած Վ.Պուտինի և Դ.Մեդվեդևի վարչակազմերն անգլո-ամերիկյան այս մերժողականությունն ընկալեցին, թերևս, որպես իրողություն, որը ոչ այնքան խորքային վերլուծության կարիք ունի, որքան' հակազդեցության: Դրա հետևանքով վերջին տասնամյակի ՌԴ-ի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը դարձավ համապատասխանաբար ավելի ագրեսիվ ու ավտորիտար, իսկ դրա ամենավառ դրսևորումը եղավ ռուս-վրացական պատերազմը: Կարելի է ասել, որ անգլո-ամերիկյան դաշինքին հաջողվեց այնպես մոդելավորել աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքը, որ Ռուսաստանն ինքը, թերևս ակամայից, դարձավ նրանց դաշնակիցը' իր գործողություններով խրտնեցնելով եվրոպացիներին: Կարծում ենք, որ հենց այս համատեքստում պետք է դիտարկել նաև մոտեցումների այն զարմանալի զուգադիպությունը, որն այսօր դրսևորում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հայ-թուրքական մերձեցման և ԼՂ կարգավորման գործընթացներում: Ընդ որում, այսօր անգամ անզեն աչքով է տեսանելի այն, որ ԱՄՆ-ը հայկական հարցի արծարծման և հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման սպառնալիքի միջոցով ուղղակի հրահրում են Թուրքիայում հակաամերիկյան տրամադրություններ' խթանելով այդ երկրի իշխող վերնախավի կողմից, հանձինս Ռուսաստանի' նոր ռազմավարական գործընկեր ձեռք բերելու ձգտումը: Միաժամանակ, ԱՄՆ-ը, կարելի է ասել, հանգիստ դիտում է Թուրքիայում իր հենարանը հանդիսացող բարձրագույն զինվորականության հանդեպ ծավալված աննախադեպ հետապնդումները, որևէ կերպ չմիջամտելով գործերի ընթացքին: Կարելի է ասել, որ ԱՄՆ-ը ուղղակի հանձնեցին Թուրքիայում իրենց վստահելի ու անդավաճան հենարանը հանդիսացող զինվորականությանը քաղաքական հակառակորդների ձեռքը: Եթե գործընթացը նույն տրամաբանությամբ շարունակվի, ապա Թուրքիան էլ Ռուսաստանի պես վերջնականապես դուրս կմնա ,ոսկե միլիարդիե շրջանակներից, ինչը, բնականաբար կհանգեցնի ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի ստեղծմանը: Ի դեպ, անհրաժեշտ է ընդգծել, որ ռուսական նոր պահպանողականության դոկտրինը էապես ներազդված է ,եվրասիականությանե գաղափարաբանությունից, որը քարոզում է թյուրք-սլավոնական դաշինքի ստեղծման անհրաժեշտությունը: Այսինքն, այսօր արդեն առկա են ՌԴ-Թուրքիա դաշինքի ստեղծման փիլիսոփայական-գաղափարախոսական, տնտեսական (ռուս-թուրքական առևտրաշրջանառության աննախադեպ աճ) և աշխարհաքաղաքական (անգլոսաքսոնյան տարրի գերակայությունը Եվրամիության ներսում ապահովելու նպատակով արևելքից եկող վտանգների կազմավորման ու գործարկման անհրաժեշտություն) նախադրյալները: Մեծ հաշվով, այս դաշինքով կձևավորվի նորօրյա ,բարբարոսներիե աշխարհաքաղաքական գոտին, որը կոչված է լինելու մի կողմից' սարսափեցնելով արևմտաեվրոպացիներին, ապահովել անգլոամերիկյան  գերակայությունը ԵՄ-ում, մյուս կողմից' արևելքում հակակշռել Չինաստանի աճող հավակնությունները, միաժամանակ նաև տարանջատելով Եվրասիա մայրցամաքը երեք խոշոր հակոտնյա հատվածների: Այսօր, թերևս, Ռուսաստանի համար նախանշված է Եվրամիությունն ու Հարավ-Արևելյան Ասիան միմյանցից տարանջատող ,բարբարոսներիե աշխարհաքաղաքական ճամբարի առաջատարի դերը: Այս ճամբարում երկրորդ համարի դերին կարող է արժանիորեն հավակնել իսլամիզմը նախընտրած Թուրքիան: Այս ճամբարը, որը ընդգրկելու է Ռուսաստանը, Թուրքիան, Կենտրոնական Ասիայի պետությունները, առայժմ մասամբ Հարավային Կովկասը, Իրանը, Պակիստանը, արաբական աշխարհի զգալի մասը, շնորհիվ իր բացառիկ մշակութային, կրոնադավանաբանական, ազգային ու տնտեսական բազմերանգության և հակասականության, կլինի նաև մշտական անկայունության ու կոնֆլիկտայնության գոտի: Այսպիսի գոտու առկայությունը կոչված է ապահովել անգլո-ամերիկյան բացառիկ գերակայությունը ,ոսկե միլիարդիե, այդ թվում նաև Եվրամիության շրջանակներում, ինչն, իր հերթին, կապահովի նաև ԱՄՆ-Մեծ Բրիտանիա տանդեմի առաջնորդող դիրքերի պահպանումն աշխարհում:

Աշխարհաքաղաքական զարգացումների այսօրինակ հեռանկարը Հայաստանի համար պարունակում է ինչպես' լուրջ վտանգներ, այնպես էլ' որոշակի նոր հնարավորություններ: Այս նոր, հասունացող իրավիճակում կրկին էապես ակտիվացել է օտարների կողմից Հայկական հարցի (իմա' հայ-թուրքական հարաբերությունների) և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արծարծումն ու շահարկումը: Փորձ է արվում ուղղորդելու Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացրած Ցեղասպանության փաստի միջազգայնացմամբ և 1920-1922թթ. ռուս-ադրբեջանա-թուրքական դաշնության ջանքերով Հայաստանի մասնատման հետևանքները ,բարբարոսներիե գոտին ձևավորելու համար շատ հարմար գործիք դարձնելու միջոցով: Հայոց ցեղասպանության ճանաչումը հատկապես ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի կողմից շատ լուրջ և իրական սպառնալիք է Թուրքիայի համար թե՛ տարածքային ամբողջականության պահպանման, և թե՛ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդին հսկայական փոխհատուցում վճարելու անցանկալի հեռանկարի տեսանկյունից: Ադրբեջանի կազմում հայտնված հայկական տարածքների խնդիրը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հարցերը ռուս-ադրբեջանա-թուրքական դաշնության գործողությունների բնականոն և տրամաբանական արգասիքն են: Այդ դաշնության շնորհիվ բոլշևիկյան Ռուսաստանն իր իշխանությունը հաստատեց Հարավային Կովկասում և Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի միջոցով լուծեց ապագա ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի հարցը, կովկասյան թաթարները Թուրքիայի շնորհիվ իրենց սեփական իրական էթնիկ, տնտեսական և ռազմական ներուժին չհամապատասխանող տարածքի վրա պետականություն հիմնելու հնարավորություն ստացան, իսկ Թուրքիան նախադրյալներ ստեղծելով, հետագայում' առիթ ստանալու դեպքում, դեպի արևելք իր աշխարհաքաղաքական առաջխաղացումն ապահովելու և մնացյալ թյուրքական աշխարհի հետ անմիջական ցամաքային հաղորդակցությունն անարգել իրականացնելու համար նաև չեզոքացրեց  Հայաստանից  բխող վտանգը և իր ուժերը կենտրոնացնելով Արևմուտքում' վերատիրացավ Կիլիկիային ու  մի շարք այլ տարածքների: Ստիպված ենք ընդունել, որ Հայաստանի պետականությունը, հանձինս Խորհրդային Հայաստանի, պահպանվեց ռուսների ջանքերով և միայն մեկ նպատակով' թույլ չտալ, որ Թուրքիան իր երազած անմիջական ցամաքային կապը ունենա խորհրդայնացված թյուրքական աշխարհի' կովկասյան թաթարների և Կենտրոնական Ասիայի ու Ռուսաստանի կազմում գտնվող թյուրքական պետական ինքնավար  կազմավորումների հետ, քանզի ակնհայտ էր, որ ժամանակի ընթացքում դա կարող էր լուրջ սպառնալիք դառնալ ԽՍՀՄ գոյության համար: ԽՍՀՄ փլուզումից հետո 1918-1922թթ. իրողությունները վերակենդանացել են, իսկ գերտերությունների շահերը և դրանցից բխող նրանց գործողությունները միտված են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները սրելու միջոցով լուծելու աշխարհաքաղաքական գլոբալ խնդիրներ: Մենք պարտադրված ենք համակերպվել այն իրողության հետ, որ աշխարհի գերհզորների համար Հայաստանի հիմնական աշխարհաքաղաքական նշանակությունը կապված է Թուրքիան մնացյալ թյուրքական աշխարհից տարանջատելու և իր հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ չլուծված և անլուծելի թվացող ազգամիջյան և տարածքային խնդիրներ ունենալու հետ: Այս պայմաններում անգլո-ամերիկյան շահերից բխող ռուս-թուրքական նորօրյա դաշինքի ստեղծման գինը վերստին վճարվելու է ի հաշիվ հայկական շահերի' Հայաստանը և ԼՂՀ-ն պարտադրված կլինեն հանձնելու ազատագրված տարածքները և այս առումով որոշ գաղափարախոսական նախապատրաստումներ ՀՀ-ի և ԼՂՀ-ի պատասխանատուների կողմից արդեն իսկ նշմարվում են, կարելի է ասել, որ ռուս-թուրքական դաշնության ձևավորումը նաև կնշանակի, որ Ռուսաստանը վերջնականապես հրաժարվելով ,ոսկե միլիարդիե մասը դառնալու մտքից, փաստացի համաձայն է այն դերին, որն իր համար պատրաստում են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Իսրայելը:

Եթե ռուս-թուրքական դաշինքն ինչ-ինչ պատճառներով չկայանա,  ապա Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը շարունակելու է նվազել, ինչն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ներքին պայթյունի: Այն, որ Թուրքիայի զինվորական վերնախավն այսօր զրկված է նախկինում առկա արտաքին հզոր աջակցությունից' նույնպես դրան նպաստող հանգամանք է: Իրավիճակի տևական ապակայունացումը Թուրքիայում ևս ընդունելի տարբերակ է անգլո-ամերիկյան շահերի տեսանկյունից, միայն թե այն տարբերությամբ, որ անհրաժեշտ կլինի լրացուցիչ ջանքեր թափել Ռուսաստանի և ԵՄ ֆրանկո-գերմանական կորիզի մերձեցումը կանխելու համար: Դեպքերի այս զարգացումը ևս կարող է հանգեցնել տարածքային կորուստների ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում, քանզի կստիպի արդեն Ադրբեջանին մերձեցման ուղիներ փնտրել ՌԴ-ի հետ' ԼՂՀ կազմում գտնվող ազատագրված տարածքները ետ ստանալու դիմաց թույլ տալ Ռուսաստանի  բացառիկ ռազմավարական ներկայության վերականգնումը Ադրբեջանական Հանրապետությունում:

ԼՂՀ-ի կողմից տարածքների հանձնում է նախատեսում նաև Մինսկի խմբի կողմից առաջարկվող կարգավորման սցենարը, իսկ հայ-թուրքական արձանագրությունները կարելի է գնահատել որպես այդ սցենարի իրագործմանն օժանդակող լրացուցիչ կռվան: Այս սցենարն իր բոլոր  լրացուցիչ գործոններով, կարելի է որակել որպես կեղծ հնարք, որի հռչակված նպատակներն ու իրական հնարավոր հետևաքները բոլորովին կապ չունեն միմյանց հետ:

Ամեն դեպքում, վերը նկարագրված բոլոր տարբերակներում Հայաստանի և, լայն իմաստով, Հայկական հարցի աշխարհաքաղաքական դերն անփոփոխ է. դա Թուրքիան' թյուրքական աշխարհից տարանջատողի, Թուրքիայի ոխերիմ թշնամու ու, միաժամանակ, զոհի դերն է: Այսինքն, աշխարհի մասշտաբներում քաղաքականություն մշակող և իրականացնող բոլոր  կենտրոնները' ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Իսրայելը, մերձավորարևելյան ազդեցիկ որոշ տերությունները հայ-թուրքական հակամարտությունը մշտապես քաջալերել, խորացրել և իրենց շահերին են ծառայեցրել:

Հայկական հարցի առկայությունը և հայության հետ դիմակայությունը շատ լուրջ մարտահրավեր դարձավ թուրքական պետականության համար հատկապես 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած մինչև այսօր: Արդյունքում' Կոստանդնուպոլսից մինչև Բաքու ընկած հսկայական տարածքում ապրող ստվար հայությունից մնացել է հայաբնակ մի փոքրիկ սեպ, որը ներառում է Արցախի, Ջավախքի և Հայաստանի Հանրապետության բնակչությունը միայն, իսկ Հայկական հարցը մնում է միջազգային ուժերի համար Թուրքիայի վրա ճնշում գործադրելու կարևորագույն գործիքներից մեկը:

Մենք (նկատի ունենք Հայաստանը և Թուրքիան) գուցե վերջապես հասկանանք, որ քանի դեռ Հայաստանը պատրաստ չէ փոխել իր աշխարհաքաղաքական դերը, իսկ Թուրքիան հրաժարվում է ընկալել Հայաստանի առջև այդ դերի փոփոխության հետ կապված ռազմավարական խնդիրներն ու բավարարում պահանջվող շահերը, իրավիճակը չի փոխվի և, վերջնարդյունքում, կամ Թուրքիան է ընկղմվելու տևական խռովությունների ու քայքայման հոսանքի մեջ, կամ վերացման վտանգի առջև կկանգնի Հայոց պետականությունն ու հայ ժողովրդի գոյությունն' իր բնօրրանի այս վերջին հատվածում: Կարող ենք արձանագրել, որ առկա իրողությունները լավատեսության համար նվազագույն հիմքերն անգամ չեն պարունակում: Հայ-թուրքական հարաբերությունների որակը և բովանդակությունը կարող են փոխվել միայն մի դեպքում' եթե Թուրքիան և Հայաստանը գիտակցեն, որ հարաբերությունների առկա որակը ռազմավարական, երկարաժամկետ առումով գերագույն սպառնալիք է իրենց համար և նույնիսկ նրանցից մեկի կործանումը չի նշանակի, որ մյուսը դրանից ինչ-որ բան կշահի: Շահել կարող են միայն միասին ու համատեղ ջանքերով:

Որպես այդպիսի ջանքերի հնարավոր համադրման օրինակ ստորև ներկայացվում է մի տարբերակ, որի իրականացումը հիմնականում կախված լինելով Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի կամքից, կարող է լուծում տալ թե՛ հայ-թուրքական ավելի քան 100-ամյա դաժան դիմակայությանը և թե՛ ԼՂ հիմնախնդրին: Շատ կարևոր է նաև, որ այդ ծրագիրը կարող է իրականացվել ինչպես ռուսական շահերի, այնպես էլ այլ ուժային կենտրոնների շահերի համատեքստում: Առաջարկվող տարբերակը, հաշվի առնելով Հայաստանում և Թուրքիայում իշխող տրամադրությունները, առայժմ տեսական է, սակայն հաշվի առնելով դրանում կողմերի համար պարունակվող կարևորագույն առավելությունները, չենք բացառում նաև, որ դրա միջազգային քննարկումը կարող է խթան հանդիսանալ նաև այն գործնականում իրականացնելու համար: Դրա կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ.

1.Թուրքիայի պարագայում - վերացնում է թյուրքական աշխարհի հետ անմիջական ցամաքային կապ ունենալու խոչընդոտը, փակում է Հայոց Ցեղասպանության բարոյական և իրավական հետևանքները, ինչպես նաև Ցեղասպանության փաստը' որպես Թուրքիայի դեմ գերտերությունների կողմից օգտագործվող գործիքի կիրառման հնարավորությունը, էապես նվազեցնում է Սփյուռքի և Հայաստանի հայության թշնամանքն ու անվստահությունը Թուրքիայի հանդեպ,

2.Ադրբեջանի պարագայում - վերացնում է իր մերձավորագույն դաշնակից Թուրքիայի հետ անմիջական ցամաքային հաղորդակցության խոչընդոտը, հնարավորություն է ընձեռում մասնակիորեն վերադարձնել ԼՂ հակամարտության ընթացքում կորցրած տարածքները, մասնավորապես, մերձարաքսյան շրջանում և իրականացնել այդ տարածքների վերաբնակեցումը, նախադրյալներ է ստեղծում հայ-ադրբեջանական իրական հաշտեցման համար,

3.Հայաստանի պարագայում - վերացնում է երբևէ շրջափակման մեջ հայտնվելու վտանգը, Թուրքիայում և Ադրբեջանում ցեղասպանության ենթարկվածներին ու նրանց ժառանգներին' իրենց կրած նյութական և բարոյական վնասների մասնակի փոխհատուցում ստանալու հնարավորություն ընձեռում: Հայաստանն ինքնաբերաբար դառնում է տարածաշրջանի տարանցիկ երկրներից մեկը:

Կողմերի մոտ այդպիսի ցանկության առկայության դեպքում Թուրքիան և Ադրբեջանը ու, համապատասխանաբար, Հայաստանն ու ԼՂՀ-ն կարող են միավորվել մեկ պետության մեջ' կամ' ստեղծել ֆեդերատիվ, կամ' կոնֆեդերատիվ կառուցվածք ունեցող պետական միավորումներ: Պատմամշակութային ժառանգության հետ կապված խնդիրները քաղաքական, տարածքային վեճերի չվերածելու նպատակով այդ կազմավորումների տարածքը կարող է հռչակվել որպես հայ-թուրքական կամ հայ-իսլամական պատմամշակութային ժառանգության ընդհանուր տարածք:

Դեպքերի նման զարգացման հիմքում պետք է դրված լինի կողմերի համար բացառիկ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքային փոխանակումը, որի պարագայում Հայաստանն ու ԼՂՀ-ն Թուրքիային և Ադրբեջանին են փոխանցում համապատասխանաբար' Մեղրիի շրջանն ու մերձարաքսյան ազատագրված տարածքները' զրկվելով Իրանի հետ ընդհանուր սահմանից, իսկ փոխարենը' Թուրքիան Հայաստանին  է փոխանցում միջինը 50-60 կմ լայնությամբ մի միջանցք' ելքով դեպի Սև ծով, ինչի շնորհիվ Հայաստանը ոչ միայն կարող է չվախենալ ցամաքային շրջափակումից, այլև իր տարածքում կունենա նավթամուղ և Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը: Այս ծրագրին սատարող համաշխարհային ուժային կենտրոնը նույնպես կստանա նոր, բացառիկ հնարավորություններ ներազդելու աշխարհաքաղաքական գործընթացների վրա ողջ Եվրասիայում և իր ՀՏՀ պահպանումը կամ հաստատումն ապահովելու համար: Ավելին' այս տարբերակը նաև հնարավություն է ընձեռում ուժային երկու կենտրոնների  երկարաժամկետ համագործակցության համար: 

Հ.Գ. -Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ-ի համար այս տարբերակը, բացի վերը թվարկածներից, պարունակում է նաև մի շարք այլ' ռազմավարական բնույթ ունեցող առավելություններ, սակայն այս ամենն իրականություն դարձնելու համար մեր հասարակությունները պետք է կարողանան հաղթահարլ ներկայիս բացառիկ եսակենտրոնությունը և նախապատվությունը տան ռազմավարական ու երկարաժամկետ փոխշահավետ լուծումներին:

 Հ.Հ.Գ.-Միջուկային զենքի առկայությունը ժամանակակից աշխարհում միջպետական վեճերը լուծելու և տնտեսական մրցակցության մեջ հաղթելու նոր մարտավարություն և ռազմավարություն է պարտադրում անգամ գերտերություններին: Միջուկային զենք ունեցող պետության (օրինակ' Իրանի) դեմ ուժի կիրառումը խիստ անհավանական է: Սա նշանակում է, որ այդպիսի պետության դեմ հաղթանակ տանելը հնարավոր է կամ' խիստ տնտեսական պատժամիջոցների կիրառման միջոցով (ինչի արդյունավետությունը, սովորաբար, ցածր է), կամ էլ' դրանում առկա ներքին ռեսուրսների օգտագործմամբ պետական կառավարման համակարգի աշխատանքի կազմալուծման և տապալման միջոցով:

Արման Մելիքյան

[email protected]

Այս խորագրի վերջին նյութերը