Լրահոս

30.03.2010 12:45


«Ի՞նչ փոխզիջումից եք խոսում, ի՞նչ ունեք տալու»

«Ի՞նչ փոխզիջումից եք խոսում, ի՞նչ ունեք տալու»

Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սխալ է համարում Արցախի հարցում այս փուլում փոխզիջումների մասին խոսելը, քանի որ համոզված է, որ այդ հայտարարությունները հակառակորդին վերին աստիճանի լկտիացնում են, իսկ մեզ՝ նվաստացնում։

-Այս փուլում խոսել փոխզիջումների մասին՝ իմաստ չունի, քանի որ մեր հակառակորդը՝ Ադրբեջանը, որևիցե փոխզիջումից չի խոսում։ Նա խոսում է՝ այսօ՛ր, անմիջապե՛ս ու ամբողջովի՛ն վերադարձնելու մասին։ Նման դեպքում, երբ որ բանակցող մյուս կողմը նման կերպ է ձևակերպում, ինչքա՜ն էլ ուզում ենք մենք ասենք՝ փոխզիջում, պայմանագիր ստորագրել պատերազմի չվերսկսման մասին, ուղղակի անիմաստ է։ Մենք դրանով դրդում ենք ճիշտ հակառակին՝  նոր զարգացումների։ Ես սխալ եմ համարում, ընդհանրապես, այս փուլում խոսել փոխզիջումներից կամ ինչ-որ տարածքներ հետ տալուց, քանի դեռ Ադրբեջանը չի խոսել փոխզիջումների մասին,-«Սլաք» մամուլի ակումբում ասել է Ս. Բաբայանը։

-Այդ հակառակորդն ինքն այդքան չկա, որ մենք այդքան նվաստանում ենք։ Պետք է հստակ ձևակերպենք։ Չի՞ ուզում. խնդրեմ, երբ որ խելքի կգա, այն ժամանակ էլ կգա, կբանակցի,-նշել է նա։-Մենք շատ ենք նվաստանում ու լկտիացնում ենք հակառակորդին։ Ամեն քայլափոխի, ամեն մի հայտարություն, կլինի քաղաքական գործիչ, թե վերլուծաբան, թե ինչ՝ փոխզիջում, փոխզիջում... ի՞նչ փոխզիջումից եք խոսում, ի՞նչ ունեք տալու։ Մարդն ամբողջովին է ուզում, ասում է՝ ոչ մի փոխզիջում, ամբողջն ենք ուզում, իսկ մենք խոսում ենք փոխզիջումից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը